Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՇԱԿԸ ԺԱՆԳՈՏԱՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ

Ապրիլ 28,2009 00:00

Հերթական Mea Culpa-ական պրեմիերան՝ «Ժանգոտ բանալին»

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում դիտեցի «Ժանգոտ բանալի» ներկայացումը՝ Հրանտ Թոխատյանի, Սամսոն Ստեփանյանի, Լուիզա Ներսիսյանի, Վիգեն Ստեփանյանի, Լեւոն Հարությունյանի, Արտաշես Ալեքսանյանի եւ այլոց մասնակցությամբ: Բեմադրիչը, ինչպես Mea Culpa-ի դեպքում, Արթուր Սահակյանն է: Հրաշալի կազմ էր հավաքված, մեր տեղեկություններով՝ $80 000 էր ծախսվել, բայց, պարզվում է, դա բավարար չէ հաջողված ներկայացում ստանալու համար… Դրանում պակաս մեղավոր չեն ներկայացման փողոցային լեզուն, մարդկային անառողջ հոգեբանությանը բնորոշ լուծումները: «Ժանգոտ բանալին» բեմադրված է Վահրամ Սահակյանի հայհոյախառն բառապաշարով ու սցենարով: «Ամենաբարոյական» արտահայտություններն այստեղ «արա»-ն, «տանձիս չի»-ն, «օղռաշ»-ն ու «բռնաբարություն»-ն են, որոնք, ամեն անգամ հնչելիս, հարուցում էին որոշ հաստավիզ փողկապավորների ու նրանց հետ ներկայացման եկած կանանց բուռն ծիծաղը… Արդյունքից, սակայն, երեւում է՝ գոհ էր Վահրամ Սահակյանը, որը հպարտ բազմել էր առաջին շարքում ու վայելում էր ամեն գռեհկաբանությունից հետո յուրայինների հնչեցրած «բրավոները»…

Վերջին մեկ-երկու տարվա ներքաղաքական զարգացումները զանազան մեկնաբանություններ են ստանում հասարակության տարբեր ուժերի ու շերտերի կողմից, պայմանավորված՝ նրանց կուսակցական նախասիրություններով ու «կռիշաներով»: Նույնը վերաբերում է նաեւ «Ժանգոտ բանալուն»: Ավելորդ է հիշեցնել, թե ում կողմից են հովանավորվում «Շարմ»-ական նախագծերը, որոնք հավակնում են եղանակ ստեղծել ու կասկածելի ճաշակ թելադրել առանց այն էլ երերուն մշակութային քաղաքականության պատճառով: Ներկայումս «Ժանգոտ բանալին» հորջորջվում է որպես սպասված պրեմիերա, բայց, բնականաբար, սպասված՝ միայն Mea Culpa-ական հանդիսատեսի եւ որոշակի խավի համար, քանի որ ներկայացման պատասխանատուները իրենց առջեւ ինչ-ինչ քաղաքականորեն «փաթեթավորված» նպատակներ էին դրել. օրինակ՝ հրամցնել ձեռնտու «ճշմարտություններ»:

«Ժանգոտ բանալու» գլխավոր հերոսը Բուրատինոն է (Հրանտ Թոխատյան), որը բարձրանում է տանիքին ու ժամերով լուռ մտածում: Փայտե մարդուն անընդհատ Համլետի հոր պես այցի է գալիս նրա հայր Կառլոսի ուրվականը (Արտաշես Ալեքսանյան), որն ուզում է որդուն երկրի առաջնորդ դարձնել, արդյունքում՝ վերջինս իր համախոհների ուժերով գահընկեց է անում գործող առաջնորդ, ռուսախոս կամ ռուսամետ Կարաբաս-Բարաբասին (Վիգեն Ստեփանյանին): Այս պայքարին, բնականաբար, մասնակցում է ժողովուրդը, որն, ըստ բեմադրության հեղինակների, անլեզու եւ անուղեղ ամբոխ է՝ հեշտ կառավարվող: Նույնիսկ բառաչող մարդ է երեւում բեմում: Ըստ «Ժանգոտ բանալու» սցենարիստի՝ բավական է դիմել նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխնիկային, ասել մի քանի ականջահաճո, շատերի համար գուցե անհասկանալի բառեր, օրինակ՝ «ընդսմին», եւ ժողովուրդը կանի ակամա առաջնորդ դարձածի ցանկությունը: «Ժանգոտ բանալու» հեղինակներն այնքան են անկեղծանում, որ պատմում են, թե ինչպես են մեր երկրում պաշտոնները բաշխվում՝ առաջին տիկնոջը բռնաբարողը կարող է դառնալ առողջապահության, նախկին «վադապրավոդչիկը»՝ մշակույթի նախարար. կան նաեւ մարդու, հոմոսեքսուալիստների իրավունքների պաշտպաններ, բարձրաստիճան այլ էկզոտիկ պաշտոնյաներ: Ինչպես ներկայիս Հայաստանում, ներկայացման մեջ էլ նախկին իշխանությունների հետ աշխատած ուժային կառույցի ղեկավարն անցնում է ընդդիմադիր առաջնորդի կողմը (հավանաբար՝ նկատի ունեն նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին), կան նաեւ քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ ամենամարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերվում, բայց քաղբանտարկյալների կողմնակիցները ժողովրդին իշխանությունների դեմ տրամադրելու համար լուրեր են տարածում, թե Կարաբաս-Բարաբասը նրանց խոշտանգում է: Գռեհիկ մի զուգահեռ է անցկացվում չստացված սեռական ակտի եւ Վանո Սիրադեղյանի «կարգավիճակի» միջեւ… Թե որն է այս ներկայացման դաստիարակող նշանակությունը, միայն հեղինակներին է հայտնի: Իսկ «Ժանգոտ բանալու» ուղերձը ստացվում է՝ այն է, որ չարժե ընդդիմանալ գործող իշխանություններին, որովհետեւ դա հղի է վտանգավոր հետեւանքներով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել