Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ՏՂԱ» ԵՐԵՎԱԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԷ»

Ապրիլ 29,2009 00:00

Իր թմրամոլ հերոսին արդարացնում է դերասան Արտաշես Մխիթարյանը

\"\"
«Արնախումի ընտանիքում»՝ Արտաշես Մխիթարյանը (կենտրոնում)՝ դերասաններ
Գրիգոր Գաբրիելյանի եւ Նաիրա Շահիրյանի հետ:

Արտաշես Մխիթարյանը Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններից է: Չնայած կարճ ժամանակ է, ինչ նա բեմում է, խաղացել է Ա. Խանդիկյանի շեքսպիրյան ներկայացումներում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Համլետ», «Մակբեթ»: Սակայն հասցրել է թատրոն բերել ժամանակակից հերոսի մի տեսակ, որն, ըստ էության, «անտիհերոսն» է, իր մեջ կրելով այն բոլոր բարքերը, որոնք ժամանակակից «ոսկե երիտասարդության» հատկանիշներ ունեն: Նման դերերից էր Դմիտրին՝ Վալերի Սիգարեւի «Ֆանտոմային ցավեր» ներկայացման մեջ (բեմադրիչ՝ Գ. Խաչատրյան) եւ Ռոմանը՝ նույն հեղինակի «Արնախումի ընտանիքը» բեմադրությունում: Նշենք, որ վերջինս նախ հետաքրքիր է նրանով, որ ստեղծողները երիտասարդներ են՝ բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան, դերակատարներ՝ Արեն Վաթյան, Վահագն Գալստյան, Շողեր Աթանեսյան, Լուսինե Գեւորգյան եւ այլք: Ստացվում է, որ երիտասարդական պրոբլեմը բեմ են բարձրացնում երիտասարդները, իսկ պրոբլեմի հիմքում թմրամոլությունն է, որից էլ ծնվում են մարդկային եւ ընտանեկան ողբերգությունները, որոնց կենտրոնում Ա. Մխիթարյանի մարմնավորած Ռոմանն է: «Առավոտը» հանդիպեց երիտասարդ դերասանի հետ:

– Այսօր շատերի համար թմրամոլը ժամանակի հերոսն է, որն ապրում է իր հաճույքներով՝ արհամարհելով հասարակական կարծիքը եւ, ինչպես ասում են, «լավ տղա» երեւալով: Ձեր կարծիքը Ռոմանի մասին:

– Հերոսիս դեպքում լավ տղա երեւալու խնդիրը չէ, ավելի շատ՝ կախվածությունը թմրանյութից: Ողջ ներկայացումը պտտվում է Ռոմանի շուրջ, թեեւ նա միայն վերջում է հայտնվում, հերթական անգամ մորից գումար վերցնելու՝ թմրանյութ ձեռք բերելու համար, հայտնվում է ու հայտնաբերում, որ իր պատճառով հայրը վշտից մահացել է: Ճիշտ է, համաձայնում է մոր հորդորներին, որ ինքը պետք է հերթական անգամ բուժվի եւ այլն, եւ այլն, բայց դարձյալ րոպեներ անց գլուխ է բարձրացնում «լոմկա» կոչվածը: Ես տարված եմ Ռոմանով, բայց դա ընդամենը խաղ է: Մյուս կողմից, կարող եմ հերոսիս մասին ասել, որ նա նույնիսկ մաքուր, անկեղծ մարդ է, նրա վերջին խոսքերը դրա ապացույցն են՝ «Ես տարական եմ, սողուն, ստրուկ…»: Ասում է ու գնում դարձյալ «ծակվելու, քաշելու»… Մի խոսքով, ինչպես այսօր աշխարհում թմրանյութ գործածողների մոտ է, հերոսս էլ այդ զորավոր ազդեցության տակ է կամ, ինչպես ասում են՝ կախվածությունն այդ թույնից իրեն «տարել» է…

– «Արնախումի ընտանիքը» երիտասարդական ներկայացում է: Ժամանակին Դրամատիկականի երիտասարդները՝ Արմեն Խանդիկյանի գլխավորությամբ, հիմք դրեցին նոր թատերական շարժման, փոխելով ղափլանյանական թատրոնի գեղագիտությունը: Հիմա էլ ձե՞ր սերունդը, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի հետ, թատրոն է բերում մի նոր թատրոն:

– Դրամատիկականի երիտասարդներս Արմեն Խանդիկյանի գեղագիտության կրողն ու շարունակողն ենք: Բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը Խանդիկյանի ուսանողն է, համախոհը… Ինչ վերաբերում է Դրամատիկական թատրոն՝ նոր թատրոն բերելուն, չեմ կարծում, որ դա այդպես է, պարզ պատճառով՝ Դրամատիկականի խաղացանկի յուրաքանչյուր ներկայացում, համաձայնեք, իր տեսակով ու որակով արդեն մի նոր բան է…

– Թատրոնի դերասանին չեն հարցնում ծրագրերի մասին, քանի որ այն բխում է հենց թատրոնի ծրագրերից, բայց, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է իրեն ուզում տեսնել Արտաշես Մխիթարյանը թատրոնում եւ թատրոնը՝ հասարակության մեջ:

– Չորս տարի է՝ բեմ եմ բարձրանում Դրամատիկականում, որի ստեղծագործական ընթացքը կարող եմ նմանեցնել մեղվի փեթակի՝ անընդհատ պրպտում, աշխատանք, ինչու չէ՝ բանավեճեր… Ժամանակ չեմ ունեցել անգամ մտածելու, թե ինչ կուզեի անել թատրոնում, քանի որ բեմադրություններում զբաղվածությունիցս չեմ դժգոհում: Հիմա պատրաստվում է Քենեթ Լյուդվիգի «Պահանջվում է տենոր» կատակերգությունը եւ Արմեն Խանդիկյանի ու Լեւոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի» պիեսը, որտեղ նույնպես զբաղված եմ: Թե ինչպես կուզեի տեսնել թատրոնը հասարակության մեջ, այս առումով մեր թատրոնը խնդիր չունի: Որպես օրենք, ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Ի վերջո, իմ կամ որեւէ մեկի ուզելը քիչ է, հասարակությունը ընտրում է իր թատրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել