Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարոյահոգեբանական ճգնաժամի հետեւանքները

Ապրիլ 29,2009 00:00

Մտավորականները կոչ են անում կյանքից հեռացած մեծերին չխառնել անձնական վեճերի մեջ

«Առավոտի» ապրիլի 21-ի համարում տպագրված «Դավոյանը՝ Սարոյանի մասին» հոդվածին, որը վերաբերում էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հուշագրությանը, երկու օր անց հետեւեց «Անպատկառությանդ չափ ու սահման դիր, տո՛» հոդվածը՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի արձագանքով: Վերջինս պնդում էր, որ իր հայրը՝ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանն ու Վիլյամ Սարոյանը մտերմագույն ընկերներ են եղել, մինչդեռ Ռ. Դավոյանը անհարկի արտահայտություններ է անում նրանց հարաբերությունների վերաբերյալ՝ սեփական կենսագրությունը հորինելու համար:

Այժմ խմբագրությունը շարունակում է նորանոր արձագանքներ ստանալ երկու հրապարակումների առիթով: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանն «Առավոտին» հայտնեց. «Ես ցավով եւ նույնիսկ վրդովմունքով կարդացի երկու հրապարակումներն էլ եւ հիմա ուզում եմ մի քանի կարեւոր հանգամանքի անդրադառնալ… Վիլյամ Սարոյանը այսօր եղավ այն պոզը, որի վրա դարձյալ բազմաթիվ ճանճեր են նստում… Ես իսկապես տեղյակ եմ, աչքովս եմ տեսել ու լսել, որ Հրաչյա Հովհաննիսյանն ու Վիլյամ Սարոյանը մտերիմներ էին. դա բոլորը գիտեն: Այդ մասին հակառակ կարծիք հայտնել, նշանակում է՝ կա՛մ տեղյակ չլինել, կա՛մ էլ միտումնավոր այդպես վարվել: Տվյալ պարագայում ես կռահում եմ դրա ենթատեքստը. դա մերկապարանոց մի երեւույթ է: Մարդը կարող է Դավիթ Հովհաննեսի հետ ունենալ իր հաշիվները, բայց այս հակամարտության մեջ մտցնել լուսավոր մի մարդու անուն, անթույլատրելի է: Ես չէ, որ պիտի թվարկեմ Հրաչյա Կարպիչի արժանիքները… Չի կարելի հեռացածների հետ այդպես վարվել եւ բացակա մարդկանց խառնել անձնական վեճին: Ժամանակին ինձ խփելու համար փորձել են նաեւ իմ հոր հիշատակին դիպչել, ու ես ստիպված եմ եղել նրան պաշտպանել, չնայած նրանք այն մարդիկ են, որոնք պաշտպանության կարիք չունեն: Ցավոք, հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն անգամ զարմանում եմ՝ ամեն անդունդ հատակ ունի, բայց անբարոյության անդունդը շարունակ իջնում է, բավական է… Կրկնում եմ՝ մարդիկ կարող են վեճ, անհամաձայնություն ունենալ, բայց այդ ամենը պիտի արվի էթիկայի սահմաններում…»

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն էլ գրում է. «Դավիթ Հովհաննեսի հետ «Առավոտում» տպագրված հարցազրույցից հետո ուզում եմ ասել. իհարկե, լավ չէ, երբ սեփական ասելիքն ընկալելի դարձնելու համար արդեն հեռացած մեծանուն մարդկանց անունից՝ նույն անունը ստվերող մեջբերումներ են արվում, եթե անգամ այդ հիշողություններն իրականությանը համապատասխանում են, էլ ուր մնաց, եթե հնարովի են… Անդուր այդ վիճակում ես հայտնվել եմ մի քանի տարի առաջ, երբ ռուսալեզու թերթերից մեկի ոչ անհայտ մի լրագրող փորձում էր ինձ «կռվեցնել» այդ ժամանակ արդեն լուսահոգի Սերգեյ Բադալյանի հետ՝ նրա անունից իմ գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելով»:

ԳԱԱ գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը հետեւյալ կարծիքին է. «Մեր հասարակությունը բարոյահոգեբանական, ֆինանսական եւ այլ ճգնաժամերի մեջ է: Ճգնաժամը համատարած է եւ ընդգրկում է հասարակական կենսագործունեության բոլոր ոլորտները: Դրանից անմասն չի մնացել նաեւ հումանիտար մտավորականությունը, այդ թվում՝ գրողները: Եվ այն, ինչ այսօր կատարվում է նրանց շրջանակներում, հենց այդ ճգնաժամի արտահայտությունն է կամ դրսեւորումը: Չփորձելով խառնվել այդ գործընթացին, անդրադառնանք մի երեւույթի, որը ժանրի օրենքներով կոչվում է ինքնավերագրում: Ոմանք իրենց դիմանկարին (նկատի ունի Ռազմիկ Դավոյանին- Գ. Հ.) եւս մի շտրիխ ավելացնելու սեւեռուն մտքով սկսել են ժխտել մեր անցյալը՝ չխնայելով հասարակական լայն ճանաչում ունեցող գրողների: Դա այլ բառով՝ նեկրոֆոբիա է: Ահավասիկ, Սարոյանի հայաստանյան այցելության առիթով ոմանք իրենց վերագրում են անվանի գրողների հետ առնչվող պատմություններ… Վիլյամ Սարոյանը ժամանակին հանդիպումներ է ունեցել անվանի գրողների, այդ թվում՝ Հրաչյա Հովհաննիսյանի հետ, քաջածանոթ եղել նրա պոեզիային, բայց ոմանք, չգիտես ինչու, դա իրենց են վերագրում… Տասնամյակներ շարունակ աշխատանքի բերումով ես առիթներ եմ ունեցել շփվելու Հրաչյա Հովհաննիսյանի հետ, դրա համար ցավ եմ զգում, երբ նրա անվան շուրջ նման խոսակցություններ են ծավալվում. շուկայական ազատությանը բնորոշ նողկալիություններով պայմանավորված՝ այսօր ողողնահարվել են պատիվ, արժանապատվություն հասկացությունները, որոնք այլեւս արխաիզմ են թվում…Հրաչյա Հովհաննիսյանը մեր լավագույն պոետներից է, հայրենասեր ու լավ քաղաքացի էր, հաշտարար ու ազդեցիկ մարդ, որն իր հեղինակավոր ներկայությամբ ոմանց հետ միասին տոն էր տալիս Հայաստանի գրական կյանքին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել