Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԳԻՇԵՐԸ ՉՔՆԵՑԻՆ»

Ապրիլ 29,2009 00:00

\"\"ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում չի բացառում հեղափոխական զարգացումները

– Ի՞նչ եք կարծում, ՀՅԴ-ն արդար, ազնիվ մղումներո՞վ լքեց կոալիցիան, թե՞ այլ պատճառներ կային։

– ՀՅԴ-ն չէր կարող դուրս չգալ կոալիցիայից։ Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մտնելով կոալիցիա՝ ՀՅԴ-ն կորցրել էր իր բոլոր գաղափարական ծրագրային հենքերը։ Սոցիալիստ լինելով՝ դարձան լիբերալ կուրսի կողմնակից, ազգային խնդիրներ իրենց առաջ դնելով՝ հայ-թուրքական մերձեցում, որի մասին, որքան հասկացա, իրենց տեղյակ չեն պահել, Արցախի հիմնախնդրի հետ կապված նույնպես զարգացումներն այդքան լավ չեն գնում։ Կոալիցիայից դուրս չգալը կլիներ Դաշնակցության վերջը, շատերը կլքեին շարքերը, Սփյուռքը երես կթեքեր։ Ռեալ ու հստակ դիրքորոշում էր, ու չեմ կարծում, որ դրա տակ այս պահին ենթատեքստ կա։ Դաշնակցությունը չի կարող ալտերնատիվ ընդդիմություն դառնալ, քանի որ այդ դաշտում շատ թույլ է, եւ դեռ ժամանակ պիտի վատնի իմիջը վերականգնելու։

– Հայ-թուրքական գաղտնի բանակցությունները Շվեյցարիայում վաղուց էին ընթանում, ՀՅԴ-ն հենց հիմա՞ իմացավ դրանց «ոչ հայանպաստ» լինելու մասին։

– Բանակցությունները ընթանում են մեկ տարի եւ երեք ամիս ու, բացի մի քանի մարդուց, բոլորի, այդ թվում նաեւ՝ ՀՅԴ-ի համար, անսպասելի էր, որ Սերժ Սարգսյանն այդքան հեռու կգնար փոխհարաբերությունների մեջ։ Կարելի է շատ երկար ու գաղտնի բանակցել, բայց գաղտնի բանակցել ու ապրիլի 23-ի առավոտյան փաստաթուղթ ստորագրել եւ դրանով փրկել Բարաք Օբամային, որպեսզի նա չասի «ցեղասպանություն»… «Մեծ եղեռնը» եւ «ցեղասպանությունը» խիստ տարբերվում են միմյանցից, որովհետեւ վերջինս իրավաբանական կատեգորիա է եւ իր հետեւից փոխհատուցման խնդիր է բերում։ Եվ ի՞նչ է նշանակում «առանց նախապայմանների բանակցություններ»։ 1,5 միլիոն ջարդել են՝ էլի նախապայմա՞ն դնեն։ Այդ մենք պետք է նախապայմաններ դնենք՝ մեր հարաբերությունները լավացնելու։

– Իսկ սահմանի բացումը ինչո՞ւ է մեզ այդպես պետք։

– Ցավոք, այս մասին քաղաքական գործիչները խոսում են բաժակաճառերի մակարդակով, եւ ոչ մի փաստարկված հիմնավորում չկա։ Սահմանի բացման քաղաքական ենթատեքստում ես միայն տեսնում եմ Հայաստանի իրավիճակի վատթարացում։ Դրանից մենք ոչինչ չենք շահում։ ԵՄ մտնելու խնդիր այսօր Թուրքիան ունի, մենք չունենք։ Մեր ազգային հարցերը մի կողմ դնելով՝ որեւէ մեկին փրկելու խնդիր մենք չունենք, ԱՄՆ-ն ունի։ ՌԴ-ն Թուրքիայի հետ փոխհարաբերությունները լավացնելու խնդիր ունի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ճշտումով. արդեն գաղտնիք չէ, որ Տ-400-ն էլ են որոշել Թուրքիային վաճառել։ Բոլորի քաղաքական օգուտները տեսանելի են. Հայաստանինը ո՞րն է։ Սահմանի բացումը մեկ բան է նշանակում՝ տնտեսական շահավետություն։ Բայց ի՞նչ ունի Հայաստանն արտահանելու կամ ներկրելու այդպիսի մեծ ծավալների, որ մեզ՝ նման հզոր կոմունիկացիաներ են անհրաժեշտ։ Ես ավելի կարեւորում եմ Աստրախանից Իրան գնացող ճանապարհի բացումը։ Իրանը միշտ հստակ է եղել։ Ես ազատ շուկայի կողմնակից եմ, հետեւաբար նաեւ՝ բաց սահմանների, բայց՝ ի՞նչ գնով, ո՞ր պահին եւ ինչպիսի՞ դավադիր խաղերի մեջ մտնելով, եւ ի՞նչ երաշխիք, որ ամենածանր պահին Թուրքիան նորից չի փակի սահմանը։ Սերժ Սարգսյանն ու նրա կողքին կանգնած մարդիկ ցայսօր դեռ չեն հասկանում, թե ինչպիսի վտանգավոր գործընթացի մեջ են ներքաշում մեզ։

– Չե՞ք մանրամասնի, թե ինչպիսի գործընթացի մասին է խոսքը։

– Ես կներկայացնեմ փաստ առ փաստ, բայց՝ ոչ հիմա։ Վերցրել են իշխանությունը՝ մարդ սպանելով, ծեծ ու ջարդով, գիտե՞ն ամեն ինչ, դե, թող անեն։ Արտգործնախարարի՝ նախորդ օրը տված բացատրությունները կոնսուլային բաժնի աշխատողի մակարդակ էր նախատեսում։ Թող այլ գիշեր չքնեին, ինչո՞ւ հատկապես ապրիլի 23-ի գիշերը չքնեցին, որ Օբամայի՞ն փրկեին, Սերժ Սարգսյանի Մոսկվա գնալուց առա՞ջ հասցնեին. շանտաժի բնույթ չի՞ կրում։ Բացի PR-ից, թեկուզ լավ կազմակերպված, ոչ մի փաստարկ չեմ տեսնում, որ այսպիսի հապճեպությամբ սահմանները բացենք։ Եթե 70 միլիոնանոց Թուրքիան ուզում է 2 միլիոնանոց Հայաստանի հետ սահմանները բացել, որեւէ պահանջ չունի՞. մենք էլ հիմար ենք։ Ստացվում է՝ մեկ տարի 3 ամիս գաղտնի բանակցելով՝ ոչինչ չե՞ն արել, այդ մեկ գիշերը նստել՝ երկու է՞ջ են գրել։ Ոչ, այդ ընթացքում ամեն ինչ համաձայնեցվել է, ու դրանք շատ դաժան, վտանգավոր բաներ են, նաեւ՝ Արցախի հիմնախնդրի լուծման ճանապարհներից մեկն է դա։ Կկիրառվի, թե ոչ՝ այլ հարց է։

– Կգաղտնազերծե՞ք։

– Հիմա՝ ոչ, բայց եթե պարոն Նալբանդյանը հարցեր ունի, թող տա, ես պատրաստ եմ դրանց պատասխանել բանավեճի, թե այլ տեսքով։ Սահմանի բացումն արվում է մեկ նպատակով, որպեսզի Հայաստանի իշխանություններն Արեւմուտքում մեծ աջակցություն ունենան։ Մինչ այսօր ԱՄՆ-ից որեւէ մեկը մեզ հետ գործ չուներ, այսօր առաջին դեմքերը հեռախոսը չեն դնում, ամեն օր կապի մեջ են ՀՀ իշխանության հետ։ Հրաշալի է, բայց դրանից մենք ի՞նչ ենք շահում։ Նրանց համար, ում մտքում դա կա, մեկ անգամ եւս ասում եմ՝ Արեւմուտքին ինտեգրվել չենք կարող, որովհետեւ ԱՄՆ-ը դա փորձելու է անել Թուրքիայի ճանապարհով, եւ դա հիմա բոլորի աչքի առաջ է։ Մենք փչացնում ենք Իրանի եւ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Ադենաուերին ու Շարլ դը Գոլին հիշելը լավ է, բայց պետք չէ. պարոն նախարարին խորհուրդ եմ տալիս 1918-20 թթ. Հայոց պատմությունը կարդա։ Երբ Դրոյին առաջարկ էր արվում ավելի վաղ խորհրդայնանալ՝ Անտանտի պետությունների թելադրանքով հրաժարվեցինք, եւ մենք կորցրեցինք 50 հազար քառակուսի կմ։ Պարոն Նալբանդյան, մենք դա մի անգամ արդեն անցել ենք։ Եթե Հայաստանը գնալու է Արեւմուտք՝ ՌԴ-ն էլ կատարելու է իր քայլերը, որոնք չէի ասի, որ հայանպաստ են, եւ ինչո՞ւ պիտի հայանպաստ լինեին։ Ես չեմ արդարացնում, բայց կարծում եմ, որ Անդրկովկասում ՌԴ-ն պիտի իր դիրքերն ամրացնի։ Հայ-ռուսական ստրատեգիական բարեկամությունը կողմերին երբեւէ վնաս չի բերել։

Իսկ ցեղասպանության հարցի լուծման բանալին Սարգսյանն էլ, Նալբանդյանն էլ լավ գիտեն, որ Թուրքիայում չի գտնվում։ Հայոց ցեղասպանության գործընթացի ճանաչման դեմ միայն թուրքական լոբբին չի կանգնած։

– Նաեւ հրեակա՞ն։

– Իհարկե, եւ պետք է հաշվի առնել, թե այս խաղում այդ հզորագույն լոբբին ո՞ր կողմն է բռնել, պարոն Նալբանդյան։ Ո՞ր օթյակներում են գործողությունների որոշումները կայացվել։ Խոսողների մի մասն էլ այդ օթյակներում է երեւի, դրա համար էլ հիմա այս վիճակի մեջ ենք։

– Այս ամենի արդյունքում ներքաղաքական կյանքն ի՞նչ զարգացումներ կունենա։

– Մեր իշխանությունը կյանքից կտրված, մի ինչ-որ վիրտուալ հարթությունում առաջ է գնում։ Երկրում հեղափոխական իրավիճակ է, իրենք Կաշպիրովսկու դերը ստանձնած, PR անելով առաջ են գնում։ Հայաստանը շուտով կանգնելու է դիլեմայի առաջ. կա՛մ երկրի ներսում ամեն ինչ սրվելու է, եւ, Աստված մի արասցե, հեղափոխական զարգացումներ են լինելու, կա՛մ իշխանությունը կանգնելու է արդար համապետական ընտրություն անցկացնելու առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել