Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Թուրքիայում աշխատանք կգտնեն

Ապրիլ 29,2009 00:00

Ըստ «Հանուն ապագայի քաղաքացիական նախաձեռնության» համակարգող Լեւոն Երզնկյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի, որ մեր հայրենակիցներն առանց դժվարությունների գնան Թուրքիայում աշխատելու:

«Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ սկսած տրանսպորտից, մինչեւ քաղաքականություն ու սոցիալական հարցեր: Օրինակ, մեր քաղաքացիները կարող են գնալ եւ աշխատել Թուրքիայում: Ճիշտ է, հիմա էլ են գնում, բայց՝ դժվարություններով: Իսկ Ղարաբաղի հարցի լուծումից հետո կիրագործվեն բազմաթիվ ներդրումային եւ զարգացման ծրագրեր, որոնք այժմ Ադրբեջանը պետական մակարդակով արգելում է իրականացնել»,- «Առավոտի» հետ զրույցում սահմանի բացման տնտեսական նշանակության վերաբերյալ նման կարծիք հայտնեց «Հանուն ապագայի քաղաքացիական նախաձեռնության» համակարգող Լեւոն Երզնկյանը: Ըստ Լ. Երզնկյանի, այն, որ ներկայիս իշխանություններն իրենց մեջ ուժ գտան հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված խնդիրները քննարկման առարկա դարձնել, արդեն իսկ դրական տեղաշարժ է. «Չնայած ընդդիմությունը քննադատում է եւ ասում, որ իշխանությունը վարում է պարտվողական քաղաքականություն, սակայն հիմա այդ բոլոր հարցերը լուծվում են միասին, իսկ այն ժամանակ դա չկար»:

Որոշ քաղաքական գործիչների այն դիտարկումը, թե սահմանի բացումը տնտեսապես այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ Թուրքիայի ապրանքներն ավելի մրցունակ են, ըստ Լ. Երզնկյանի՝ ճիշտ չեն. «Համաձայն չեմ նրան, որ մենք չունենք մրցունակ ապրանքներ: Մի քիչ ծխախոտը լավը չէ: Լվացքի փոշի չունենք, որ մրցենք, իսկ մնացած բոլոր ոլորտներում՝ սկսած գարեջրից մինչեւ քաղցրավենիք, մեր ապրանքներն ավելի մրցունակ են, քան թուրքականը: Ես չեմ ասում, որ իրենք լավ ապրանք չունեն, սակայն, եթե կա թուրքական եւ դրա հայկական տարբերակը, ապա ես վստահ եմ, որ մեր ազգաբնակչությունը միանշանակ ընտրելու է հայկականը: Անձամբ ես այդպես եմ անում: Մենք ունենք արտասահմանյան սպառողին ապրանքները հասցնելու խնդիր: Մինչեւ Վրաստանով կամ Իրանով հասցնում ենք եվրոպական կամ ասիական սպառողին, այն դառնում է կրկնակի, եթե ոչ եռակի թանկ: Դա է նաեւ պատճառը, որ մեր ապրանքները մրցունակ չեն»: Խոսելով մեր երկրում իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի մասին, պարոն Երզնկյանն ասաց. «Կապված ճգնաժամի հետ, ներկայիս տնտեսական քաղաքականությունն ավելի հեշտ է քարկոծել: Սխալներ կան, իհարկե: Օրինակ, ՀԴՄ-ների կիրառման հետ կապված մեթոդները ճիշտ չէին: Բոլորս էլ հասկանում ենք, որ պիտի տեղադրվեին դրանք, ուղղակի կարելի էր այնպես անել, որ հասարակության մեջ դժգոհությունն այդքան շատ չլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել