ԼՂՀ Ազգային ժողովում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արպատ Ավանեսյանը մտահոգություն է արտահայտել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի որոշ կետերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ղարաբաղին: Ըստ «Հետքի»՝ ի պատասխան, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը կարծիք է հայտնել, թե այդ փաստաթուղթն արդեն ինչ-որ իմաստով հնացած է: Նաեւ հավելել է. «Ցանկացած ժողովուրդ, երբ պետություն է ստեղծում, առաջնորդվում է պետության եւ իր ժողովրդի շահերով: Այդ տեսակետից, իհարկե, կարեւոր է, թե ինչ է գրվել Հայաստանում: Բայց շատ ավելի կարեւոր է՝ ինչ ենք անելու եւ ասելու մենք»:
Մեկնաբանելով մայիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնության ձեռքբերման հնարավորությունը՝ Գեորգի Պետրոսյանը նշել է, թե Ղարաբաղը որպես կողմ պետք է մասնակցի բանակցություններին, որ ներկայացնի սեփական առաջարկները, պահանջները։ Հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղը չի ենթարկվելու որեւէ ընդունված փաստաթղթի:
ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանն էլ անդրադառնալով հայ-թուրքական շփումներին՝ հայտարարել է. «Իհարկե, մեզ մտահոգում է Արցախի հարցը, բայց մենք Արցախի հիմնախնդիրը միշտ ընկալել ենք որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս: Եվ այդ մասերից մեկը վտանգելով՝ մենք Հայ դատի գաղափարն ենք վտանգում, իսկ դրանից հետո խոսում ազգային գաղափարախոսության մասին»: Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների դիվանագիտական խորհրդապահության մասին՝ նա նկատել է, թե միայն հայկական կողմն է դա պահպանում, եւ բոլոր տեղեկությունները ստացվում են թուրքական ու ադրբեջանական մամուլից: Ժաննա Գալստյանը ԼՂՀ արտգործնախարարին հորդորել է խոսել իր հայաստանցի գործընկերոջ հետ եւ ասել՝ «Անցել է այն ժամանակը, որ պետք է տեղի տան այդ դիվանագիտական խաղերին»: Նա նաեւ հայտնել է, թե հնարավոր է, որ ՀՀ արտգործնախարարին հրավիրեն ԼՂՀ ԱԺ, եւ Գեորգի Պետրոսյանին խորհուրդ է տվել զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, որ «հաջորդ անգամ կարողանա ավելի լիարժեք պատասխաններ տալ»: