Նվիրվում է հաստիքային սոցիոլոգներին, ՀԱԿ-ին, ՀՀԿ-ին եւ մյուսներին
Այս թեմայով գրիչ վերցնելուս մղումը իշխանությունների արդեն սովորություն դարձած այն գործելակերպն է, որով ընտրություններից 2-3 ամիս առաջ հաստիքային սոցիոլոգների միջոցով ասպարեզ են իջեցնում իրենց ընտրական նպատակները նախանշող, միաժամանակ իրականության հետ կապ չունեցող թվեր եւ վերլուծություններ: Այն, ինչ ասելու եմ, իմ անձնական ցանկությունը չէ, ոչ էլ նախասիրություններս են, այլ իրերի իրական վիճակն է, որի հետ հաշվի չնստել չեն կարող ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀԱԿ-ը եւ ոչ էլ մյուսները: Դա բխում է հենց իրենց շահերից, ինչպես նաեւ իրականությունը ճշգրիտ արձանագրելու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու բոլորիս նպատակից:
Մենք պետք է անկեղծորեն արձանագրենք, որ մայրաքաղաքի հասարակության ճնշող մեծամասնությունը առաջիկա ընտրություններին նայում է ոչ թե որպես Երեւանը մաքուր պահողների կամ լավ կանաչապատողների միջեւ մրցության, ինչպես ամեն օր մի քանի անգամ մեզ փորձում է համոզել Հանրային կոչվող ու երբեւէ այդպիսին չեղած հեռուստաընկերությունը, այլ դրանք դիտում են որպես նախորդ բռնությունների եւ կեղծիքների համար ռեւանշի, եթե կուզեք՝ վրեժխնդիր լինելու հնարավորություն: Ավելին, մայրաքաղաքի բնակչության մեծ մասը գիտակցելով, որ սպասվող փոփոխություններից իր վիճակը չի լավանալու, պատրաստ է նույնիսկ էլ ավելի վատ վիճակում հայտնվելու գնով փոփոխությունների հասնել:
Չլինելով մրցակցող ուժերից որեւէ մեկի կողմնակիցը, գտնում եմ, որ ՀԱԿ-ի հաղթելու հնարավորությունը ամենաբարձրն է եւ ահա թե ինչու: Մայիսի 31-ին մրցակցող հիմնական ուժերը նույնն են, ինչ նախագահականի ժամանակ, ուստի մեջբերենք 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում Երեւանում արձանագրված արդյունքները: Հիշեցնեմ, որ փետրվարի 19-ի ընտրություններն աննախադեպ ռեկորդային էին ե՛ւ մասնակիցների, ե՛ւ կեղծիքների թվով՝ 91 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր (Հայաստանում՝ 1 միլիոն 678 հազար, Երեւանում՝ 540 հազար ընտրող): Այդ ընտրություններում.
1. ՀՀԿ թեկնածուի (Ս. Սարգսյան) օգտին Երեւանում արձանագրվել է 238 հազար ձայն, դրանք ես որակում եմ որպես գումարային ձայներ: Գումարային, որովհետեւ կամավոր, գիտակցված ընտրության ձայների հետ ներառված են վարչական ռեսուրսներով բերված, գնված, փախցված ու գողացված, կարուսելով եւ ուղղակի լցնելու միջոցով կեղծված ձայները եւս:
2. ՀԱԿ-ի թեկնածուի (Լ. Տեր-Պետրոսյան) ձայները՝ 153 հազար, հասկանալի պատճառներով անվանենք մնացորդային ձայներ:
3. ՕԵԿ թեկնածուի (Ա. Բաղդասարյան) ստացած 70 հազարը հիմնականում ընդդիմադիր դաշտի ձայներ էին՝ ձեռք բերված հիմնականում իշխանությունների գործունեության քննադատության հաշվին:
4. ՀՅԴ թեկնածուն (Վ. Հովհաննիսյան) տարել էր 38 հազար, առավելապես կուսակցական ձայներ, մի մասով էլ՝ ընդդիմադիր ձայներ:
5. Մնացած՝ թվով 5 թեկնածուները (այդ թվում՝ ներկայումս քվեարկվող ԺԿ-ից, Տիգրան Կարապետյանը՝ իր 3,5 հազար մնացորդային ձայներով) միասին վերցրած ստացել են 23 հազար ձայն:
Մայիսի 31-ի ընտրություններին կմասնակցի եւս մեկ շոշափելի ուժ՝ «Բարգավաճ Հայաստանը»: Չմոռանանք, որ փետրվարի 19-ին նրա թեկնածուն Սերժ Սարգսյանն էր: (Հարգանքով վերաբերվելով ՀԱՍԿ-ին, կարծում եմ, նրանց ստանալիք ձայները մեր կանխատեսումների վրա էական ազդեցություն չեն ունենա):
Այժմ փորձենք վերլուծել, թե ինչ տեղի կունենա մայիսի 31-ին ընտրող երեւանցիների՝ վերեւում նշված 540 հազար ձայների հետ, չմոռանալով նշել, որ գործնականում անհնար կլինի գերազանցել 2008թ. փետրվարի 19-ին Երեւանում արձանագրված այդ 540 հազարը: Ավելին, այս թիվը պետք է նվազի գոնե այն չափով, որ մայիսի վերջին, փետրվարի հետ համեմատած, քաղաքի չափահաս բնակչության առկա թիվը արտագնա աշխատանքի մեկնողների հաշվին կնվազի առնվազն 30-40 հազարով.
1. ՀՀԿ-ի 238 հազար գումարային ձայները կնվազեն հետեւյալ բաղադրիչների հաշվին.
– զգալի մասը (80 հազարից մինչեւ կեսը) լինելով ԲՀԿ-ի կողմնակիցներ, կքվեարկեն իրենց ցուցակի օգտին եւ ոչ թե ՀՀԿ-ի՝ ինչպես նախորդ անգամ,
– Գ. Բեգլարյանը Ս. Սարգսյան չէ,
– փետրվարի 19-ից հետո տեղի է ունեցել մարտի 1-ի սպանդը, չեն հաղթահարվել դրա հետեւանքները,
– քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նրանց հետ կապված դատական խեղկատակությունները,
– տնտեսական ճգնաժամի պատճառով անհամեմատ ավելի պակաս նյութական եւ դրամական համադրելի միջոցներ կներգրավվեն,
– ՀՀԿ ցուցակի խնամակալությանը ամրացված օլիգարխները նույն «հավեսով» չեն դատարկի իրենց գրպանները, ինչպես անում էին Սերժ Սարգսյանի դեպքում,
– «կարուսելների» միջոցով կեղծիքների հնարավորությունը կնվազի, քանի որ Երեւանի ընտրատեղամասերում ընդդիմության հսկողությունը հնարավոր կլինի մի քանի անգամ ուժեղացնել Երեւանից դուրս գտնվող մոտ 1400 ընտրատեղամասերից ազատված տերպետրոսյանական ուժերի հաշվին,
– ՀՀԿ ցուցակի ձայները միեւնույն ժամանակ կարող են մի քանի հազարով ավելանալ Վազգեն Մանուկյանի՝ 14, Արամ Հարությունյանի եւ ԱՄԿ-ի՝ 2-3 հազար Երեւանում ստացած ձայների հաշվին, ինչպես նաեւ Գ. Բեգլարյանի՝ երեւանցի լինելու հանգամանքով պայմանավորված:
2. ՀԱԿ-ի կամ Տեր-Պետրոսյանի մնացորդային՝ 153 հազար ձայները կավելանան.
– ՕԵԿ-ի նախորդ ընտրություններում ստացած 70 հազար ընդդիմադիր ու խաբված ձայների ճնշող մեծամասնության հաշվին,
– ՀԱԿ ցուցակի օգտին կքվեարկեն ՀՅԴ 38 հազարի մի մասը, քանի որ նրանք նույնպես փետրվարի 19-ին առավելապես ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել, իսկ մարտի 1-ի դեպքերը դատապարտելիս զգուշավորություն են ցուցաբերում,
– նախագահական ընտրություններում մնացած 5 թեկնածուների 23 հազար հավաքական ձայների զգալի մասի հաշվին,
– մոտ 20 հազար բոլորին մերժած եւ անվավեր ձայների մի մասի հաշվին,
– ձայները պահելու ֆիզիկական հնարավորության (մարդկային ռեսուրսների) մոտ 4 անգամ ավելանալու հաշվին,
– այն հանգամանքի հաշվին, որ սույն ընտրությունները հասարակության ճնշող մեծամասնությունը դիտում է որպես փետրվարի 19-ի շարունակություն,
– նրա հաշվին, որ տեղի են ունեցել մարտի 1-ի դեպքերը, չեն վերացվել դրանց հետեւանքները: Այս դեպքերի պատճառով իշխանություններին հայհոյողների թիվը 5-10 անգամ ավելի շատ է, քան Տեր-Պետրոսյանին մեղադրողների թիվն է,
– քանի դեռ կան քաղբանտարկյալներ, իսկ ընթացող դատավարություններն էլ լավագույնս են խայտառակում իշխանություններին,
– այն հանգամանքի հաշվին, որ հասարակական գիտակցության մեջ նստած է՝ ընտրություններից հետո ԲՀԿ-ն միավորվելու է ՀՀԿ-ի հետ:
3. ՕԵԿ եւ ՀՅԴ ձայները կնվազեն անգամներ, եթե նրանք, իհարկե, դուրս չգան ընտրապայքարից:
4. Տիգրան Կարապետյանի ԺԿ ցուցակը կստանա իր տրադիցիոն ձայները, միգուցե մի քիչ էլ ավելի, եթե դրանց մի մասը չդրվեն իշխանության քվեատրցակների մեջ:
5. Նորեկներից ԲՀԿ-ն կարող է հավաքել մինչեւ 120 հազար կամ մոտ 22%, իսկ ՀԱՍԿ-ը՝ ոչ ավելի, քան 1% ձայներ:
Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում մասնակիցների ընդհանուր թիվը՝ ներառած մինչ օրս հայտնի հնարավոր բոլոր տեսակի կեղծիքներն ու հավելագրումները, չի կարող գերազանցել 500-520 հազարը: Այս թիվը ենթադրում է Երեւանի ընտրողների ցուցակային թվի ավելի քան 60%, իսկ փաստացի առկա ընտրողների 90-95% մասնակցություն: Ստացված արդյունքներով արձանագրված ձայները կունենան հետեւյալ ընդհանուր պատկերը.
– ՀԱԿ՝ առնվազն 270 հազար կամ 52%,
– ԲՀԿ՝ մինչեւ 120 հազար կամ 22% ,
– ՀՀԿ՝ 80-100 հազար կամ մինչեւ 18%,
– ՕԵԿ, ՀՅԴ եւ մյուսները (եթե կմնան քվեաթերթիկներում) հեռու կլինեն 7%-ը հաղթահարելու սահմանագծից, կհավաքեն 3-23 հազար կամ 0,5-4% ձայներ: Այնպես որ, մինչեւ զանազան տոկոսներ հրապարակելը, մեր սոցիոլոգները, ինձ հետ համաձայն չլինելու դեպքում, պարտավոր են ցույց տալ այն տեղերն ու ճանապարհները, որտեղից պետք է գոյանան այդ ձայները: Նման վերլուծություն, հավանաբար, կկատարեն նաեւ ընտրություններին մասնակցող ուժերը, այդ թվում ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Ստանալով վերը նկարագրվող իրենց համար տխուր պատկերը, վստահ եմ, որ մինչեւ մայիսի 20-ը ՕԵԿ-ը հետ կկանչի իր ցուցակները եւ կհայտարարի ՀՀԿ ցուցակին սատարելու իր որոշման մասին: Միայն այս ձեւով հնարավոր կլինի չկորցնել վերահաշվարկի ենթակա 7%-ից պակաս իրենց ձայները եւ մասնակի փրկել խաթարված սեփական իմիջը:
Ամփոփելով այս փուլի վերլուծությունը, չեմ էլ ուզում պատկերացնել այն բացասական հետեւանքները բոլորիս համար, որ կլինեն մայիսի 31-ին զոռբայության դասերը չգիտակցած իշխանությունների կողմից նոր ռեկորդներ գրանցելու դեպքում: Ընդհակառակը, շատ կուզենայի խոսել ՀԱԿ անխուսափելի երեւացող հաղթանակի դեպքում մեր քաղաքի (նաեւ երկրի) զարգացման հնարավոր երկու ուղղությունների մասին (այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների համար մնացած 3,5 տարին համեմատաբար խաղաղ գոյակցությամբ եւ առանց կտրուկ ցնցումների անցկացնելու), բայց, ինչպես ասում են՝ այդ մասին հաջորդ անգամ, եթե, իհարկե, կլինեն անկողմնակալ, որեւէ ուժի կարծիքը չսպասարկող, ոչ հաստիքային եւ մտահոգ մարդու կարծիք լսելու ցանկություններ:
Հ. Գ. Այս վերլուծությունը հանձնել էի տպագրության, երբ ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիայից իր դուրս գալու մասին: Եթե ուշացած այս որոշումը հնարավոր դրական ազդեցություն կարող է ունենալ երկրի արտաքին քաղաքական դրսեւորումներում, ապա Երեւանի ավագանու ընտրություններում ոչ մի լրացուցիչ քվե ՀՅԴ-ին չի բերի: Կարծում եմ, ընտրող հասարակությունը «Զարդարը» չէ, որ ամեն անգամ համոզես են, խաբես են, տանես են…, հետո ասես են…»: