Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆԱԻՐԻՏԻՆ» ԳՈՎԵՐԳԵՑԻՆ

Ապրիլ 29,2009 00:00

«Նաիրիտ» գործարանի արտադրական ներկա կարողություններին եւ զարգացման հնարավորություններին ծանոթանալու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է գործարան: Վարչապետը նշել է, որ ներկայումս առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես՝ մինչեւ տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության կազմակերպումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ եթե «Նաիրիտը» աշխատի մշակված զարգացման ծրագրին համապատասխան եւ իր ամբողջ հզորությամբ, ապա կնպաստի տասնյակ ձեռնարկությունների արագ գործարկմանն ու հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը: «Նաիրիտի» հիմնախնդիրների թվում վարչապետը կարեւորել է նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովումը:

Իր խոսքում Տ. Սարգսյանը ասել է. «Սա կառուցվածքաստեղծ գործարան է, նրա աշխատանքը մեծ թափ է հաղորդում քիմիական արդյունաբերությանը, որովհետեւ «Նաիրիտի» հետ միասին զարգանում է գիտությունը, մենք կարողանում ենք նոր տեխնոլոգիաներ ներդնել, նոր արտադրություններ կազմակերպել, տարբեր տիպի ձեռնարկություններ կարող են ստեղծվել: Ընդհանրապես, քիմիական արդյունաբերությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի համար, իսկ առանց «Նաիրիտի»՝ քիմիական արդյունաբերության մեջ չենք կարող բեկումային ծրագրեր իրականացնել»:

Հիշեցնենք, որ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով, «Նաիրիտը» դադարեցրել էր իր գործունեությունը, որի հետեւանքով պարապուրդի էին մատնվել գործարանի 1500 աշխատակիցներ: Այս տարվա մարտի 1-ին՝ վերագործարկումից հետո, հարկադիր պարապուրդից աշխատանքի է անցել մոտ 800-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել