Բելառուսի եւ Մոլդովայի նախագահները չեն մասնակցի Արեւելյան գործընկերությանը նվիրված համաժողովին, որը կայանալու է մայիսի 7-ին՝ Պրահայում: Ըստ Gazeta.ru-ի, դրա մասին հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Մոլդովայի նախագահը (նկարում) ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններից հետո առանձին ձգտում չունի շփվելու եվրոպացիների հետ, իսկ Լուկաշենկոյի Պրահա ժամանելը կարող է առիթ դառնալ քաղաքական սկանդալների: Ըստ որոշ լրատվամիջոցների, Մինսկի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, ըստ որի՝ Բելառուսի առաջնորդը չի մասնակցի համաժողովին, սակայն երկիրը կդառնա Արեւելյան գործընկերության լիիրավ մասնակից: Ավելի վաղ ԵՄ-ում նախագահող Չեխիայի ղեկավար Վացլավ Կլաուսն իր տարակուսանքը հայտնեց բելառուսական պատվիրակության հրավերի կապակցությամբ: Կլաուսի ներկայացուցիչը մամուլին ասաց, որ Չեխիայի նախագահին զարմացնում է երկակի բարոյականությունը Բելառուսի նախագահի նկատմամբ եւ նա չի պատրաստվում սեղմել Լուկաշենկոյի ձեռքը: Իր հերթին Հոլանդիայի արտգործնախարարության ղեկավար Մաքսիմ Ֆերհագենը իր համաձայնությունը հայտնեց Կլաուսի կարծիքի հետ, ասելով, որ բռնապետի ձեռքը սեղմելը վատ նշան է: Իսկ ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդերը հայտարարել է, որ հրավերն ուղարկվել է ոչ թե անձամբ Լուկաշենկոյին, այլ Բելառուսի պետությանը: