Ըստ BBC-ի, Մեքսիկայում խոզի գրիպի զոհ է դարձել 103 հոգի: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել էր, որ Մեքսիկայում հայտնաբերված նոր վիրուսը կարող է համաշխարհային համաճարակի պատճառ դառնալ: Բժիշկների կարծիքով, ԱՄՆ հարավում եւ Մեքսիկայում վարակման դեպքերը իրար հետ փոխկապակցված են: Կիրակի երեկոյան Կանադան նույնպես հայտարարեց, որ իր երկրի տարածքում առկա են խոզի գրիպի դեպքեր, ընդ որում՝ 6 հոգի հիվանդացել է Կանադայի տարբեր ծայրերում: Մեքսիկայում ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ խոզի գրիպից մահացածները երիտասարդ մարդիկ են եւ ոչ թե երեխաներ կամ ծերունիներ: Երկրի մայրաքաղաքում փակվել են բոլոր դպրոցները, թանգարանները եւ գրադարանները: Բնակչությանը կոչ է արվում զերծ մնալ ձեռքսեղմումներից եւ սպասքի համատեղ օգտագործումից: 2 ֆուտբոլային խաղ անցել է դատարկ մարզահամալիրներում՝ հանդիսատեսի փոխադարձ վարակումներից խուսափելու համար: Կաթոլիկ եկեղեցին Մեքսիկայում զգուշացրել է, որ քահանաները պատարագի ժամանակ նշխարը պետք է դնեն ոչ թե բերանը, այլ հավատացյալների ձեռքերի մեջ: Ի տարբերություն Մեքսիկայի՝ Կալիֆոռնիայում, Տեխասում եւ Կանզասում վարակվածների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, ԱՄՆ առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին՝ պահպանել հիգիենայի տարրական կանոնները, մասնավորապես՝ փակել բերանը հազալիս եւ փռշտալիս: