Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՅՈՒՏԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»

Ապրիլ 29,2009 00:00

\"\"«Հույսիտ» գյուտի հեղինակ, գիտնական Ռուբեն Յադոյանը պնդում է, որ իր հայտնագործածը ջրակլանիչ եւ ջրապահպան

աննախադեպ հնարավորություններով նյութ է եւ կլուծի բնապահպանական, քաղաքաշինական ու գյուղատնտեսական մի շարք խնդիրներ:

Մինչ մեր Գիտությունների ազգային ակադեմիան տարեկան հավաքներ է անցկացնում, որտեղ գեղեցիկ ելույթներ են հնչում՝ լի փոխադարձ մեծարանքի խոսքերով ու մեր գիտական ներուժի զարգացման մասին դեկլարատիվ մտքերով, մինչ նորագույն տեխնոլոգիաները առաջնահերթություն համարող մեր նախկին եւ ներկա կառավարությունների ղեկավարները հայտարարում են գիտության հանդեպ հատուկ հոգածության մասին, արդեն 20 տարի է՝ որոշ հայ գիտնականների արած հայտնագործությունը մատնված է անուշադրության:

Դեռեւս 20 տարի առաջ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ինժեներաերկրաբանության եւ հիդրոերկրաբանության բաժնի աշխատակիցները սինթեզել եւ պատենտավորել են պոլիմերամիներալային մի համակազմ, որն օժտված է ջրակլանիչ եւ ջրապահպան աննախադեպ հնարավորություններով: Իր տեսակի մեջ եզակի պոլիմերային բաղադրանյութի 10 սանտիմետրանոց շերտը ապահովում է լիակատար անջրթափանցություն, ինչը հնարավորություն է տալիս լուծել ջրատեխնիկական եւ հակասողանքային բարդ խնդիրներ: Բաղադրանյութը ի վիճակի է կլանել իր քաշից 25-50 անգամ ավելի ջուր եւ այն պահպանել երկար ժամանակ: «Հույսիտ» անվանված այս համակազմը, որն ի սկզբանե ստեղծված էր հակասողանքային նպատակներով, անցած տարիների ընթացքում անցել է բազմաթիվ փորձարկումներ, որոնց ընթացքում ի հայտ են եկել «Հույսիտի» կիրառման նոր հնարավորություններ: Ըստ հայտնագործության հեղինակային խմբի ղեկավար Ռուբեն Յադոյանի, «Հույսիտի» կիրառումը հնարավորություն կտա լուծել նաեւ Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական, քաղաքաշինական, ինչպես նաեւ գյուղատնտեսական խնդիրներ:

Մասնավորապես, այսօր Հայաստանում առկա 95 ջրամբարներից 92-ը, ըստ գիտնականի, ունեն ջրանցիկության լուրջ խնդիր. «Ջրի մոտ 60%-ը կորչում է, մինչդեռ, եթե ջրամբարների հատակը պատվի «Հույսիտի» շերտով, դա կերաշխավորի լիակատար անջրթափանցություն: Այդպիսով, ջրամբարներից ջրի կորուստներ չեն լինի, ինչը նշանակում է՝ միլիոնավոր դոլարների տնտեսում: Այն էլ՝ հիմա, երբ խմելու ջուրը գնալով դառնում է ռազմավարական նշանակության ռեսուրս ողջ աշխարհում: Ընդ որում, մեր կողմից մշակված է համապատասխան տեխնոլոգիա, որով հնարավոր կլինի ջրամբարների հատակները դարձնել անջրթափանց՝ առանց ջրահեռացման»:

Երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռ. Յադոյանը վստահեցնում է, որ «Հույսիտը» կարող է նաեւ շատ մեծ կիրառություն գտնել այն գետափնյա շրջաններում, որտեղ հաճախակի են լինում ջրհեղեղներ: Բացի այդ, համակազմը անփոխարինելի է թափոնային գոտիների մեկուսացման հարցում. «Մասնավորապես՝ պոչահանքերի դեպքում, եթե դրանց հատակը պատվի «Հույսիտից» պատրաստված համապատասխան շաղախով, ապա դա թույլ չի տա, որ թունավոր նյութերը ներծծվեն հողի մեջ, պոչամբարներում կվերանա լվացում հասկացությունը՝ էրոզիան: Շեշտակիորեն մեծացնելով ապարների կպչողականությունը՝ «Հույսիտը» հուսալիորեն կամրացնի պոչամբարի հատակը, ինչը եւս, հատկապես Հայաստանի սեյսմավտանգ ընդերքի պարագայում, ռազմավարական նշանակություն ունի: Նույնը՝ նաեւ Ատոմակայանի թափոնների դեպքում, նույնը՝ նաեւ ստորգետնյա ավտոճանապարհներում ու ջրատարներում, օրինակ՝ Արփա-Սեւան եւ այլն»: Գիտնականի խոսքերով, անցած տարիների փորձարկումները ցույց են տվել, որ «Հույսիտի» գործունեության պիտանելիության՝ մինչ այդ սահմանված 5 տարի ժամկետն ավելի մեծ է. այն 10-15 տարի անց էլ գործում է նույն արդյունավետությամբ:

2 տարի առաջ, երբ Շիրակի մարզում ջրամբարի պատնեշի մի հատվածը փլուզվել էր, երկրաբանն ու իր խումբը պատրաստակամություն են հայտնել օգնելու եւ խնդրին արմատական լուծում տալու: Արտակարգ իրավիճակների վարչության պետն անձամբ է շահագրգռություն հայտնել, հանձնարարել ուսումնասիրել «Հույսիտի» կիրառման արդյունավետությունը: Կազմվել են համապատասխան հաշվարկներ, տրվել են դրական գնահատականներ, սակայն դրանով էլ ամեն ինչ ավարտվել է: Եվ այսօր էլ նույն ջրամբարի պատնեշը գտնվում է փլուզման վտանգի առաջ: Համապատասխան հաշվարկներ եւ նախագծեր են արվել նաեւ Ջրային տնտեսության նախագծող ինստիտուտի՝ «Հիդրոպրոյեկտի» կողմից, որով եւս ապացուցվել է բաղադրանյութի կիրառման արդյունավետությունը, սակայն կրկին գործը տեղից չի շարժվել՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մեզ հետ զրույցի ընթացքում գիտնականը հերթով թվեց անցած տարիներին ՀՀ կառավարության պատասխանատուների անունները, որոնք բոլորն էլ, դրական եզրակացություններ տալով հանդերձ, ոչինչ չեն արել. «Պարզապես փաստաթղթային մակարդակով, ինչքան ուզեք՝ դրական եզրակացություններ, որոշումներ ունենք, որտեղ ասվում է, որ՝ այո, կառավարությունը 2 ձեռքով համաձայն է, որ «Հույսիտը» շատ հեռանկարային է թե որակական, թե ֆինանսական առումով եւ այլն: Բայց մեջը բան չկա»,- ասում է գիտնականը՝ անցած տասնյակ տարիների ընթացքում ստացած եզրակացությունները ցույց տալով:

«Հույսիտ» պոլիմերով անցած տարիներին հետաքրքրվել են նաեւ օտարերկրացիներ՝ Քուվեյթից, Լիբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուզբեկստանից, Ավստրիայից: Ուզբեկստանի եւ ԱՄԷ-ի մասնավոր ընկերությունների հետ համատեղ, հաջողությամբ իրականացվել են լոկալ ծրագրեր: Ըստ Ռ. Յադոյանի, արտերկրից եղել է հստակ հետաքրքրություն, սակայն ե՛ւ անվստահություն, քանի որ. «Օտարը զարմանում էր, ասում, թե ինչպես է, որ ձեր պետությունն այս տեսակ գյուտին տիրություն չի անում»:

Այնուամենայնիվ, իր հայտնագործությունը «Հույսիտ» անվանած գիտնականը չի հուսահատվում: Նրա ղեկավարած խումբը հունվարին նամակով դիմել է ՀՀ կառավարությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է՝ կարգադրելով համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել բաղադրանյութի կիրառման արդյունավետությունը:

Հ. Գ. Գիտնականը նաեւ «Հույսիտի» գյուղատնտեսական եւ դենդրոլոգիական կիրառության ծրագիր ունի, որին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել