Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ

Ապրիլ 28,2009 00:00

Թբիլիսիում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր հինգ հոգի (4 տղամարդ եւ 1 աղջիկ):

Մեր հանրապետության ներկայացուցիչները տատամիի վրա անհաջող մրցելույթներ ունեցան եւ տուն վերադարձան դատարկաձեռն:

Մարզասերները բավականին լուրջ ակնկալիքներ ունեին հատկապես մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանից եւ Արմեն Նազարյանից (մինչեւ 66 կգ քաշային կարգ): Սակայն նրանք չարդարացրին սպասելիքները: Հովհաննեսը հենց մեկնարկային գոտեմարտը տանուլ տվեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արսեն Գալստյանին ու դադարեցրեց պայքարը: Ճիշտ է՝ Արսենը հետագայում նվաճեց այս քաշային կարգում Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ինչ վերաբերում է Արմենին, նա սկզբում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ, այնուհետեւ հաղթեց Հունաստանի ներկայացուցչին, սակայն դրանից հետո ինքը գոտեմարտը զիջեց իտալացուն: Ցավալի է, սակայն, որ մեր ձյուդոիստը բրոնզե մեդալի համար գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի մարզիկին ու մնաց առանց մրցանակի: Դեռ ճանապարհը չսկսած, հենց մեկնարկային գոտեմարտից հետո հանդիսականների շարքերը համալրեց մեր մինչեւ 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը, իսկ Հակոբ Առաքելյանը (մինչեւ 90 կգ քաշային կարգ) 1/8 եզրափակիչում հետագա ճանապարհը զիջեց Բելառուսի ձյուդոիստին:

Անհաջողության մատնվեց նաեւ Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարի մեր միակ մասնակիցը՝ մինչեւ 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը: Վիճակահանությամբ Անուշն առաջին տուրում ազատ էր: Սակայն, պայքարն սկսելով երկրորդ շրջանից, նա պարտություն կրեց:

Հակառակ ավագ ընկերների, համեմատաբար հաջող հանդես եկան մեր երիտասարդ ձյուդոիստները, որոնք մոտավորապես նույն օրերին Սանկտ Պետերբուրգում մասնակցում էին այդ տարիքային խմբի բարձր կարգ ունեցող միջազգային մրցաշարին: Երիտասարդական հավաքականի վեց անդամներից երկուսը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում դարձան մրցանակակիր: Մինչեւ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Բաղդասարյանը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան, իսկ Գոռ Հարությունյանը (մինչեւ 55 կգ քաշային կարգ) ճանաչվեց հինգերորդը (հիշեցնենք, որ ձյուդոյում մինչեւ յոթերորդ տեղը համարվում է մրցանակային):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել