Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Եվ խորհրդարանական ընկերները, հավանաբար, կընդունեն այդ առաջարկը

ՀՀԿ գործադիր մարմինը նախորդ օրը երեկոյան նիստ էր գումարել, որի ժամանակ որոշում էր կայացվել, որ կոալիցիոն նախկին գործընկեր Դաշնակցությանը պետք է առաջարկել պահպանել տեղերը խորհրդարանում, բացի ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Այդ մասին առաջարկը երեկ հնչեցրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ունեցել է նախադեպեր, երբ հանձնաժողովների նախագահի պաշտոնները զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ: Մենք անգամ այդ հնարավորությունը 2008-ի հոկտեմբերին ամրագրեցինք ԱԺ կանոնակարգ-օրենքում՝ սահմանելով համապատասխան բանաձեւ, որը հնարավորություն է տալիս նաեւ ընդդիմադիր խմբակցություններին զբաղեցնել հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոններ: Ճիշտ է, այս փոփոխությունը գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի համար, սակայն այսօր քաղաքական կոալիցիան կոչ է անում ՀՅԴ-ին, լինելով ընդդիմություն, ետ վերցնել հանձնաժողովի նախագահներ Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին դիմումները: Որոշողը Դաշնակցությունն է»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ի պատասխան՝ հայտարարեց. «Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ նախագահին եւ քաղաքական կոալիցիային այդ առաջարկների համար, սա իսկապես մեր ընթացող ռեֆորմների շրջանակի մեջ է: Մենք կքննարկենք եւ պատասխանը կներկայացնենք ԱԺ նախագահին»: Պարզ է, որ քննարկում ասվածը խիստ ձեւական է լինելու:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի պատասխանները լրագրողներին վկայում էին, որ Դաշնակցությունը ընդունելու է առաջարկը: Հիշեցնելով, որ ժամանակին իրենք կռիվ էին տալիս, որ խորհրդարանում պաշտոններ տրվեն նաեւ ընդդիմադիր «Ժառանգությանը», Արմեն Ռուստամյանը նկատեց. «Սա ոչ թե իշխանությունների հետ նոր համագործակցության խնդիր է դնում, այլ շատ բնական դաշտ է ստեղծում, որ քաղաքական մարմինը լիարժեք գործի, բոլոր տարաձայնությունները, որոնք կան հասարակության մեջ, եթե դրանք չեն արտահայտվում ԱԺ-ում քաղաքակիրթ ձեւով, ԱԺ-ն իր դերը կորցնում է: Մինչդեռ, ինչ որ ժողովրդին հուզում է, պետք է ԱԺ-ում դրսեւորվի, իսկ դրա համար ընդդիմությունը պետք է ունենա հնարավորություններ»:

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանին «Առավոտը» հարցրեց՝ որքանո՞վ է այս առաջարկը ազնիվ «Ժառանգության» հանդեպ, չէ՞ որ մինչեւ վերջերս միակ ընդդիմադիր այս խմբակցությունը խորհրդարան գալու առաջին իսկ օրերից պահանջում էր, որ ընդդիմությանը խորհրդարանում պաշտոններ տրվեն. «Մենք օրենքում փոփոխություններ մտցրեցինք, այնուհետեւ առաջարկեցինք «Ժառանգությանը» հանձնաժողովի նախագահի թափուր տեղը, բայց «Ժառանգությունը» հրաժարվեց, իսկ հիմա, կարծում եմ, ԱԺ նախագահի առաջարկը միանգամայն բարոյականության շրջանակներում է»: Գագիկ Մելիքյանը վստահ է, որ իրենց առաջարկը Դաշնակցությունը կընդունի: Նրա հետ համաձայն չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը. «Այսպիսի երկակի ստանդարտները, որի համար շատ անգամ իշխանությունները դատապարտում են միջազգային կազմակերպություններին, ցույց են տալիս, որ դրանք վերին աստիճանի մարդկային բնույթ են կրում, եւ անսկզբունքայնության, քաղաքական կամ քաղաքագիտական մակարդակը ցույց է տալիս, որ մենք իրականում քաղաքացիական հասարակություն դառնալու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»: «Առավոտը» ուզեց ճշտել՝ փաստորեն, եթե Դաշնակցությունը ընդունի առաջարկը, կդրսեւորի անսկզբունքայնությո՞ւն: Տիկին Ալավերդյանը ճշտեց. «Ես կոալիցիայի մնացած անդամների, տվյալ դեպքում՝ այսօրվա հայտարարությունը կազմողների մասին էի խոսում, ինչ վերաբերում է Դաշնակցությանը, կարծում եմ՝ իրենք չեն ընդունելու առաջարկը: Գտնում եմ, որ Դաշնակցությունը, վերջապես, արդարացրել է այն սկզբունքը, որ կրում է իր ծագման օրից, դուրս գալով կոալիցիայից: Եվ համոզված եմ, որ հիմա չեն համաձայնի այդ առաջարկին»: Տիկին Ալավերդյանը նկատեց նաեւ. «Բայց եթե համաձայնեն, դա կդիտվի օրենքի խախտում. որովհետեւ օրենքը, որին հղում արեց ԱԺ նախագահը, գործելու է եկող գումարման խորհրդարանում, եւ կդիտվի նաեւ ոչ կոլեգիալ մշակույթի դրսեւորում, որովհետեւ կա «Ժառանգություն», որը հստակ ձեւակերպել է իր մոտեցումը»: Տիկին Ալավերդյանը, հիշեցնելով ժամանակին Գալուստ Սահակյանի միտքը՝ «Ուզում եք ընտրվել, եկեք մեզ միացեք», առաջարկեց հետեւություններ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել