Հինգշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման 100-րդ օրն է, որին նա մոտեցել է հոյակապ ցուցանիշներով՝ երեկ հրապարակված համազգային արդյունքների համաձայն: 47-ամյա նախագահի գործունեությանն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս ամերիկացիների 69%-ը: Դա վերջին 2 տասնամյակների ընթացքում երկիրը ղեկավարող բոլոր նախագահների հաշվարկով լավագույն ցուցանիշն է: Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ նախագահը կատարել է այն կարեւոր խոստումները, որոնք տվել է նախընտրական արշավի ժամանակ եւ կարողանում է ճիշտ ղեկավարել երկրի տնտեսությունը ճգնաժամի պայմաններում: Բացի այդ, ամերիկացիների 2/3-րդը հավանություն է տալիս Օբամայի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ նրա մոտեցումները՝ բժշկական ապահովագրության բարեփոխումներին, հարկերին, գլոբալ տաքացման եւ այլ կարեւոր հարցերում: Նույնիսկ նախագահի ընդդիմախոս հանրապետականները, թեեւ որոշ վերապահումներով, ընդունում են, որ ներկայիս նախագահի գործունեությունը լավացրել է աշխարհի վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ: Մյուս կողմից փորձագետները նշում են, որ նախագահների համար առավել կարեւոր են ոչ թե առաջին 100, այլ 2-րդ 100 օրերը: Մասնավորապես այդ ընթացքում օրենսդիրները քննարկելու են նրա տնտեսական նախաձեռնությունները: Մոտակա ամիսների ընթացքում Օբաման պետք է նաեւ կոնկրետ արդյունքներ ցույց տա՝ միջուկային սպառազինությունների կրճատման, Իրանի հետ բանակցությունների եւ Աֆղանստանից զորքերի դուրսբերման խնդիրներում: