Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ դատարանում «կինո» էին նայում

Ապրիլ 30,2009 00:00

Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով հրապարակված ապացույցներում՝ «Մարտի 1»-ին վերաբերող տեսասկավառակներում, ամբաստանվողներին վերաբերող ոչինչ չկար:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննությունը: «Tert.am»-ի մատուցմամբ, նիստի ժամանակ Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով, որ իր պաշտպանյալի գործում թույլ չտրվի օգտագործել մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում դեպքի վայրի զննության արձանագրությունները։ Պաշտպանը նշել է, որ մինչեւ այդ օրը իրականացված զննումները կատարվել են օրենսդրության խախտումներով՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալի գործում առկա ընթերակաների անունները, հակառակ օրենքի պահանջի, կրկնվում են տարբեր քրգործերում։

Սակայն դատավորը որոշել է այդ միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչեւ ապացույցների բազմակողմանի հետազոտումը։ Ապա շարունակվել է գործում առկա փաստաթղթային ապացույցների հետազոտումը: Ուսումնասիրվել են մասնավորապես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած իրադարձություններն արտացոլող երեք տեսաերիզներ, որոնցից առաջինում հստակ երեւացել է, թե ինչպես են այդ օրը կեսօրին ոստիկանները սկսում ծեծել խաղաղ ցուցարարներին։ Այնուհետեւ երեւում է, թե ինչպես են մարդիկ հավաքվում Մյասնիկյանի արձանի մոտ, ինչը կազմակերպված բնույթ չի կրում։ Զննվող առաջին սկավառակում բացակայում էր որեւէ բան, որը կապացուցեր քաղբանտարկյալների մեղավոր լինելը, քանի որ այս սկավառակում նրանք ոչ մի տեղ չէին երեւում: Ընդ որում, երբ միացվել է առաջին տեսասկավառակը, համապատասխան նյութի փոխարեն էկրանին մի քանի վայրկյանով հայտնվել են պարող մերկ աղջիկներ, ինչն առաջացրել է դահլիճում ներկաների ծիծաղը։

Երկրորդում, ըստ «hetq.am»-ի, պատկերված է եղել հրապարակ մտցված ռազմական տեխնիկան: Երրորդում հանրահավաքը վարողների կողմից հնչում էին հանգստություն պահպանելու հորդորներ: Մյուսում հարթակում կանգնածները ցուցարարներին խորհուրդ էին տալիս «ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար» ձեռքի տակ «ինչ-որ բաներ ունենալ» եւ այլն:

Եվ վերջում դիտվեց փետրվար ամսին անցկացրած երթերից մեկի ժամանակ արված որոշ տեսագրություններ, որտեղ ոստիկանության աշխատակիցը բարձրախոսով ժողովրդին ցրվելու կոչ էր անում՝ շեշտելով, որ երթն արտոնված չէ: Երեկ դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային ժամի ավարտի պատճառով: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել