Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՄԱՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ, ՈՄԱՆՔ՝ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ

Ապրիլ 29,2009 00:00

Սեփական եկամուտները հավաքելու անկարողությունից դրդված՝ Շիրակի մարզի որոշ գյուղապետեր դիմել են ծայրահեղ քայլերի:

Շիրակցի գյուղապետերը իրենց վատ աշխատանքով շարունակում են «խայտառակ անել» մարզպետ Լիդա Նանյանին, որն ամեն անգամ մարզխորհրդի նիստերի ժամանակ ստիպված նրանց հիշեցնում է, որ սեփական եկամուտների չհավաքագրման առումով Շիրակի մարզը «ռեկորդակիր» է:

Նախորդ օրը, Շիրակի մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը «Առավոտի» խնդրանքով հրապարակեց այն գյուղերի ցանկը, որոնց գյուղապետերը, այսպես ասած, անպատասխանատու են: Դրանք են՝ Սարագյուղը, Վարդաղբյուրը, Փոքր Սեպասարը, Կրասարը, Արփենին, Սիզավետը, Բավրան, Մուսայելյանը, Մեծ Սարյարը, Ցողամարգը, Գյուլուբուլաղը, Կաքավասարը, Ղազանչին եւ Մեծ Սեպասարը: Հ. Սիմոնյանը չի արդարացնում այն գյուղապետերին, որոնք չեն կարողանում հավաքագրել սեփական եկամուտները, քանի որ կողք կողքի գտնվող եւ նույն բնակլիմայական պայմաններն ունեցող համայնքներից մեկը բյուջեն 100%-ով կատարում է, մյուսը՝ ոչ, սակայն, նրա կարծիքով, «համայնքի բնակիչներն էլ մի բան չեն». «Ճիշտ է, մենք գյուղապետերին ենք հալածում, բայց եթե էս ընթացքում մեր համայնքի բնակիչները չաջակցեն իրենց համայնքի ղեկավարին, վճարումները չկատարեն, համայնքի ղեկավարները կօգտագործեն իրենց իրավունքները, ընդհուպ մինչեւ դատական կարգով հավաքագրում իրականացնելու համար, այլ ճանապարհ չկա, եթե մարդիկ ինքնակամ վճարելու ցանկություն չունեն»: Իսկ ինչպե՞ս կվարվի Շիրակի մարզպետարանը այն գյուղապետերի հետ, որոնք անկարող են բյուջեն լցնել: Հ. Սիմոնյանի ներկայացմամբ՝ իրենք այդպիսի գյուղապետերին ոչ թե անվստահություն կհայտնեն, այլ դատական կարգով անգործունակ կճանաչեն. «Անվստահությունը ավելի քիչ պատիժ է, քան դատական կարգով պաշտոնը վարելու իրավունքից զրկելը, բայց մենք պետք է փորձենք ժամկետներում հավաքագրել: Եթե մենք հասկանայինք, որ միանգամից կարելի է 2 միլիարդ դրամը հավաքագրել, մենք էդ խնդրին կանդրադառնայինք միանգամից, էդ համայնքի ղեկավարներին կպատժեինք, սակայն կան համայնքներ, որոնք ցուցանիշներով բավականին ցածր են, բայց գործող գյուղապետը բավականին լուրջ աշխատանքներ է տանում: Ասենք, գյուղը բավականին մեծ պարտքեր ունի, բայց ոչ էսօրվա գործող գյուղապետի պատճառով, նրա կատարած աշխատանքը չնկատենք, ճիշտ չի լինի»:

Տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանն էլ հավելում է, որ Շիրակի մարզի ամենակարկտահարված համայնքը՝ Ջրառատը, շուրջ 10 տարի է 100%-ով ապահովում է սեփական եկամուտները, եւ սա՝ գյուղապետի շնորհիվ: Սակայն, Կ. Աբրահամյանի խոսքերով, կան համայնքներ, որոնց բարձրագույն կրթություն ունեցող ավագանու անդամը խայտառակում է գյուղը, չիմանալով, որ սեփական եկամուտները ոչ թե պետության բյուջե են գնում, այլ՝ համայնքի. «Ես անուն չեմ հրապարակի, բայց մի անգամ գնացել ենք գյուղ՝ տեսնելու ինչ վիճակում է, ավագանու անդամը ասեց՝ գումարները հավաքում ենք, պետությունը տանում է, շատ զարմանալի էր, դա էն համայնքը չէ, որտեղ նման հայտարարություն արվեր, գյուղապետը աչքունքով հասկացնում էր լռել: Էսօր մեր բնակչության մեծ մասը էդ կարծիքին է, որ համայնքի սեփական եկամուտները ինչ-որ տեղ են գնում»:

Ըստ Կ. Աբրահամյանի՝ պարտատերերի ցուցակն ուսումնասիրելիս հանդիպում են այնպիսի անունների, որոնք պետական ծառայողներ են, օրինակ, կան այդպիսի մարդիկ Ցողամարգում, Զույգաղբյուրում: Պաշտոնյայի ասելով՝ գյուղապետերը երբեմն վախենում են մեծահարուստ բնակիչներին դատի տալուց, որի արդյունքում էլ ստեղծվում է այս պատկերը, ավելին, երբեմն գյուղապետն ինքը չի վճարում իր հարկերը:

Նշենք նաեւ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ «կորել է» Ախուրիկի գյուղապետ Դրաստամատ Բադեյանը: Այս առնչությամբ մեր հարցին Կ. Աբրահամյանը պատասխանեց. «Այդ գյուղում սեփական եկամուտների հավաքագրման առումով տխուր պատկեր էր, գյուղապետարանը պարտքերի մեջ թաղված էր, գյուղապետն էլ, մի օր ներկայանալով մարզպետարան, հայտարարել է, որ ինքը մարզպետին դիմում է ներկայացնելու ու պաշտոնից հրաժարվելու է, սակայն նրան խորհուրդ են տվել դիմել ավագանու օգնությանը, ավագանու նիստ գումարել ու այդ ձեւով հրաժարվել: Բայց նա ուղղակի թողել ու գյուղից հեռացել է»: Անհայտ պատճառներով պաշտոնից հրաժարվել է նաեւ Սառնաղբյուրի գյուղապետը: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչության պետ Մարտին Տոնյանն էլ, ներկայացնելով մարզի արդյունաբերության վիճակը, ասաց, որ «ուրախացնելու բան չունի», քանի որ ոլորտում 6-7% անկում է գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել