Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աչքերը հոգու հայելին են

Ապրիլ 28,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ գունավոր ակնոց կրելը իրականությանը դեմ առ դեմ հանդիպելուց խուսափելու միջոց է

«Հայուհիները դեռ ակնոց կրելու կուլտուրա չունեն»,- ասում է «Բռոշ» ակնոցների սրահի աշխատակցուհի Օֆելյան:

Զարգացած երկրներում արեւային ակնոցը վաղուց արդեն դադարել է աքսեսուար լինելուց, սակայն Հայաստանում այն դեռ շարունակում է լինել որպես զարդեղենի մի մաս: Ինչպես ակնոցների վաճառակետերի աշխատակիցներն են բնութագրում՝ աղջիկների մեծ մասի համար այն դեռեւս ձեւական բնույթ է կրում: Օֆելյան նկատում է նաեւ, որ հայուհիների համար ակնոց կրելը մոդայիկ լինելու խորհրդանիշ է. «Ակնոց կրելը դեռեւս մի քանի տարի առաջ այնքան էլ ակտուալ երեւույթ չէր: Առաջ թե՛ աղջիկները, թե՛ տղաները ակնոց կրում էին զուտ արեւից պաշտպանվելու նպատակով: Այսօր պատկերն այլ է: Ակնոցը դարձել է մի տեսակ իմիջի տարր, մասնիկ: Շատերին թվում է, թե ակնոցով իրենք գեղեցկանում են, մոդայիկ դառնում: Օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ նորաձեւ են դարձել «Ռեյ-բան» տեսակի ակնոցները, ամբողջ քաղաքի աղջիկները, հաշվի չառնելով, որ այն նախատեսված է տղամարդկանց համար, իրենք էլ են կրում: Հաշվի չեն առնում նաեւ՝ սազո՞ւմ է, թե՞ ոչ, համապատասխա՞ն է իրենց դեմքի կառուցվածքին, իրենց կերպարին, իմիջին, հագուկապին, թե՞ ոչ… »:

«Էգիդա օպտիկա» խանութ-սրահի մենեջերն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Եթե խոսքը գնում է աղջիկների մասին, ապա մեծ մասը ակնոց կրում է ձեւի համար: Աղջիկները ակնոց կրում են տարվա բոլոր եղանակներին՝ ամառ, թե ձմեռ, արեւ, թե անձրեւ: Աղջիկները կրում են ոչ օրիգինալ ակնոցներ, որովհետեւ իրենք էլ ոտքից գլուխ օրիգինալ չեն…»: Մեր քաղաքացիների ակնոց կրելու կուլտուրա չունենալու մասին մեր զրուցակիցը համակարծիք է «Բռոշ» ակնոցների սրահի աշխատակցուհի Օֆելյայի հետ. «Աղջիկը, որ ակնոցն աչքերին իրենից գոհ քայլում է փողոցով եւ իրեն երեւակայում ամենա-ամենան, անգամ ակնոց կրելու պայմանները, ձեւը չգիտի. արեւային ակնոցը քթի ծայրին չեն դնում, այլ կիպ՝ դեմքին նստեցված: Քթի ծայրին օպտիկական ակնոցն են դնում: Իսկ հայուհիները հակառակը՝ քթի ծայրին դնում են շատ մեծ ակնոց, ինչն, ըստ իրենց, նորաձեւ է, իսկ օպտիկականը դեմքին նստեցրած են կրում: Նկատած կլինեք, յուրօրինակ է նաեւ քթի ծայրին ակնոցը դնող աղջիկների քայլվածքը՝ գլուխն անշարժ, քիթը բարձր եւ միշտ դժգոհ հայացքով. իբր իրենք ամենամոդայիկն են»: Մեր զրուցակցի խոսքով, 2009 թ. նորաձեւ են «Թիմբրլենդ» անգլիական ֆիրմայի արտադրած ուղիղ ակնոցները. «Աշխարհում դրանք ամենապահանջվող ակնոցներն են, ռեպերներն են դրանցից կրում: Իսկ Հայաստանում այն ակտուալ կլինի մի քանի տարուց, երբ աշխարհն արդեն ուրիշ ոճի մեջ կլինի: Այստեղ ոչ ոք մոդայով չի շարժվում: Թանկ ակնոցներն էլ Հայաստանում չեն սպառվում: Գալիս ասում են՝ ապակի է՞, դրա համար է թանկ… Անգամ տեղյակ չեն, որ ապակի եւ օրգանական ապակի ասվածը տարբեր բաներ են»:

«Աչքիդ լո՜ւյս» օպտիկայի խանութ-սրահի վաճառողուհի Ամալյան էլ մեզ հետ զրույցում ասաց. «Միջին տարիքի կանանց եւ տղամարդկանց համար ակնոցը չի կարող շքեղություն լինել այնպես, ինչպես մեքենան, բջջային հեռախոսը, քանի որ նրանք հասկանում են, որ ակնոցը օգտակար է՝ արեւից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու, գլխացավերից ազատվելու, ճնշման տատանումներից խուսափելու համար: Իսկ դեռահասները ակնոց են կրում զուտ սիրունության, ընկերոջը կամ ընկերուհուն նմանվելու, առանձնահատուկ երեւալու համար՝ առանց հասկանալու»:

Ինչո՞ւ են արեւային ակնոց կրում, ի՞նչ է այն տալիս մարդուն… «Առավոտը» զրուցեց հոգեբան Սուսաննա Հակոբյանի հետ: Ըստ նրա՝ ակնոց կրելու պատճառները շատ են. «Ընդունված է համարել, որ արեւային ակնոցներն ունեն զուտ արեւից պաշտպանվելու նպատակ: Սակայն կա տարիքային մի խումբ, որի համար ակնոցը իմիջ է, նորաձեւ երեւալու միջոց. դրանք դեռահասներն են: Հետազոտություններիս արդյունքում բազմաթիվ նկատառումներ եմ ունեցել. ակնոց կրելու առաջին պատճառը նմանվելու ձգտումն է: Շատերը՝ դեռահասների շրջանում, այս կամ այն հայտնի աստղին, ճանաչված մարդուն նմանվելու սկզբունքով են կրում: Ցանկացած մարդ, ով ակնոց է կրում, արեւից պաշտպանվելուց զատ, բարդույթներ ունի: Եթե փորձենք դասակարգել՝ ակնոց կրում են նշանակալի երեւալու, ուշադրություն գրավելու, տարիքից ավելի մեծ երեւալու եւ հեղինակավոր լինելու համար: Քիչ են այն դեռահասները, որոնք որեւէ թերություն ծածկելու համար են կրում»,- մեկնաբանում է հոգեբանը:

Ս. Հակոբյանի խոսքով, աշխարհում ակնոց կրելը հատուկ է ճանաչված մարդկանց եւ առօրյայում շրջապատի ուշադրությունից խուսափելու նպատակ ունի. «Քանի որ դեռահասության շրջանը համարվում է դերերի ընտրության տարիք, երբ մարդ ամեն դերում փորձում է իրեն դրսեւորել՝ որեւէ մեկին նմանակելով, տեսնելով, ամեն ինչ փորձելով: Զուտ հոգեբանական տեսանկյունից, ակնոց կրելը ինքնահաստատվելու, վախի զգացումից ազատվելու, իրականությանը դեմ առ դեմ հանդիպելուց խուսափելու նշանակություն ունի: Վախի զգացումը, ինքնահաստատման փորձերը, շրջապատում իրենց տեղը չգտնելը, շփման մեջ բարդույթներ ունենալը, թերարժեքության զգացումը… սրանք բոլորը ակնոց կրելու պատճառներն են: Ասում են՝ աչքերը հոգու հայելին են, բայց մարդկային տիպը, արտաքինի հետ կապված խնդիրները մարդուն դարձնում են բարդույթավորված, ինքնամփոփ, որի հետեւանքով նա չի ուզում եւ թույլ չի տալիս, որ օտարն իրեն ճանաչի, այսինքն՝ իր ներքին աշխարհ մուտք գործեն աչքերի միջոցով: Հենց այս տիպը, արդեն անկախ իր տարիքից, ծածկում է աչքերը ակնոցով, որը կարծես կրում է մի տեսակ «ջայլամային օրենք»՝ փակելով աչքերս, կփակեմ հոգիս եւ ոչ ոք ինձ չի տեսնի»: Մեր զրուցակցի համոզմամբ, դա հատուկ է ինքնահաստատման չեկած մարդկանց. «Բազմաթիվ պատճառներ կարելի է թվարկել, բայց, ըստ իս, ակնոցը պետք է ունենա զուտ արեւից պաշտպանվելու իմաստ: Միեւնույն է՝ որքան էլ մարդը փորձի ակնոցի միջոցով թաքնվել, շրջապատի մարդիկ կհասկանան, թե ինչ է թաքնված այդ վերջինիս ետեւում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել