Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրում է իշխանությանը բացահայտ էքստրեմիզմի եւ քաղաքական ահաբեկչության համար: Ըստ Newsru.com-ի, նման հայտարարության համար հիմք են հանդիսացել մի շարք փաստեր. Լենինի արձանների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումներ, սպառնալիքներ ընդդիմության ակտիվիստների հասցեին, ավազակային հարձակումներ ընդդիմության առաջնորդների վրա: Բացի այդ, կոմունիստների հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ վտանգավոր միտում է նկատվել՝ օգտագործել իշխանության կուսակցության երիտասարդական հարվածային խմբերը՝ ընդդիմության միջոցառումները տապալելու նպատակով: Կոմունիստները կարծում են, որ այդ բոլոր գործողությունները համակարգային բնույթ են կրում՝ հատուկ առանձնացնելով դատական կամայականությունները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովների կամայականությունները ընդդիմադիր թեկնածուների եւ դիտորդների հասցեին, ինչպես նաեւ կոմունիստ պատգամավորների վրա ճնշումները: ՌԴ կոմկուսի ղեկավարները կարծում են, որ ճգնաժամի հետ կապված իշխանություններն առանձնակի անվստահություն են զգում, եւ չնայած բողոքի ակցիաները Ռուսաստանում առայժմ լոկալ բնույթ են կրում, դրանք հանդիպում են անհամաչափ հակազդեցության եւ իշխանությունն այդպիսով ընտրել է այլախոհության ուժային ճնշման ճանապարհը: