Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ՈՒՄ

Ապրիլ 29,2009 00:00

Հայ պատվիրակներից եւ ոչ մեկը չի կարողացել կամ չի ցանկացել մասնակցել այդ քննարկմանը

Ապրիլի 27-ի երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկել է Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող, Գերմանիայի պատվիրակ Հոլգեր Հայբախի զեկույցը՝ «Արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը»: Եվ ընդունվել է համանուն բանաձեւը, որի քվեարկությանը Հայաստանի պատվիրակության անդամներից մասնակցել է միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը 83 կողմ քվեարկածներից մեկն է: Ուշագրավ է, որ բանաձեւին դեմ քվեարկած 3 պատվիրակներն էլ ռուսներ են:

Այս բանաձեւի սեղմագրում նշված է. «Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի պետություններ եւ հատկապես Վրաստանը եւ Հայաստանը վերջերս հայտարարել էին արտակարգ դրություն՝ թույլ տալով մարդու իրավունքների լուրջ խախտումներ, որոնք անհանգստության առիթ են»: Նշված է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նման դրություն հայտարարելը թույլատրելի է համարում, բայց միայն՝ պատերազմի կամ այլ հանրային վտանգավոր արտակարգ իրավիճակի պայմաններում, որը սպառնում է ազգի կենսագործունեությանը: Ըստ բանաձեւի՝ այդ պայմաններում երբեք չպիտի արվի ավելին, քան պահանջում է իրավիճակը, եւ պետք է միշտ մնան միջազգային իրավունքի սահմաններում. «Մարդկանց իրավունքների սահմանափակումների կիրառումը ծայրահեղ միջոց է»: Նաեւ նշված է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է ուսուցանվեն ամբոխը զսպելու այնպիսի մեթոդների, որոնք չեն հանգեցնի զոհերի: Ըստ զեկույցի՝ երթերի եւ հավաքների սահմանափակումը պիտի հասցվի նվազագույնի՝ «Այն դեպքում, երբ ԶԼՄ-ների նկատմամբ արգելքներից պետք է հնարավորինս ամբողջովին խուսափել՝ այն հիմնավորմամբ, որ փաստերի եւ տեսակետների արտահայտումը երբեք չի կարող համարվել սպառնալիք ազգային անվտանգությանը»: Բանաձեւում նաեւ նշված է, թե հանրության համար մշտապես մատչելի պիտի լինեն անկախ ԶԼՄ-ները: Ավելորդ է հիշեցնելը, թե այս առումով ինչպես լուծվեցին խնդիրները Հայաստանում 2008-ի մարտի 1-ից հայտարարված 20-օրյա արտակարգ դրության ժամանակ, եւ զեկույցի հեղինակն այդ բոլոր փաստերը մեջբերել է իր բացատրական հուշագրում: Մասնավորապես նշել է, թե հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարեց 10-օրյա խաղաղ ցույցերից հետո, երբ ոստիկանությունը փորձում էր փողոցներից հեռացնել ընդդիմությանը, եւ հետեւեցին բուռն ընդհարումներ: Նաեւ նշված է, թե ոստիկանությունը մեղադրվում է փախչող ցուցարարների հանդեպ ուժ կիրառելու եւ «քվազի-ռազմական օպերացիա» իրականացնելու մեջ՝ զրահատեխնիկայով, արցունքաբեր գազով եւ անկանոն կրակոցներով եւ այլն:

Ի դեպ, հուշագրում նշված է, թե այս զեկույցը պատրաստելիս ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը 2008-ի սեպտեմբերի 9-ին լսումներ էր անցկացրել, որին որպես փորձագետ մասնակցել է նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Սակայն դարձյալ անդրադառնանք ընդունված բանաձեւին: Պատճառը, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակները դեմ են քվեարկել այս բանաձեւին՝ դրա 8-րդ կետն է: Ըստ դրա՝ Վեհաժողովը հաստատ համոզմունք ունի, թե այնպիսի պետությունները, ինչպիսին Ռուսաստանն է, որը խորհրդային շրջանից որոշակի կանոններ է ժառանգել իրավապահ մարմինների պարտավորությունների վերաբերյալ, կամ վերջերս են ընդունել դրանք՝ պիտի լիովին վերանայեն այդ կանոնները եւ դարձնեն ավելի ժամանակակից:

Բանաձեւի 11-րդ կետով՝ Վեհաժողովը դատապարտում է ցանկացած փորձ, որով օրենսդրությունը կհարմարեցվի հանրահավաքները եւ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակելուն՝ ստեղծելով խոչընդոտներ նման ցույցեր անցկացնելու թույլտվություն ստանալու համար:

Որպես երաշխավորություն՝ Վեհաժողովն առաջարկում է, որ Եվրոպայի խորհուրդն առավել մանրակրկիտ ուսումնասիրի այն հիմքերը, որոնցով հայտարարվում է արտակարգ դրություն, եւ մեծացնի արագությունը, որով ԵԽ մարմիններն արձագանքում են նման դեպքերին ու խախտումներին, «որոնք իրականացվում են արտակարգ դրության քողի ներքո»:

Նկատենք, որ հայ պատվիրակները որեւէ ուղղում չէին առաջարկել բանաձեւում: Թեեւ գոնե կարող էին Հոլգեր Հայբախին առաջարկել ուղղել իր հետեւյալ սխալը՝ զեկույցում նշել է, թե մարտի 1-ին առնվազն 8 մարդ է սպանվել՝ «ներառյալ մի 12 տարեկան տղա»: Թեեւ զեկուցողն էլ հղում է արել BBC-ի լուրերով մարտի 1-ին հաղորդված այդ տվյալին:

Մեր պատվիրակները ելույթներ չունեցան նաեւ քննարկման ժամանակ: Հայաստանի մասին խոսեց մի հոլանդացի պատվիրակ, որը նշեց, թե Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները սխալ են կիրառել արտակարգ դրությունը՝ այն գործածելով ընդդիմադիր ուժերի դեմ: Բնականաբար՝ ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, որն իր ելույթի զգալի մասը նվիրեց Հայաստանին՝ նրան մեղադրելով միջազգային իրավունքի պարբերական խախտումների մեջ, նաեւ առաջարկելով, որ ԵԽԽՎ-ն հատուկ զեկուցող նշանակի, որը կհետաքննի մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում:

Ելույթի համար հերթագրվել էր Զարուհի Փոստանջյանը, սակայն ինչպես եւ նախորդ օրը, երբ նա ցանկանում էր իր դիտարկումները հայտնել Ադրբեջանի սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ՝ «Ժառանգության» ներկայացուցչի հերթը չհասավ: Զարուհի Փոստանջյանը տրամադրել է մեզ իր ելույթների տեքստերը, որոնք պիտի ներառվեն այդ քննարկումների պաշտոնական արձանագրության հավելվածում:

Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Զարուհի Փոստանջյանը նախատեսել էր հիշեցնել մարտի 1-ին 200 վիրավորների, կալանավորվածների մասին, «որոնցից 56-ն առ այսօր պահվում են բանտախցերում: Նրանց քրգործերի ուսումնասիրությունը եւ դատաքննության ընթացքը միանշանակ փաստում են, որ գրեթե բոլորն էլ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար: Իսկ 10 զոհերի սպանության վերաբերյալ արդար դատաքննություն ողջամիտ ժամկետում եւ հավասար պայմաններում` ՄԻԵԿ 6-րդ հոդվածի համատեքստում, տեղի չի ունենում: Ընդհակառակը՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պարտակեն հանցագործներին: Հայաստանի գործադիր իշխանության կամայական ու ինքնաբավ ղեկավարման իրավաքաղաքական հիմքերը դրվել են դեռ 90-ականների կեսերից: Դրա արդյունքն է, որ վերջին 10 տարիներին մեր երկրում արմատավորվեց բռնապետական համակարգ: Ըստ էության, 1995-ից սկսած՝ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել»:

Զարուհի Փոստանջյանի ելույթում նաեւ նշված է. «Իմ համոզմամբ` 2008-ի մարտի 1-ի հայտնի ողբերգական իրադարձություններն ունեն խորը արմատներ, որոնք գալիս են մեր՝ որպես ԵԽ անդամ պետությունների պատվիրակների` տարբեր երկրներում մարդու իրավունքների տարատեսակ խախտումներին ոչ ժամանակին եւ ոչ համարժեք արձագանքի պատճառով: Ըստ իս, ցանկացած երկրի ղեկավարների կողմից իրենց ստանձնած պարտականությունների կատարումը միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է գնահատեն ոչ թե «մեկ քայլ առաջ» բառային ինքնախաբկանքով, այլ բովանդակային իմաստով, այն է՝ արդյոք այն մարդիկ, որոնք Կոնվենցիայի դրույթների խախտման զոհերն են դարձել, կարողացե՞լ են վերականգնել իրենց իրավունքները: Կամ՝ արդյոք պետությունը, որը խախտել է այդ Կոնվենցիայի դրույթները, իրապես գործուն միջոցներ ձեռնարկե՞լ է բացառելու նման խախտումների կրկնությունը»: «Ժառանգության» պատվիրակն իր խոսքը եզրափակել է այսպես. «Եթե մենք, հարգելի գործընկերներ, ողջամիտ ժամկետում պատշաճ գնահատական չտանք ՀՀ երկրորդ նախագահի եւ ներկայիս իշխանությունների ապօրինի գործունեությանը, ապա ԵԽ անդամ մեր երկրում, ինչպես թերեւս նաեւ այլ պետություններում, չեն կարող բացառվել նոր մարտի 1-երի կրկնությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել