Արմավիրի մարզում փորձում են «ուժով» լուծել աղբահանության հարցը
Այս օրերին, երբ ողջ աշխարհում անցկացվում են Երկրի օրվան նվիրված բնապահպանական ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք ձեւավորելու տարատեսակ միջոցառումներ, Հայաստանի որոշ մարզերում այդ ամենից անտեղյակ կամ «անտեղյակ» բնակիչները շարունակում են սառնասրտորեն փչացնել շրջակա միջավայրը՝ «հեղեղելով» այն աղբակույտերով:
Արմավիրի մարզխորհրդի նիստերում որքան հաճախակի են անդրադառնում մարզի աղբահանության ու էկոլոգիայի հարցերին, այնքան մի շարք համայնքներում ավելանում է աղբն ու պակասում տիրոջ վերաբերմունքը սեփական բնակավայրի նկատմամբ:
Կառավարության հանձնարարությամբ եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ՝ Արմավիրի սանիտարական վիճակի հսկողությունն իրականացնող հանձնաժողով է ստեղծվել, բայց հանձնաժողովն էլ ի զորու չէ վերահսկողություն իրականացնել հատկապես այն վայրերի նկատմամբ, որոնք վերածվել են մեծ աղբանոցների: Դրանք հիմնականում գետամերձ տարածքներն են, որոնք բնակիչների ձեռքով ու համայնքապետերի լուռ թողտվությամբ կամ պասիվության արդյունքում դարձել են աղբանոցներ:
Անմխիթար է վիճակը հատկապես Քասախ գետի Ծաղկունք գյուղի միջով հոսող հատվածում, որտեղ աղտոտված է ոչ միայն ջուրը, այլեւ՝ գետի ափերն ամբողջությամբ: Կենցաղային ու շինարարական աղբը նույնիսկ տեղ-տեղ աննկատելի է դարձրել գետի հոսքը:
Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը թեեւ վստահեցրեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի համայնքներում աղբի կուտակումներ չլինեն ու աղբահանությունը կատարվի ժամանակին, բայց, այնուամենայնիվ, իրենց գործում թերացող գյուղապետեր միշտ էլ լինում են: «Այն համայնքապետերը, ովքեր թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ, մարզպետից խիստ նկատողություն են ստացել: Համայնքի մաքրության ու աղբահանության համար նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվել. եթե այս անգամ էլ թերանան՝ կենթարկվեն վարչական տույժի»,- ասաց փոխմարզպետը:
Գյուղական համայնքների ղեկավարները դժգոհում են, որ բյուջեի սուղ միջոցները թույլ չեն տալիս աղբահանություն իրականացնել գոնի 15 օրը մեկ անգամ: Արայիկ Աղաբաբյանը հակադարձեց. «Եթե մարդը աշխատելու ցանկություն ունի՝ հնարավորություն ու միջոցներ միշտ կգտնի: Բյուջեն թույլ է տալիս, թե՝ ոչ, դա իրենց խնդիրն է. թող իրենք գտնեն ճանապարհը, թող պայմանագիր կնքեն բեռնատար ունեցող որեւէ ընկերության կամ անհատի հետ եւ գործն անեն: Եթե փող չունեն՝ նշանակում է համայնքը պետք է աղբանոցի՞ վերածեն»:
Մարզպետարանի արդյունաբերության, բնակարանային եւ կոմունալ բաժնի պետ Գվիդոն Ղազարյանի փոխանցմամբ էլ՝ մարզում կան համայնքներ, որոնք բեռնատար մեքենա ունեցողների հետ վաղուց արդեն պայմանագիր են կնքել եւ աշխատում են: Ըստ նրա՝ Բաղրամյանի յոթ գյուղեր այդկերպ են սանմաքրումն իրականացնում եւ՝ բավականին արդյունավետ:
Հետաքրքրվեցինք, եթե մեկշաբաթյա ժամկետից հետո էլ գյուղապետերը զրոյական արդյունք ցույց տան ու ենթարկվեն վարչական տույժի, հնարավո՞ր է, որ դրանից հետո նրանց հետագա անվստահություն հայտնելու հարց բարձրացվի: Չի բացառվում՝ ասաց փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը: