Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզ են փակում

Ապրիլ 29,2009 00:00

\"\"Դեբեդավանի գյուղապետարանը նո՞ր է լսում ֆինանսական ճգնաժամի մասին

Վրաստանի հետ սահմանակից Դեբեդավան համայնքի ավագանին մարտի 20-ին որոշում է կայացրել. «Ելնելով համայնքի հնարավորություններից, ֆինանսական-տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, «Դեբեդավանի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել 01.04.09թ. մինչեւ 30.09.09թ.»: Որոշման տակ առկա է Դեբեդավանի գյուղապետ Սալավաթ Բաբայանի ստորագրությունը: Դեբեդավանի մանկապարտեզը ոչ թե պետական ենթակայության ոչ առեւտրային, այլ համայնքայի՛ն ենթակայության ոչ առեւտրային կազմակերպություն է՝ ՀՈԱԿ: Զարմանալի է, որ համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը չգիտեն այս մասին: Տարօրինակ է նաեւ, որ մանկապարտեզի գործունեությունը կասեցրել են ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառաբանությամբ: Ճգնաժամը նո՞ր է սկսվել: Այս տարվա փետրվարի 12-ին համայնքի ավագանին հաստատել է 800 բնակիչ ունեցող Դեբեդավանի 2009 թվականի բյուջեն՝ 12987600 դրամ, որից 2,960 միլիոնը՝ սուբսիդիա մանկապարտեզին: Բյուջեն հաստատելուց 2 ամիս ա՞նց համայնքի ավագանին հանկարծ հասկացավ, որ ֆինանսական ճգնաժամը նեղում է, տեղական բյուջեով մանկապարտեզ պահելու հնարավորություն չկա: Դեբեդավանի մանկապարտեզը պետական ռեգիստրում գրանցված, սեփական կանոնադրությամբ, հաշվապահությամբ, հարկային կոդով եւ բանկային հաշվեհամարով հիմնարկություն է:

Մանկապարտեզի բազմամյա տնօրեն Մառլենա Բաբայանը նախադպրոցական կրթության մասնագետ է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական ստաժով: Նա վկայում է, որ մանկապարտեզը գործել է դեռ 1988-ից, 1998-ին մանկապարտեզի շենքը տրամադրել են դպրոցին, ու թեեւ մանկապարտեզը դադարել է գործելուց, սակայն չի լուծարվել: 2006թ. համայնքի ղեկավար Սալավաթ Բաբայանի նախաձեռնությամբ մանկապարտեզը վերաբացվել է: Ըստ մանկապարտեզի տնօրենի՝ 2006-2009-ին գյուղապետարանի ֆինանսավորմամբ լուծվել են միայն մանկապարտեզի աշխատողների աշխատավարձի եւ կրթօջախի էլեկտրաէներգիայի վճարման հարցերը: Մանկապարտեզի կենցաղային բոլոր խնդիրները լուծվել են աշխատողների եւ մանկապարտեզի սաների ծնողների ուժերով: 2008թ. աշխատողները 2000-ական դրամ են հավաքել, գնել 30 գծամետր ջրի խողովակ եւ ծորակ՝ անհրաժեշտ պարագաներով: Այս կերպ խմելու ջրագիծ են անցկացրել մանկապարտեզ, որը հենց գյուղապետարանի կողքին է, նույն շենքում: 2008թ. նոյեմբերին մանկապարտեզի աշխատողները կրկին 2-հազարական դրամ են հավաքել՝ այս անգամ ջեռուցման խնդիրը լուծելու համար: Համայնքապետարանը անցած 3 տարում երբեւէ մանկապարտեզին երեխաների սննդի փող չի տրամադրել: Ծնողներից հավաքված ամսական 3 հազար դրամով այստեղ մանուկներին օրական 3 անգամ սնունդ է տրվել: Գյուղապետ Սալավաթ Բաբայանի վկայությամբ, մանկապարտեզը կենսաթոշակային հիմնադրամին 250 հազար դրամ պարտք ունի: Այս առթիվ Մառլենա Բաբայանը տարակուսում է, թե ինչո՞ւ անցյալ տարվա դեկտեմբերին փակել են կենսաթոշակային հիմնադրամին գյուղապետարանի ունեցած պարտքերը, սակայն գումարներ չեն հատկացրել նույն հիմնադրամին մանկապարտեզի ունեցած պարտքը մարելու համար:

Մանկապարտեզի տնօրենը չի հասկանում, թե ինչո՞ւ մանկապարտեզի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ իրեն ավագանու նիստին չեն հրավիրել: «Ավագանու անդամները մանկապարտեզի տեղն անգամ չգիտեն, ավագանու 5 անդամներից 3-ը գյուղապետարանին հարկերի 150-170-հազարական դրամ պարտք ունեն, թող իրենց պարտքերը փակեն, ոչ թե մանկապարտեզը»,- վրդովվում է տիկին Մառլենան:

Մանկապարտեզի 5 աշխատողներից 4-ը ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղից իրենց աշխատավարձի եռապատիկի չափով վարկ են վերցրել: Եթե գյուղապետը 2 ամիս առաջ տեղեկացներ մանկապարտեզի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ, հիմա նրանք տհաճ անակնկալի առաջ չէին կանգնի եւ բանկում քիչ խնդիրներ կունենային: 44-ամյա Մառլենան սոցիալական դժվարին վիճակում է. ամուսինը վատառողջ է, չի աշխատում, ուսանող աղջիկ ունի, ինքը տան միակ աշխատողն է: Հանդիպել է գյուղապետի հետ, Սալավաթ Բաբայանն ասել է, որ չի կարողանում հարկեր հավաքել, մանկապարտեզ պահել: Մինչդեռ գյուղի հողերը բերրի են, մեծամասամբ՝ ինքնահոս եղանակով ոռոգելի: Գյուղապետ Սալավաթ Բաբայանը սիրում է կրկնել, որ իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում գյուղի ավտոմեքենաների թիվը 2-ից հասել է 50-ի: Մառլենա Բաբայանը տարակուսում է՝ եթե գյուղը բարեկեցիկ կյանքով է ապրում, ինչո՞ւ են փակում մանկապարտեզը: Նա նաեւ մատնացույց է անում ՀՀ կառավարության ընդունած նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը, որտեղ այս բնագավառում կառավարության հիմնական նպատակ է նշված «նախադպրոցական կրթության ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության մեջ ընդգրկման ավելացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել