Երեկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այս տարվա մայիսի 1-ից երկրի բոլոր սովորական լամպերը պետք է փոխարինվեն էներգախնայող լամպերով: Տաջիկստանն այժմ էլեկտրաէնեգիայի խիստ դեֆիցիտ է զգում, այն կազմում է տարեկան 4-5 միլիարդ կիլովատ/ժամ: Ձմռանը հանրապետության բնակիչներն ընդհանրապես զրկվում են էլեկտրաէներգիայից, բացառությամբ երկրի մայրաքաղաք Դուշանբեից: Տաջիկստանի շուկաներում սովորական 100 վատանոց լամպն արժե $0,25-0,5: Էներգախնայող լամպերը մի քանի անգամ թանկ են. չինականներն արժեն $1,5-4, իսկ ավելի որակյալ թուրքականներն ու «Ֆիլիպս» ֆիրմայինը՝ $5-10: Այնինչ, Համաշխարհային բանկի տվյալներով, Տաջիկստանի բնակչության 2/3-ը կամ 4,7 միլիոն մարդ ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում: Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը կազմում է $75: Ռահմոնն իր հրամանագրում հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ մինչեւ այս տարվա հոկտեմբեր 241 հազար աղքատ ընտանիքների ապահովել էներգախնայողական լամպերով, իսկ հարկային եւ մաքսային մարմիններին՝ սահմանափակել սովորական լամպերի ներմուծումը: Ավելի վաղ Ռահմոնը արգելել է դպրոցականներին եւ ուսանողներին բջջային հեռախոսներ կրել, ինչպես նաեւ՝ կազմակերպել ավարտական երեկոներ եւ այբբենարանի հանդեսներ: