Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրեմն էլ ինչո՞ւ էին մեղադրում թուրքերի հետ քիրվայության համար

Ապրիլ 29,2009 00:00

ՀՀԿ խոսնակը պնդում է, թե հանրապետականները 2008-ին չեն հնչեցրել նման մեղադրանքներ

Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում հյուրընկալված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել եւ ունեցել է հստակ դիրքորոշում, այն է՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց որեւէ նախապայմանի:

Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական ուղղորդված հակաքարոզչությունն իրականացվում էր նաեւ թուրքական դրոշի օգնությամբ։ Այն ժամանակ մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից՝ փորձ անելով ապացուցել, թե Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախընտրելի թեկնածուն է, պնդումներ էին արվում, թե Տեր-Պետրոսյանն ուզում է Ցեղասպանության հարցը հանել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից եւ այն թողնել սփյուռքին։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Տեր-Պետրոսյանի մտադրությանը պատասխանում էին «Լեւոն էֆենդի» պիտակով՝ նրան ֆեսով պատկերելով ու թուրքերի հետ քիրվայություն անելու մեղադրանքներով: Ուրեմն, ինչպե՞ս է բացատրելի այս ամենը, եթե իշխող կուսակցությունն իրոք այն ժամանակ էլ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը՝ «Առավոտի» այս հարցին պրն Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն մշտապես եղել է ոչ թե անձերի դեմ, այլ երեւույթների, եւ վատ երեւույթների դեմ է հանդես եկել: Նախագահական քարոզարշավի ժամանակ գոնե ես չեմ հիշում հանրապետականների, որոնք նման հակաքարոզչությամբ են հանդես եկել: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ձեր գործընկերներին՝ ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել: ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը նման հակաքարոզչությամբ չեն զբաղվել»:

Մեր խնդրանքով ՀՀԿ խոսնակը նաեւ անդրադարձավ կոալիցիայի համաձայնագրի 6-րդ կետին, ըստ որի՝ այն վաղաժամկետ դադարեցվում է, երբ մասնավորապես կողմերից մեկը հայտարարում է անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության մասին: Էդուարդ Շարմազանովը հաստատեց, թե կոալիցիոն համաձայնագիրը, որը կնքվել է 2008 թ. մարտի 21-ին՝ քառակողմ էր: Սակայն այժմ կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅԴ հայտարարությունից հետո՝ կոալիցիոն երեք ուժերը հայտարարեցին, թե իրենք պաշտպանելու են մարտի 21-ին կնքված կոալիցիոն համաձայնագիրը. «Բայց կարծում ենք, որ կոալիցիոն համաձայնագիրը պետք է իրավաբանական տեսք ստանա: Եվ մոտ օրերս այդ իրավաբանական գործընթացը տեղի կունենա»:

Հ. Գ. Ի դեպ, Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտում ամենակարեւոր նորամուծությունն էր. «Քաղաքական ուժն իշխող կոալիցիայից իրեն հռչակեց ընդդիմություն, եւ դա տեղի ունեցավ կոռեկտ ու առանց հայհոյանքի: Ինձ համար դա շատ ողջունելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել