Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«…Թե չէ՝ մյուս ոտքդ էլ կկոտրեմ»

Ապրիլ 29,2009 00:00

Դատախազությունում այսպես էին հարցաքննում մարտի 1-2-ի դեպքերի վիրավորներին

Երեկ տեղի ունեցավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարտի 1-ի գիշերը «Չերյոմուխա 7»-ից եւ այլ հատուկ միջոցներից վիրավորված քաղաքացիներ: Խոր Վիրապի բնակիչ Խաչիկ Դավթյանը Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում վիրավորվել էր ոտքից եւ կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել: Երեկ նա հանձնաժողովականներին որոշ մանրամասներ պատմեց իր վիրավորվելու եւ հարցաքննությունների մասին: Ըստ ականատեսի, մարտի 1-ի գիշերը ոստիկանները եւ ժողովուրդը կանգնած են եղել դեմ-դիմաց, եւ ոստիկանները փորձել են մարդկանց ցրել, ոստիկանների ետ քաշվելուց հետո եկել են ջրցան մեքենաները. «Ես էլ մարդկանց հետ հասա պրոսպեկտի անկյունը, մինչեւ «մոստ» հասնելը (նկատի ունի Մաշտոցի պողոտայի գետնանցումը – Մ. Ե.), նկատեցի, որ կուրտկայիս մի բան կպավ եւ ընկավ ներքեւ, եւ մի 20 րոպե մի անպետք հոտ էր գալիս, ծուխ էր: Դրանից մի 20 րոպե հետո ոտքիս մի բան կպավ, ընկա ներքեւ, ինձ թվաց՝ ոտքս չկա, մի կերպ քարշ գալով հասա պատի մոտ, հետո ինձ դրեցին մի մեքենայի մեջ եւ տարան հիվանդանոց, էլ բան չեմ հիշում, որովհետեւ ինչ-որ ժամանակ ուշքս գնացել էր, ուշքի եկա հիվանդանոցում»: Խաչիկը պատմեց նաեւ, որ այն պահին, երբ ինքը ընկել է ոտքին ստացած անհասկանալի հարվածից, նկատել է, որ իրենից ոչ հեռու մեկը եւս ընկավ: Ըստ ականատեսի, այդ մեկը, կարծես, ընկել է եւ տեղում մահացել:

Հիվանդանոցում վիրավորին բավականին բարդ վիրահատության են ենթարկել, եւ մոտ երկու ամիս նա մնացել է հիվանդանոցում, այստեղ նրան այցելել են ինչ-որ մարդիկ, եւ, դատելով նրանց հարցերից՝ եղել են քննիչներ, ովքեր, սակայն, չեն ներկայացել եւ չեն բացատրել իրենց այցելության նպատակը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո եւս մոտ 5 ամիս Խ. Դավթյանը բուժվել էր, իսկ մայիսի 17-ին նրան հրավիրել են դատախազություն: Չեն ասել՝ ում մոտ, ուղղակի այն սենյակի պատին, որտեղ իրեն ինչ-որ տղաներ հարցեր են տվել, գրված է եղել Հովակիմյան ազգանունը: Իրեն հարցեր տվողների մեջ տղան ճանաչել է այն տղային, ով եկել էր նաեւ հիվանդանոց եւ հարցեր էր տալիս: Արդեն դատախազության շենքում, Խաչիկի ասելով՝ 6-րդ հարկում, այդ տղան իրեն հարցեր է տվել եւ ասել է, որ եթե իր ուզած ձեւով չպատասխանի, մյուս ոտքն էլ կոլորի եւ կկոտրի. «Երբ ինքը ասեց, թե մյուս ոտքս էլ կկոտրի, ես իրեն ասացի, որ ինչու է այսպես ասում, մարդ ենք, էլի կհանդիպենք, հարցեր կլինեն, ո՞նց է կոտրելու։ Ինքը ինձ ասաց՝ հարց տվողն էլ եմ ես, պատասխանողն էլ ենք մենք»: Այս քննիչը պարտադրել է, որ տղան գրի, որ իրենց քաղաք գալու հրահանգ է տվել «մարզպետը»: Խ. Դավթյանը ասել է, որ ինքը իր կամքով է եկել եւ Արարատի մարզպետին չի էլ ճանաչում: Հետո պարզվել է, որ խոսքը ոմն գողական Մարզպետի մասին է: Ի վերջո, գիպսի մեջ գտնվող ոտքը նորից են ջարդել, պարտադրելով, որ գրի, թե ինքը եւ միտինգավորները քարերով խփում էին ոստիկաններին եւ զինվորներին, ինչը, «մարտի 1-ի» հանձնաժողով եկած Խաչիկ Դավթյանի պատմելով, չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել