Լատվիայի մասնագետները հաշվարկել են առաջին գումարը, որը, Ռիգայի կարծիքով, պետք է վճարի Ռուսաստանը՝ փոխհատուցելու համար խորհրդային օկուպացիայի շրջանում հասցրած վնասը: Ըստ Newsru.com-ի, երկրի տնտեսական եւ սոցիալական միջավայրին հասցրած վնասը կազմում է $665,72 միլիոն, իսկ ամբողջ փոխհատուցումը կարող է գերազանցել $18,7 միլիարդը: Լատիշ փորձագետները գտնում են, որ նման փոխհատուցում պահանջելը միանգամայն իրատեսական է, սակայն պարզ չէ, թե ով է այն վճարելու: Անցած տարի լատվիական կողմի հաշվարկները ցույց տվեցին, որ կոմունիստական օկուպացիոն ռեժիմից ուղիղ ժողովրդագրական կորուստները կազմում են մոտ 10 միլիոն մարդ-տարի: Իր հերթին Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել վնասը փոխհատուցելու խնդիրը: Մոսկվայում Ռիգայի դժգոհություններն անվանում են իրական տեսակետից անհիմն եւ 2 երկրների հարաբերությունների վատթարացմանն ուղղված: Ավելի վաղ Էստոնիայի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանից նա սպասում է նախ եւ առաջ ոչ թե փոխհատուցումներ, այլ պարզ ապաշխարանք: Իսկ Լիտվան Ռուսաստանի նկատմամբ պահանջները նշել է որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը: Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը հայտարարել է, թե մտադիր է պահանջել, որ Ռուսաստանն ընդունի խորհրդային օկուպացիայի փաստը եւ նշել է գումարը՝ $28 միլիարդ: