Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական հաղթանակը մոտ է

Ապրիլ 28,2009 00:00

Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունը մոտենում է եզրագծին: Աշխարհի 14 լավագույն գրոսմայստերների մասնակցությամբ այս ավանդական մրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու տուր: Նախատեսված 13 տուրից երկու օր առաջ երեկ շախմատիստները պայքարում էին 11-րդում: Առաջատարը՝ մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը, սեւերով ոչ-ոքիի հասավ աշխարհի նախկին չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ «տետ ա տետ» պայքարում եւ, անկախ մյուս պարտիաներում գրանցվելիք արդյունքներից, 7,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դերը:

Որ Լեւոնն այս մրցաշարում հաղթողի գլխավոր հավակնորդն է, դեռ մինչեւ Նալչիկի մրցաշարի մեկնարկը նշում էին բոլորը: Եվ ոչ միայն նրա՝ մրցակիցների մեջ ամենաբարձր վարկանիշի համար, այլեւ՝ ցուցադրած «սուպեր» խաղի մակարդակով: Սակայն այսօրվա շախմատում նման գնահատականները խիստ պայմանական են, քանի որ «սուպերների» մեջ տարբերությունը նվազագույն է, գրեթե՝ աննշմարելի: Եվ ոչ ոք չի կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ իր «սուպերն» անպայման մրցակցությունից դուրս է: Վկա՝ աշխարհի նույն «սուպերներից» մեկը՝ բոլորի ահ ու սարսափ Վասիլի Իվանչուկը, որը Նալչիկում ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ավելի շատ ջահելներին «սազական» մրցաշարային աղյուսակը եզրափակողների ցուցակից:

«Grand Prix»-ի՝ երեկ կայացած 11-րդ տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ալեքսեեւ-Կամսկի՝ 1/2, Իվանչուկ-Գրիշչուկ՝ 1:0, Բակրո-Կարյակին՝ 1:0, Սվիդլեր-Հակոբյան՝ 1/2, Գելֆանդ-Մամեդյարով՝ 1:0, Էլյանով-Լեկո՝ 1/2, Կասիմջանով-Արոնյան՝ 1/2: Լեւոն Արոնյանը միանձնյա առաջատարն է: Ու դա հայաստանցի մարզասերներին, իրոք, ուրախացնում է: Բայց Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում ծավալված շախմատային ճակատամարտում այլ բաներ էլ են կատարվում, որոնք այս կամ այն կերպ շոյում են մեր ինքնասիրությունը: Դրանց «մեղավորը» Պետեր Լեկոն է եւ Վլադիմիր Հակոբյանը: Եթե Հակոբյանի պարագայում ուրախանում ենք, թե ինչպե՞ս է Վովան մրցաշարի ավարտին աստիճանաբար մոտենում հնարավոր մրցանակակիրներին ու արդեն «ձեռնոց նետում» նրանց, Լեկոյի նկատմամբ համակրանքը նույնպես ուրախացնող է, քանի որ նրա երկրորդ կեսը հայուհի է՝ Սոֆյան, իսկ մարզիչը՝ կնոջ հայրը՝ օլիմպիական չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել