Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց վիշտը՝ ըստ FT-ի

Ապրիլ 29,2009 00:00

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հայտարարությունը շատ լավ լուր է: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածից եւ զանգվածային արտաքսումից ի վեր՝ երկու ժողովուրդների պատմական թշնամությունը ապակայունացրել է տարածաշրջանը, մեկուսացրել ու աղքատության հասցրել Հայաստանին եւ մթագնել Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի եւ Ամերիկայի հետ: Այժմ վերքերի ապաքինման հնարավորություն է ստեղծվել»,- ըստ «Արմինֆոյի», գրում է The Financial Times թերթը՝ «Հայոց վիշտը» հոդվածում: Այնուամենայնիվ, անցած շաբաթ արված հայտարարությունը՝ համաձայնության հստակ պայմանների կամ դրա կատարման ժամանակացույցի վերաբերյալ որեւէ ակնարկ չի պարունակել: «Ըստ երեւույթին, այդ հայտարարությունն արվել է հապճեպ՝ հնարավորություն տալու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 1915 թ. կոտորածի վերաբերյալ հայտարարություն անել՝ առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու: Նախընտրական արշավի ժամանակ իր դիրքորոշումից այդ խելամիտ նահանջը թույլ է տալիս խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցումից»,- նշվում է հոդվածում:

Թերթի կարծիքով, երկու կողմերն էլ դեռ միայն առաջընթաց փոքր քայլեր են կատարում, եւ երկուսն էլ երկրի ներսում բախվում են ցանկացած զիջումների առնչությամբ ուժեղ հակազդեցության: «Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում երկու կարեւոր հարց: Պետք է ստեղծվի պատմական հանձնաժողով, որը պետք է զբաղվի 1915 թ. իրադարձությունների ուսումնասիրմամբ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնելու եւ ինչպե՞ս է աշխատելու: Եթե այն որոշի, որ կոտորածը ցեղասպանություն է եղել կամ, ընդհակառակը, չի եղել, որոշումը, միեւնույն է, քաղաքական առումով պայթյունավտանգ կլինի, եթե միայն կողմերը արդյունքներին հետեւելու համաձայնության չհանգեն: Երկրորդ՝ պետք է հասկանալ, թե ինչ առաջընթաց պետք է ձեռք բերվի ղարաբաղյան խնդրի առնչությամբ, որպեսզի Թուրքիան ամբողջովին բացի իր սահմանները: Թե՛ Անկարայում, թե՛ Երեւանում, կարծես, առաջընթաց ուղի գտնելու լուրջ մտադրություն կա՝ չնայած ընդդիմությանը, որը ներառում է Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում հայ ազդեցիկ համայնքը: Սակայն Վաշինգտոնի, Բրյուսելի եւ գլխավորը՝ Մոսկվայի կողմից երկու երկրների նկատմամբ ճնշումը՝ ավելի մեծ առաջընթաց ձեռքբերելու եւ համաձայնությունների կատարման հստակ ժամանակացույց ներկայացնելու պահանջով, առաջվա պես պարտադիր պայման է: Միակ երկիրը, որը կարող է փորձել կանխել գործընթացը, Ադրբեջանն է, որը վախենում է, որ սահմանի բացումը կարող է ազատել Հայաստանին Ղարաբաղի շուրջ համաձայնության հանգելու կամ գոնե իր ուժերը բուֆերային գոտուց դուրս բերելու անհրաժեշտությունից: Բայց 19 տարի շարունակվող սահմանների շրջափակումը ոչինչ չի արել՝ արագացնելու այդ առնչությամբ համաձայնության ձեռքբերումը: Հակամարտության բոլոր կողմերին անհրաժեշտ է հաշտեցում, այլ ոչ թե առճակատում»,- եզրափակում է The Financial Times-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել