Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները մրսում են

Ապրիլ 29,2009 00:00

Մի խումբ ծնողներ դժգոհություն են հայտնում, որ Էրեբունի համայնքի մանկապարտեզներում ջեռուցումը դադարեցված է, ինչի հետեւանքով էլ մանուկները հիվանդանում են:

Էրեբունի համայնքի որոշ մանկապարտեզներում, մասնավորապես՝ Սարի թաղի մանկապարտեզներում, ջեռուցում չկա, շատ ցուրտ է: Ծնողների ներկայացմամբ, շատ երեխաներ հիվանդանում են ու մանկապարտեզից բացակայում: Ջեռուցումը այս համայնքում դադարեցվել է մարտի 15-ից եւ մանկապարտեզների աշխատակիցները երեխաների հետ ստիպված են «յոլա գնալ» էլեկտրական տաքացուցիչներով: Ծնողների ներկայացմամբ, տաքացուցիչները միացվում են միայն խաղասենյակներում, իսկ ննջասենյակներում ցուրտ է եւ երեխաները քնում են այդ ցածր ջերմաստիճանում: «Հոգատար դաստիարակներն աշխատում են քնի ժամին էլ զբաղեցնել նրանց, որպեսզի փոքրիկները չննջեն սառը անկողիններում: Եթե ավագ խմբերի հետ դա հաջողվում է, ապա մսուրայինի դեպքում՝ ոչ, քնի դեմ չեն կարողանում պայքարել: Մենք կարող ենք երեխաներին չուղարկել մանկապարտեզ, տանը պահել, բայց չէ՞ որ վարձ ենք տալիս»,- ասաց ծնողներից մեկը:

Ըստ ծնողների՝ տարեցտարի միայն վարձն են թանկացնում, բայց դրա դիմաց ոչ մի դրական փոփոխություն չի կատարվում. «Մի շենք պիտի տաքացնեն, էդ էլ չեն անում: Ոչ սնունդն է նորմալ, ոչ էլ խաղալիքներ ունեն: Օրը մի բան լցնում են երեխաների առաջ, բայց մեկն ուտում է, մեկը չի ուտում: Գումարած դրան՝ ջեռուցումն էլ անջատել են էս ցրտին: Թե ինչի համար ենք վճարում՝ մենք էլ չգիտենք»: Ծնողներից մեկը խիստ նյարդայնացած էր, քանի որ ստիպված է եղել իր երեխային հիվանդության պատճառով տեղափոխել համայնքի մեկ այլ մանկապարտեզ, հույս ունենալով, որ այնտեղ պայմաններն ավելի լավ են, բայց՝ «Սխալվեցի, նույն պատկերն էլ այնտեղ էր: Առողջ երեխան հերիք է մի օր մանկապարտեզ գնա, հաջորդ օրն իսկ հիվանդ պառկած է»: Ծնողները հետաքրքրվել էին մյուս համայնքի մանկապարտեզներից ու պարզել, որ մի շարք համայնքներում ջեռուցումը դեռ կա ու սենյակներում բավականին տաք է:

«Առավոտը» փորձեց Էրեբունի համայնքի թաղապետարանից պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ են ջերմաստիճանի ցածր լինելու պայմաններում ջեռուցումը դադարեցրել: Թաղապետարանի շենքերի եւ շինությունների պահպանման բաժնի պետ Արամ Մաճկալյանն «Առավոտին» հայտնեց, որ Սարի թաղի մանկապարտեզների գազամատակարարման դադարեցումը կապված է ջեռուցման սեզոնի ավարտի հետ: Նա տեղեկացրեց նաեւ, որ վերոհիշյալ մանկապարտեզների գազամիացումն ու սնուցումը կատարվում է դպրոցներից, իսկ այդ հիմնարկները գտնվում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: «Մենք ոչինչ անել չենք կարող: Եթե դպրոցներում ջեռուցումն անջատված է, բնականաբար, անջատված է նաեւ մանկապարտեզների ջեռուցումը»,- ասաց Ա. Մաճկալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել