Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԵՍ ԷԻ»

Ապրիլ 29,2009 00:00

\"\"Նախկին դեկանն իրեն «կալանավոր Ֆեմիդա» է համարում

Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում է գտնվում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի նախկին դեկան, ՀՀԿ անդամ Ֆելմիրա Դավթյանը: Նրան առաջադրվել է մեղադրանք՝ կաշառակերության համար: Երեկ Ֆ. Դավթյանը տեղեկացրեց, որ նամակ է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին եւ ՀՀ նախագահին: Նա խնդրում է, որ իրեն թույլ տան 10-ամյա որդու հետ հեռանալ Հայաստանից կամ՝ իր նկատմամբ իրականացնել մահապատիժ, քանի որ չի ընդունում իրեն մեղսագրվածը: «ՀՀ Տավուշի մարզը հրեշտակների բնակավայր է: Մարզպետ, քաղաքապետ, գազի վարչության տնօրեն, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն, էլցանցի տնօրեն. բոլորը հրեշտակներ են եւ իրենց հալալ քրտինքով են ապրում: Մարզի միակ կաշառակերը ես եմ»,- ասում է «շղթայված Ֆեմիդան»: Ըստ նախկին դեկանի՝ ինքը տնօրենի պահանջով 100 000 դրամ է վերցրել նրա ընկերոջ՝ զինվորական ոստիկանապետ Սուրիկ Ամիրյանի ազգական Էդգար Ամիրյանից՝ 5 քննություն եւ 2 ստուգարք նշանակել տալու համար եւ նույն տնօրենի պատվերով էլ ձերբակալվել: «Գիտեի, բայց կասկածել չէի կարող, քանի որ նրա հրամանն էի կատարում: Մեղավոր եմ, որ հավատացել եմ նշանավոր պատմաբան- տնօրենին»,- նշում է նա: Ըստ կալանավորի՝ իր համար ամենադժվարն այն է, որ կանանց միամսյակի ժամանակ տղամարդը «գիտնական կնոջը մատաղ կանի»: ՀՀԿ-ական կալանավորը կարծում է, որ իր նկատմամբ քաղաքական պատվեր է կատարվել եւ նա զղջում է, որ մասնակցել է նախագահական ընտրություններին: «5 հատ 20 000-անոց դնելով որդուս գրպանը, տնօրենս խնդրեց նրան, որ մայրիկին վերահսկի, բացատրի ճիշտ ընտրություն կատարելու մասին»,- ՀՀ նախագահին ուղղված նամակում շարադրում է Ֆ. Դավթյանը: «Շղթայված Ֆեմիդան» իրեն մեղավոր է ճանաչում, որ տնօրենի «սիրուն աչքերի» համար ընդունվել է ՀՀԿ շարքերը, որ ընդունելության քննություններից հետո տնօրենի պահանջով համոզում էր ծնողներին՝ նամակ գրել ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանին եւ շնորհակալություն հայտնել արդար քննություններ իրականացնելու համար: Խեղճ ծնողները «շառից» հեռու մնալու համար գրում էին, իսկ ինքը նամակները տալիս էր տնօրենին եւ նա ուղարկում էր: Իրեն մեղավոր է ճանաչում, որ Իջեւանի մասնաճյուղի դասամատյաններում կան անուններ, որոնց, բացի տնօրենից, ոչ դասախոսները, ոչ էլ ուսանողներն են ճանաչում եւ ինքը ընդամենը մի քանի փաստ է համարձակվում ներկայացնել, քանի որ դեռ ՀՀ-ում է: «ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հաշվապահությունը ամենամաքուրն է աշխարհում: Այդ է պատճառը, որ երբ ստուգողներ են գալիս, տասը րոպե անց արդեն ռեստորանում են լինում: Միամիտ զուգադիպության արդյունք է նաեւ, որ հաշվապահության աշխատողները տնօրենի կինը, միլպետի կինը եւ մարզպետի կինն են… Համալսարանում շինարարության, վերանորոգման անվան տակ գումար չի յուրացվում, դասախոսների համար կառուցված կացարանները համապատասխանում են ծախսած գումարներին, այստեղ չաշխատող, բայց աշխատավարձ ստացողներ չկան, 2 դրույքով աշխատողները մեկ դրույքով չեն վարձատրվում, աշխատողներն էլ տնօրենի աչքաչափով չեն վարձատրվում, ուսանողների թոշակները չեն յուրացվում, ստուգողական աշխատանքները գրել չկարողանալու համար ուսանողներին 10-30 հազար դրամ չեն տուգանում»,- գրում է Ֆ. Դավթյանը եւ իրեն մեղավոր ճանաչում, որ այդպես չի մտածում: Նա բազմաթիվ այլ մեղադրանքներ է հնչեցնում տնօրենի հասցեին:

«Առավոտին» է դիմել նաեւ կալանավորվածի որդին՝ Դեյվիդ Շվարցման- Դավթյանը: (Թեեւ նրա գրածը 10-ամյա երեխայի նամակ չէր հիշեցնում): «Թողել եմ դպրոցը, դասադուլի մեջ եմ: 10 տարի մայրիկիս ծոցում եմ քնել: Այժմ անկողնային հիվանդ, 80-ամյա տատիկիս տանը մայրիկիս նկարը գրկած՝ լացում եմ, թող տան իմ մայրիկին: Եթե նա է այս հողի կաշառակերը, մենք կգնանք եւ կմաքրվի այս հողը: Իմ մայրիկը անմեղ է, նրան հրամայել են եւ ծուղակ լարել: Եթե մայրս կաշառակեր էր, ինչո՞ւ նշանակեցին դեկան, եթե ոչ՝ ինչո՞ւ սարքեցին գլխին: Մորս անունը Ալիեւի նկարի տակ փակցրել էին ողջ քաղաքում: Մորս ձերբակալող մարդը գոռալով ասում էր. «Տեսա՞ր, քեզ ոնց փուռը տվին»: Ի՞նչ է տալու այս երկրին իմ անմայր մնալը, դպրոց չգնալը, տանջվելը»,- հարցնում է 10-ամյա Դեյվիդը:

Ըստ Ֆ. Դավթյանի, փորձաքննությունը ցույց է տվել, որ գործիք դարձած ուսանողին սպառնացած ձայնը իրենը չէ, բայց դա չի օգնում իր կալանքը գրավով փոխարինելուն եւ հիմա էլ իր հարազատների, բարեկամների ձայներն են քննության առնում: Նա համոզված է, որ զանգն էլ տնօրենի կազմակերպածն է, իսկ թե ինչու չի հայտնաբերվում հեռախոսահամարը՝ «գուցե «ՎիվաՍելում» աշխատող քրոջ աղջկա գյուտերի՞ց է», կասկածում է նա:

«Վտանգի տակ է իմ եւ անչափահաս որդուս կյանքը, ոտնահարված են որդուս իրավունքները, նա դասադուլի մեջ է եւ տնային կալանքում, վախենում է կյանքի համար,- նամակն ավարտում է Ֆ. Դավթյանը, նաեւ հարցնում,- գուցե աթոռի աճուրդի օրե՞նքն է այսպիսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել