Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլոր հարցերի պատասխանն՝ այսօր

Ապրիլ 29,2009 00:00

Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերները եզրափակիչ՝ 13-րդ տուրում վերջնական պատասխան կտան, թե մրցաշարային աղյուսակում ով ինչ տեղ կզբաղեցնի:

Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում ծավալված շախմատային ճակատամարտն, իսկապես, իր լարվածությամբ աննախադեպ է եւ մրցաշարի ավարտին հասել է գագաթնակետին: Դա, հասկանալի է, դուր է գալիս մարզաձեւի սիրահարներին: Իսկ հայաստանցիների համար, թերեւս, ամենահետաքրքիրն է, քանի որ նախավերջին տուրից հետո հաղթողի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարում են մեր հանրապետության ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու հունգարացի Պետեր Լեկոն, որն իր անձնական կյանքը վաղուց ի վեր կապել է հայուհու հետ ու կիսով չափ «մերոնքական» է:

Երեկ կայացած 12-րդ տուրում մինչ այդ միանձնյա առաջատար Արոնյանը սեւերով միավորը բաժանեց ամերիկացի Գատա Կամսկու հետ, սպիտակներով հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը խաղաղությամբ հրաժեշտ տվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Ոչ-ոքի ավարտվեցին Եվգենի Ալեքսեեւ-Վասիլի Իվանչուկ եւ Շախրիյար Մամեդյարով-Պավել Էլյանով պարտիաները:

Դրա փոխարեն օլիմպիական չեմպիոն, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի սանը՝ Պետեր Լեկոն, շարունակելով վերելքով հանդես գալ, պարտության մատնեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովին (Ուզբեկստան) եւ վաստակած միավորների քանակով՝ 7,5, հավասարվեց Լեւոնին ու նոր հետաքրքրություն հաղորդեց մրցաշարին:

Այսօր կայանալիք 13-րդ տուրում բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանը եւ առաջին հերթին առաջատարների՝ Լեւոն Արոնյանի եւ Պետեր Լեկոյի միջեւ անձնական մրցապայքարում: 3-5-րդ տեղերը բաժանող Վլադիմիր Հակոբյանը հանդիպելու է Պավել Էլյանովի հետ: Մյուս զույգերը կազմել են Էտյեն Բակրոն ու Եվգենի Ալեքսեեւը, Պյոտր Սվիդլերն ու Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդն ու Սերգեյ Կարյակինը, Ռուստամ Կասիմջանովն ու Շախրիյար Մամեդյարովը, Վասիլի Իվանչուկն ու Գատա Կամսկին:

Իսկ մրցաշարի «Grand Prix»-ի ավարտական տուրից առաջ գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ՝

1. Լեւոն Արոնյան 7,5 միավոր

2. Պետեր Լեկո 7,5

3. Վլադիմիր Հակոբյան 6,5

4. Եվգենի Ալեքսեեւ 6,5

5. Ալեքսանդր Գրիշչուկ 6,5

6. Էտյեն Բակրո 6,0

7. Սերգեյ Կարյակին 6,0

8. Բորիս Գելֆանդ 5,5

9. Գատա Կամսկի 5,5

10. Շախրիյար Մամեդյարով 5,5

11. Պյոտր Սվիդլեր 5,5

12. Պավել Էլյանով 5,5

13. Վասիլի Իվանչուկ 5,0

14. Ռուստամ Կասիմջանով 5,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել