Ըստ Իսիկ համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Բյուլենտ Արասի՝ իրենց երկիրը ցեղասպանությունը կընդունի որպես մեծ ցավ:
Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2008» միջազգային գիտաժողովի ընթացքում տարածաշրջանի եւ եվրոպական երկրների գիտնականներ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ քննարկեցին այն ուշագրավ իրադարձությունները, որոնք 2008-ի ընթացքում տեղի էին ունեցել Կովկասում:
Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովն իր խոսքում առանձնացրեց 2008-ին կատարված 4 կարեւոր իրադարձություն, որոնք մեծ ազդեցություն են թողել Ադրբեջանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության վրա. «Առաջինը օգոստոսյան իրադարձություններն էին, որոնք մեծ ազդեցություն ունեցան հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ Ադրբեջանի դերակատարության վրա, այդ իրադարձությունները բերեցին տարածաշրջանի գլխավոր խաղացողների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի դերերի փոփոխության: Մյուս կարեւոր հարցը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին եւ դրա հետ կապված հանրաքվեն: Ինչպես մյուս երկրների, այնպես էլ Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն թողեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը»:
Գիտաժողովին ներկա էր նաեւ Թուրքիայի ներկայացուցիչ, Իսիկ համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան, SETA հետազոտական կենտրոնի աշխատակից Բյուլենտ Արասը: «Առավոտը» նրա հետ զրուցեց հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի մասին: Բյուլենտ Արասից հետաքրքրվեցինք, թե ինչ միտումներ է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացում: Թուրք զրուցակիցս պատասխանեց. «Ներկա փուլում հայ-թուրքական հարաբերություններում արդեն ոչ մի գաղտնի բան չկա, երկու կողմերի միջեւ բաց զրույցներ են ընթանում: Սակայն այս համատեքստում նկատենք, որ Թուրքիան զգայուն է նաեւ Ադրբեջանի գործոնի նկատմամբ»: Շարունակելով խոսքը՝ պարոն Արասը նկատեց. «Ե՛վ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի համար օգտակար է հարաբերությունների բարելավումը. դա երկու երկրները ներկայումս գիտակցում են: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ. օրինակ՝ ցեղասպանության հարցը, որը Թուրքիան ժխտում է, իսկ Հայաստանը շարունակում է պնդել: Իմ կարծիքով՝ հասարակությունը պիտի գիտակցի Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ հայերի հետ տեղի ունեցած մեծ վիշտը»:
Հետաքրքրվեցինք՝ ըստ թուրք մտավորականի, Թուրքիան երբեւէ կընդունի՞ Հայոց ցեղասպանությունը: «Առավոտի» զրուցակիցը չփորձեց լավատեսություն «խաղալ». «Չեմ կարծում, որ Թուրքիան տեղի ունեցածը կընդունի որպես ցեղասպանություն, այլ դա կընդունի որպես մեծագույն ցավ, որը տեղի ունեցավ Անատոլիայում: Իսկ դա միայն հայերի խնդիրը չէ, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: Մենք պիտի այդ ցավը կիսելու ճանապարհներ գտնենք: Նույնիսկ, եթե Թուրքիան ընդունի, որ կատարվածը ցեղասպանություն է, բայց չկիսի հայերի ցավը, դա ոչինչ չի տա»: «Առավոտի» հարցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթն ինչ-որ բան կփոխի՞ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագրում, թուրք քաղաքագետը պատասխանեց. «Օբամայի ելույթը ոչինչ չի փոխի: Իհարկե, այն հավասարակշռված էր եւ գրված էր բավարարելու եւ՛ Թուրքիային, եւ՛ Հայաստանին, ինչն այդպես էլ չհաջողվեց: Հետո՝ հայերն ու թուրքերը դարեր շարունակ ապրել են միասին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ամերիկան պատմության մեջ գոյություն չուներ: Ուստի մենք կարիք չունենք, որ ԱՄՆ-ն լուծի մեր խնդիրները: Գիտակցում ենք, որ անցյալում ունենք մի ողբերգություն, բայց պետք է մտածենք ապագայի մասին: Բայց ամենամեծ ողբերգությունը կլինի այն, որ մենք փակ պահենք սահմանները, թուրքերին ու հայերին հեռու պահենք իրարից»: Դառնալով անցյալին՝ Բյուլենտ Արասը նկատեց. «Հայ-թուրքական հարաբերությունների ընթացքում միակ վատ ժամանակաշրջանը Օսմանյան կայսրության կառավարման վերջին տարիներին էին: Եթե երկու ազգերի հարաբերությունների 1000 տարին համեմատենք այդ 50 տարվա վատ հարաբերությունների հետ, կարող ենք ասել, որ այդ 50 տարին 1000-ի հետ համեմատած ոչինչ է»: «Առավոտի» զրուցակիցը, որն իրեն Հրանտ Դինքի ընկերն է համարում, փորձում էր մեզ համոզել, որ Հայաստանի եւ հայերի ընկալումը թուրքական հասարակության մեջ փոխվել է: Իսկ թե ինչ կարող է անել գիտական համայնքը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում, Բ. Արասն ասաց. «Գիտնականները պիտի ավելի լայնախոհ լինեն, քան երկու երկրների իշխանությունները, որոնք շղթայված են պետական քաղաքականությամբ: Հենց գիտնականները կարող են ստիպել երկու երկրների իշխանություններին՝ վարել ավելի բաց քաղաքականություն»: