Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրացուցակային մանիպուլյացիաներ

Ապրիլ 30,2009 00:00

Ընտրողների եւ ընտրատեղամասերի թիվը պակասելու փոխարեն ավելանում է

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի 10-րդ կետը սահմանելիս, որն, ի դեպ, ընտրական իրավունքի տեսանկյունից վիճահարույց են համարում Հայ ազգային կոնգրեսն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հղում էր արել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածին, որի 1-ին պարբերությամբ սահմանված է. «Ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչեւ 15 օր առաջ՝ նաեւ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ԿԸՀ-ի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա»: ՀԱԿ-ն ու ԺԿ-ն սա համարում են հակաօրինական եւ հակասահմանադրական եւ վիճարկում են այս դրույթը մեկը՝ ՍԴ-ում, մյուսը՝ Վարչական դատարանում, պնդելով, որ դա հնարավորություն է տալիս Երեւանում հաշվառում չունեցող ՀՀ որեւէ քաղաքացու կամ օտարերկրացու քվեարկությունից օրեր առաջ հաշվառվել որեւէ համայնքում եւ քվեարկելու իրավունք ստանալ: Ե՛վ ՀԱԿ ներկայացուցիչները, ե՛ւ Տիգրան Կարապետիչը համոզված են, որ իշխանությունները դրանով փորձում են ուռճացնել ընտրացուցակները՝ առաջիկա ընտրությունները կեղծելու եւ չհաշվառված մարդկանց քվեարկությունը վերահսկողության տակ առնելու համար:

ԿԸՀ-ում ՀԱԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ԿԸՀ կողմից սահմանված ժամանակացույցի 10-րդ կետը եւ ԸՕ հիշյալ դրույթը հակասում են ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլեւ նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի պահանջներին, ըստ որի, ՏԻՄ՝ այդ թվում Երեւանի ավագանու, ընտրություններին մասնակցելու համար ընտրողը պետք է համայնքում, կոնկրետ դեպքում՝ Երեւանում, առնվազն մեկ տարվա հաշվառում եւ փաստացի բնակություն ունենա: ՀԱԿ-ը հայտարարում է նաեւ Երեւանում ընտրացուցակներում 2008թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ արդեն 11 հազարով ավելի շատ ընտրողների ներգրավման մասին: Այս հայտարարությունը, ըստ Պ. Հովակիմյանի, հիմնված է պաշտոնական տվյալների վրա. «Մենք հրապարակում ենք ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից մեր գրավոր դիմումին ի պատասխան ընտրացուցակներում ներգրավված մարդկանց վերաբերյալ ստացած տվյալների եւ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Երեւանում ընտրացուցակներում ընդգրկվածների թվի համեմատության արդյունքը: Առաջին դեպքում ընտրացուցակներում մենք հայտնաբերեցինք 8000 ավելի ընտրողների փաստը: Մեր երկրորդ դիմումի պատասխանը, որը ստացել ենք ապրիլի 28-ին, եւ որտեղ ընտրողների ցուցակները ներկայացված էին ըստ ընտրական տեղամասերի, տեսանք, որ այդ թիվն ավելացել է եւս 3 հազարով: Այսինքն՝ Երեւանում ընտրողների թիվն այսօր ավելացել է 11 հազարով»: Ի դեպ, լիազոր մարմնի պատասխանատուն ՀԱԿ-ի ներկայացուցչին բանավոր պարզաբանում էր տվել միայն այս վերջին՝ 3000 հոգու վերաբերյալ: Ըստ այդմ, այդ 3000-ից ավելի քան հազարը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ մյուս մասը՝ փախստականներ: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ-ում փախստականները փոխանակ ՀՀ քաղաքացիություն ստանան ու պակասեն, դեռ մի բան էլ ավելացել են: Այս բացատրությունը Պ. Հովակիմյանը տրամաբանական չհամարեց երկու պատճառով: Նախ՝ նա չբացառեց, որ այդ ցուցակում ներառվել են, ըստ ամենայնի, այն փախստականները, որոնք բնակվում են տարբեր բնակավայրերում՝ նույնիսկ ՀՀ-ից դուրս: Բացի այդ, ի տարբերություն ՀՀ նախագահական ընտրությունների, երբ ընտրացուցակներում ներգրավված էին նաեւ բանակի զինծառայողներ, ապա Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը ընտրացուցակներում նրանց հաշվին պետք է դեռ զգալիորեն պակասեր, որովհետեւ ՏԻՄ ընտրություններին նրանց մասնակցությունն օրենքով է արգելված: Բայց ընտրացուցակներում ոչ միայն ընտրողների թիվը չի պակասել, այլեւ տեղի է ունեցել հակառակը, թերեւս, այն պատճառով, որ ե՛ւ զինծառայողներն են շարունակում մնալ ընտրացուցակներում, ե՛ւ դրանց ավելացել են փախստականները:

Ասվեց, որ լիազոր մարմնի կողմից ստացված պաշտոնական պատասխանում ընտրողների թիվը ներկայացված է ըստ ընտրատեղամասերի: Արդյոք այդ ցուցակների ավելացումը համամասնորե՞ն է՝ ըստ տեղամասերի, թե՞ կան տեղամասեր, որտեղ այդ «հավելագրումները» արտառոց չափերի են հասնում կամ կասկածելի են: Ի պատասխան մեր այս հարցին, Պ. Հովակիմյանն ասաց. «Տեղամասերի թիվը նախագահական ընտրությունների համեմատությամբ ընդհանուր առմամբ պակասել է, եւ դա բնական է: Բայց կան առանձին ընտրատարածքներ, որտեղ դրանց թիվն ավելացել է: Օրինակ, 3-րդ գյուղում՝ Սիլիկյան թաղամասում, եթե նախագահական ընտրությունների ժամանակ գործել է ընդամենը երկու տեղամաս, այժմ բացված է 3-րդ տեղամասը»:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ յուրաքանչյուր տեղամասում ընտրողների թիվը չպետք է գերազանցի 2000-ը, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում ընտրողների թիվն այդ ընտրատարածքում այնքան է ավելացել, որ կա 3-րդ ընտրական տեղամաս բացելու անհրաժեշտություն:

Այս հարցին ՀԱԿ-ը դեռ կանդրադառնա: Իսկ այսօր տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ ՀԱԿ-ը միջազգային կառույցներին արդեն իսկ մի ամբողջ փաթեթ է ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել