Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը չի վախենում

Ապրիլ 29,2009 00:00

Ըմբռնողի ասուլիսը

Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց հանրապետության քրեական իրավիճակը՝ 3 ամիսների ընթացքում: Նա արձանագրեց, որ նկատվում է հանցագործությունների «աննախադեպ աճ»: Նախորդ տարվա 3 ամիսների ընթացքում 57%-ով դրանք ավելացել են: Ա. Սարգսյանը ողջ ասուլիսի ընթացքում ցանկացած նախադասության մեջ օգտագործում էր վաղուց մոռացված «ըմբռնումով ենք մոտենում» բառակապակցությունը:

Այսպես ըմբռնումով էին մոտենում դիտավորյալ մարմնական վնասվածքի դեպքերի բացահայտմանը, կանխարգելիչ միջոցառումներին, թմրանյութերի հայտնաբերմանը եւ, իհարկե, հանրապետության երեւելիների եւ նրանց հարազատների կողմից կատարված հանցագործություններին ու դրանց բացահայտմանը, թեեւ Ա. Սարգսյանը հավատացնում էր, որ ոստիկանությունը տանուլ չի տալու այն խաղը, որ սկսել է եւ, անկախ անձերից, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության: Ալիկ Սարգսյանը հաստատեց այն տեղեկությունները, ըստ որի՝ ձերբակալվել են եւ երեկ ոստիկանության բաժին բերման են ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի 2 թիկնապահները, որոնք մարմնական վնասվածքներ էին հասցրել մի քաղաքացու: Նա հաստատեց նաեւ այն լուրը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազի թաղապետ եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի որդին խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները եւ այդ պատճառով տուգանվել է, իսկ այն, որ նա վիճաբանել եւ ծեծել է ոստիկաններին, ըստ ոստիկանապետի՝ չէր համապատասխանում իրականությանը: Ավելին, նա հավելեց, որ Հովսեփյանը, ի պատիվ իրեն, չի էլ ներկայացել, որ գլխավոր դատախազի եղբորորդին է:

ՀՀ ոստիկանապետը հաստատեց, որ 2008թ. դեկտեմբերին սպանվել է «Վոյաժ» տաքսի սերվիսի վարորդ, եւ որ մարդասպանը՝ Արթուր Սահրատյանը, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քրոջ որդին է եւ զենքն էլ նրան էր նվիրել քեռին: Արթուրը ներկայումս հետախուզվում է, եւ գործի քննությունն էլ գտնվում է քննչական վարչության վարույթում: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդիների «գործին», այն է՝ ապրիլի 4-ին Արտաշատում տեղի ունեցած կրակոցներին, ոստիկանապետ Ա. Սարգսյանը հավելեց, որ տուժող են ճանաչվել Աբրահամյանները, իսկ կրակողը՝ Վիլիկ Ղազարյանը, հետախուզվում է:

Լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքի եւ այն հավաստիացումների կապակցությամբ, թե գործի նախաքննությունն ավարտվել է, ՀՀ ոստիկանապետը հայտնեց, որ փորձաքննություններն ավարտվել են, եւ քննչական գլխավոր վարչությունը մինչեւ մայիսի 3-4-ը գործը կուղարկի դատարան:

Նորից շոշափվեց ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության վարկածների հարցը: Ըստ ոստիկանապետի՝ 5-րդ վարկած գոյություն չունի, եւ բացահայտման համար ժամանակ է պետք՝ գործը հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով: Ասուլիսի ժամանակ նորից անդրադարձ եղավ «Ծղոտներ» սրճարանում ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյան-Աշոտ Աղաբաբյան զույգի «բերման ենթարկմանը»՝ դիմակավորված անձանց կողմից: Ա. Սարգսյանը ափսոսաց, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այնտեղ չի եղել, որովհետեւ ինքը ըմբռնումով է մոտենում միայն մեր գործընկերոջ արածին՝ պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողին, որի շատ լուսանկարներ օգնում են տեսնել այն, ինչը չենք տեսնում: Իսկ որ «Ծղոտներում», ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, այդ պահին ներկա է գտնվել նաեւ սրճարանի՝ հետախուզման մեջ գտնվող տնօրեն Գեւորգը, ոստիկանությունն իրոք չի տեսել:

ՀՀ ոստիկանապետը ըմբռնումով է մոտենում նաեւ այն լրագրողներին, որոնք նույնիսկ մտերմիկ խոսակցությունները հետո շահարկում են: Մասնավորապես, այն հարցին, թե ո՞ր օրենքով է ոստիկանապետը իբրեւ հարկադրանքի կիրառման միջոց հայտարարում, թե Հյուսիսային պողոտան միտինգավորների կառուցած տարածքը չէ, եւ այնտեղ հանրահավաք անելու իրավունք չունեն, պատասխանեց. «Հյուսիսային պողոտան պատկանում է ժողովրդին, եւ ես ցանկանում եմ, որ օրենքի սահմաններում այնտեղ լինեն հանրահավաքներ եւ զանգվածային անկարգություններ չլինեն: Կառուցումը որեւէ նշանակություն չունի: Ես նախորդ միտքը ասել էի Հանրային խորհրդի նիստից հետո՝ մի կին լրագրողի հետ ունեցած մտերմիկ խոսակցության ժամանակ: Եթե ես պնդեի այդ միտքը, ապա պիտի շարունակեի, թե մենք որ փողոցով պիտի անցնեինք, եթե 90%-ը կոմունիստներն են կառուցել»: Ասուլիսից հետո ոստիկանությունը, առաջին անգամ պատմության մեջ, լրագրողներին հրավիրեց սրճխումի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել