Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խռմփոցը վնասակար է սրտին

Ապրիլ 29,2009 00:00

\"\"Այն սահմանափակում է օդի անցումը թոքեր

Ձանձրացնող է, առողջության համար վնասակար եւ, ինչպես վկայում է համաշխարհային դատական վիճակագրությունը, լրջորեն ազդում է ամուսնական կյանքի ամրության վրա: Խոսքս ոչ թե խանդի մասին է, այլ սովորական խռմփոցի: Շատ կանայք հուսահատության մեջ են ընկնում ամենօրյա գիշերային աղմուկից, չեն կարողանում լիարժեք հանգստանալ ու, ի վերջո, փրկությունը գտնում են ամուսնալուծության մեջ:

Ֆիզիոլոգ Կարեն Ասատրյանը խռմփոցը բնութագրում է հետեւյալ կերպ. «Դա քնի ժամանակ արձակվող ձայն է, որն առաջանում է ցածր քիմքի շարժումներից, գլխավորապես քթով շնչելու դեպքում: Սակայն խռմփացնելու դեմ միակ միջոցը բռունցքով ամուսնու կողքին հրելը չէ: Բժիշկները եւ հետազոտողները տասնյակ տարիներ փորձում են գտնել այլ ելք: Չէ՞ որ եթե մարդը չքնի խորը եւ հանգիստ քնով, կվատանա նրա առողջական վիճակը եւ ինքնազգացողությունը»:

1956թ. վիեննացի պրոֆեսոր Հերման Քնաուսը ապացուցել է, որ խռմփոցին ոչ մի մարդ չի կարող վարժվել լսողության գոտում: Այդ ձայնը թափանցում է դռների միջով, տանջում տան անդամներին: Ի լրումն ամենի՝ խռմփոցը կարող է սպանել ողջ սերը եւ համակրանքը խռմփացնողի նկատմամբ: Այս գործոնը քիչ կարեւոր չէ, չնայած չի համարվում ամենաէականը: Զգալիորեն շատ են անհանգստացնում վիեննացի պրոֆեսորի հետագա պնդումները. «Խռմփոցը սպառնալիք է սրտի համար, հատկապես ոչ այնքան ամուր կամ արդեն հիվանդ, որովհետեւ այն սահմանափակում է օդի անցումը թոքեր: Դա հանգեցնում է թթվածնային քաղցի»:

Վերջին տասնամյակներում նախագծվել են խռմփոցը կանխող բազմաթիվ գործիքներ: Դրանցից մեկը, որն առաջարկել է պրոֆեսոր Քնաուսը, կոչվում է «silenta» (լռություն): Այն ծնոտը պահում է ներքեւից եւ փակում քնածի բերանը ամբողջ գիշեր:

Խռմփոցի դեմ առավել յուրատեսակ գործիք է առաջարկվել նաեւ 1972-ին: Սա «հակախռմփոցային» գիշերային շապիկ է, որը նախքան հագնելը պետք է լողափի ներքնակի նման փչել: Ամբողջ գաղտնիքն այն է, որ օդը, լցվելով շապիկի միայն հետեւի մասում, մեջքի վրա պառկելն անհնար է դառնում: Ինչպես հայտնի է, հենց մեջքի վրա պառկած մարդն է խռմփացնում ու արթնացնում շրջապատին:

Ըստ ֆիզիոլոգ Կարեն Ասատրյանի՝ աշխատեք միշտ քնել կողքի վրա եւ խուսափեք ալկոհոլից, քանի որ նույնիսկ երկու ըմպանակից հետո խռմփոցն ուժեղանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել