Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդին՝ Երեւանին

Ապրիլ 29,2009 00:00

Մարզերի բնակիչները հույսեր են կապում Երեւանի ավագանու ընտրությունների հետ

Երեւանում կատարվող քաղաքական անցուդարձի, մասնավորապես՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ալավերդցիների կարծիքները միանշանակ չէին: Միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով գործազրկության ավելացումն ու ապրիլյան թանկացումներն են պատճառը, որ Ալավերդիում շատերը անտրամադիր են եւ Երեւանի հավեսը չունեն, այնուամենայնիվ, եղան նաեւ կարծիք հայտնողներ:

«Ես գտնում եմ, որ մեր երկրի մարզերը մայրաքաղաքի անցուդարձին մասնակից չեն եւ դա համարում եմ իշխանությունների վատ աշխատանքի արդյունք: Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ես հետեւում եմ ուշադիր: Մայրաքաղաքում, երբ ընտրությունների թեկնածուների առաջադրումները սկսվեցին, ես վախենում էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է չառաջադրվի, պատվից վեր համարի: Այդ դեպքում ես ինչ-որ չափով կհիասթափվեի: Եթե մայրաքաղաքի ընտրությունները արդար անցնեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը անպայման կհաղթի: Ինչ էլ որ լինելու է, թող արդար լինի, եթե արդար ընտրությունների արդյունքում Գագիկ Բեգլարյանը պետք է ընտրվի Երեւանի քաղաքապետ, թող ընտրվի, ուրեմն Հայաստանի մայրաքաղաքը նրան է արժանի: Մաքուր ընտրությունն էլ բացառվում է: Հայաստանում արդար ընտրություն այս իշխանությունների օրոք չի կարող լինել: Ընտրակեղծարարությունը մեզանում պաթոլոգիա է դարձել: Ընտրակարգի օրենքներ են հնարում՝ ընտրախախտումների բոլոր տարբերակները նախապես մշակելով: Գագիկ Բեգլարյանին ընտրություններից առաջ քաղաքապետ նշանակելն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Բազմաժանր ընտրակեղծիքներ են լինելու այս անգամ»,- ասաց Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Շահվերդյանը:

Քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի ուսուցչուհի Անահիտ Նալբանդյանի կարծիքով՝ ընտրություններում հաղթելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ես կարծում եմ, որ Լեւոնը կընտրվի, կհաղթի: Եթե Լեւոնը թեկնածությունը չառաջադրեր, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի մաքուր ընտրությունների մասին բնավ չէի մտածի, համոզված կլինեի, որ կկեղծեն, բայց որ էդ հանգամանքը կա, իմ կարծիքով, Լեւոնը կարող է հաղթի: Եթե ոչ նա, ուրեմն իրանից հետո հիմիկվա քաղաքապետը: Ես այն կարծիքին եմ, որ, այո, Երեւանում քաղաքական ընդդիմությունը ուժեղ է, եթե ընդդիմությունը ուժեղ է, էնտեղ է ուժեղ: Իմ կարծիքով, ընդդիմությունը մարզերում շատ թույլ է»:

Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակչուհի Քրիստինե Ապրեսյանի համար նշանակություն չունի, թե ով կընտրվի Երեւանի քաղաքապետ: Դաշնամուրի երիտասարդ ուսուցչուհին, որը վաղուց գործազուրկ է, կարծում է, որ ով էլ ընտրվի Երեւանի քաղաքապետ, մեկ է՝ ինքը եւ իր նմանները ոչ Երեւանում եւ ոչ էլ Ալավերդիում աշխատանք չեն ունենալու, եւ մեծ դժվարությամբ են իրենց հանապազօրյա հացը վաստակելու: «Մեր երկրի ողջ դժվարությունները պայմանավորում եմ անցած տարիների խայտառակ ընտրություններով: Եթե գոնե մեկ անգամ իշխանությունները կարողանան արդար ընտրություններ անցկացնելու կամք դրսեւորել, կարծում եմ՝ բոլորս կշահենք»,- ասաց նա:

Ալավերդցի գործազուրկ Աիդա Ասլանյանի՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի սպասվելիք ընտրությունների մասին կարծիքը շատ չի տարբերվում նախկին ընտրությունների վերաբերյալ կարծիքից՝ Երեւանի քաղաքապետ տեսնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, եթե ընտրությունը գոնե մի քիչ արդար լինի: Իսկ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ աշխատանքն էլ հնարավոր է համարում, սակայն «Շատ դժվար է ասել՝ ոնց եմ տեսնում Լեւոնին քաղաքապետ Սերժի նախագահ լինելու դեպքում, սակայն, երբ Լեւոնը քաղաքապետ դառնա, կասեմ՝ ոնց եմ տեսնում»:

Ալավերդիում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ գաղափարակիր Վազգեն Պապոյան. «Երեւանի քաղաքապետի մայիսի 31-ի ընտրությունը նոր շանս է Հայաստանի քաղաքացիների համար՝ օրինական ճանապարհով երկրում օրինականություն հաստատելու գործում: Անցած տարին ակնհայտ ցույց տվեց ռեժիմի իրական դեմքը, որ չնայած այսօրվա քարոզչությունում իշխողներն արդեն չեն խորշում բացարձակ անօրինականություններից, մեյդան են բերել տարբեր բնագավառների գրդոնչիների՝ Սադոյան եւ այլն, որոնք ցանկանում են հասարակության մեջ սերմանել իբր «օբյեկտիվ» տեսակետներ՝ հավասարության նշան դնելով Համաժողովրդական շարժման եւ իշխող ավազակների միջեւ, իբր նրանք միմյանցից ոչնչով չեն տարբերվում, կամ քաղաքապետի ընտրությունը քաղաքական չէ: Մարդիկ պետք է հասկանան, որ երկրում օրինականություն հաստատելու եւ այն պահպանելու գործում ընդմիջում չկա, ու այդ պրոցեսը անդադար է»:

Օձունեցի Եզեկ Աղվանյանի կարծիքով էլ. «Նույն բանն է լինելու, սցենարն արդեն գրած ա: Հեշտ ու հանգիստ հո չեն տալու մայրաքաղաքի իշխանությունը: Ծեծով ու ջարդով, իրենց հազար ու մի փորձված խախտումներով պահելու են: Լեւոնն էլ հաղթելու է, բայց չեն տալու իշխանությունը: Հանրահավաքներին էդքան հավաքված երեւանցիները որ ընտրեն՝ հերիք է, էլի: Բայց չեն թողնելու»:

Ի դեպ, Ալավերդու փողոցներում մեր հարցումներին պատասխանելուց հրաժարվեցին շատ բնակիչներ, պատճառաբանելով, որ կարծիք չհայտնելը էս երկրում շառից ու փորձանքից հեռու մնալու միակ ճանապարհն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել