Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անիմաստ եւ անհաջող նախագիծ

Ապրիլ 28,2009 00:00

\"\" «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը չարդարացրեց հանդիսատեսի սպասելիքները

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի լեփլեցուն դահլիճում 3 օր շարունակ հանդիսատեսը դիտեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը (դերերում՝ Արմեն Ջիգարխանյան, Նորա Արմանի, արտերկրում ստեղծագործող մի քանի այլ հայ դերասաններ): Պիեսը բելգիահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանինն էր, երաժշտությունը՝ ԱՄՆ-ում բնակվող Վալդիմիր Ոսկանյանինը, բալետմայստերը Սվետա Երիցյանն էր՝ Վրաստանից: Բեմադրության հիմքում հայ եւ թուրք երիտասարդների փոխհարաբերություններն էին՝ Հայոց ցեղասպանության պրիզմայով:

Նշենք, որ «Առանց վերադարձի իրավունքի» բեմադրության ժամանակ հնչեց հայերեն, ռուսերեն եւ անգամ թուրքերեն խոսք: Բնականաբար, վերջինից հանդիսատեսը ոչինչ չհասկացավ եւ երեւի պարտադիր էլ չէր այն հնչեցնել ինչ-որ կոլորիտ ստեղծելու համար: Ավելի անմշակ ու անհաջող բաներ էլ կային, եւ պատճառը ամենեւին էլ ներկայացում «սարքելու» կարճ ժամանակահատվածը չէր: Գնացքի միեւնույն վագոնում հանդիպում են հայ եւ թուրք երիտասարդ դերասանները, որոնք մեկնում են միեւնույն վայրը՝ թատերական ինչ-որ ներկայացման: Թե գնացքը որտեղից էր գալիս եւ ուր էր գնում՝ չհասկացվեց: Թուրքը տոմս չուներ, եւ որպեսզի գնացքի ռուս ուղեկցորդը տուգանք ձեւակերպի ու թույլ տա շարունակել ճանապարհը, նրանից փաստաթղթեր է պահանջում: Թուրքի մոտ ոչ մի փաստաթուղթ չի լինում, հայը օգնում է նրան հարթել հարաբերությունները ռուս ուղեկցորդի հետ՝ տրամադրելով իր կնիքված հրավերը: Ուղեկցորդը թուրքի ձեռքից վերցնելով այն, տեսնում է ծանոթ հայկական ազգանուն եւ ընկնում հիշողությունների գիրկը: Այնուհետեւ բավականին անհաջող շոշափվում է ցեղասպանության թեման, արդյունքում՝ ստացվում է, որ թուրքի փաստարկներն ավելի համոզիչ էին, քան հայինը: Վերջինս, որ ներկայացման սկզբում սուսուփուս կուչեկած մի անկյունում լսում էր, թե ինչպես է թուրքն իր փաստաթղթով հայ խաղում՝ գնացքից դուրս չմնալու համար, երբ ուղեկցորդը պատմում է իրեն մտերիմ հայ գերդաստանի տխուր պատմությունը, միայն վերջում է «ուշքի գալիս» ու նրա մեջ ուշացումով սկսում են արթնանալ հայի ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը. նա որոշում է ընդվզել պատմական անարդարության եւ այդ պահին ներկա թուրքի հետ՝ այն էլ ճվճվոցով:

Հաճելի էր Արմեն Ջիգարխանյանի նման մեծության ներկայությունը բեմում, բայց, ցավոք, այս պարագայում նա ընդամենը խորհրդանիշ էր: Նախ պիեսն էր թույլ՝ դպրոցական շարադրության մակարդակի, եւ հետո դերասաններն առանձնապես լավ չէին խաղում: Ճանաչված մի կինոգետ, այն էլ պրոֆեսոր, որի անունը չենք նշի, ներկայացումից հետո բառացիորեն ճողոպրեց, որպեսզի ստիպված չլինի կեղծ դրական խոսքեր ասել նախագծի հեղինակներին, իսկ «Առավոտին» նա նեղսրտեց, որ այդ բեմադրությունն ընդամենը սպեկուլյացիա է՝ ցեղասպանության թեմայով ու լավ է, որ ուրիշ ոչ մի երկրում չի ներկայացվելու:

Ներկայացմանը փորձ էին արել ժամանակակից շունչ հաղորդել էկրանի միջոցով, որը շարժվող գնացքի պատուհանի իմիտացիա էր ստեղծում: Նրա վրա Նորա Արմանին էլ երեւաց, սակայն ավելի լավ կլիներ, որ կենդանի խաղար, քանի որ Նորայի զգացմունքայնությունից ու հուզառատ խոսքից հաստատ կշահեր այս չկայացած բեմադրությունը: Կամ ո՞րն էր բեմի մի հատվածում շղարշի հետեւում երիտասարդ աղջկա պարի խորհուրդը, պարզ չէր. նա ասես ոչ մի կապ չուներ բուն ասելիքի հետ:

Չնայած «Համահայկական թատերական նախագծի» շրջանակներում բեմադրված ներկայացումը մշակույթի նախարարության պատվերով ու ՀՀ նախագահի հովանու ներքո էր, բայց դա չի խանգարում փաստել, որ փոխանակ ֆինանսատար նման նախագիծ իրականացնելու՝ արտերկրի 5 հայ արտիստների մասնակցությամբ, ճիշտ կլիներ այդ միջոցներն ուղղել հայաստանցի շնորհալի երիտասարդ բեմադրիչների ինքնատիպ գաղափարները կյանքի կոչելուն: Իսկ այդպիսիք՝ հաստատ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել