Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրքերից վախեցել են

Ապրիլ 28,2009 00:00

Երեկ «Հայ ասպետ» հեռուստատեսային նախագծի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը «Առավոտին» մի մտահոգիչ պատմություն պատմեց: Սպասվում էր, որ «Հայ ասպետի» հաջորդ հաղորդումներից մեկին պետք է մասնակցեին նաեւ Ջավախքի դպրոցները: Այդ կապակցությամբ՝ հաղորդման պատասխանատուները որոշել են գրքեր ուղարկել Ջավախք, որպեսզի երեխաները նախապատրաստվեն խաղ-մրցույթին: «Հայ ասպետ» հեռուստախաղի կանոնների համաձայն՝ հեռուստատեսային փուլին մասնակցելուց առաջ երեխաներին տրվում է մեծ քանակությամբ գրականություն եւ մեկ ամիս ժամանակ՝ պատրաստվելու հաղորդաշարին: Այդ գրքերը՝ Պետրոս Բեդիրյանի «Հայ լեզուն եւ մեր խոսքը», «Շրջասությունների բառարանը» եւ «Թեւավոր խոսքերի բառարանը», Մելիք Բախշյանի խմբագրությամբ «Հայ ժողովրդի պատմությունը», Թ. Հակոբյանի «Հայաստանի պատմական աշխարհագրությունը», Ա. Ղանալանյանի «Ավանդապատումը» եւ «Առածանին», «Հայ մշակույթի նշանավոր գործիչները. 5-18-րդ դարեր», Վ. Հարությունյանի «Հայկական ճարտարապետության պատմությունը», Հ. Խառատյանի «Հայ ժողովրդական տոները», 6-րդ եւ 7-րդ դասարանների հայոց պատմության դասագրքերը, 7-րդ դասարանի Հայաստանի աշխարհագրության դասագիրքը, 9-րդ դասարանի հայ գրականության դասագիրքը, բոլորից էլ՝ 3-ական օրինակ, երեք օր առաջ ուղարկվել են Ջավախք:

Սակայն Վրաստանի սահմանին գրքերը «բռնազավթվել» են՝ շատ տարօրինակ պատճառաբանությամբ՝ «Այդ գրքերի բովանդակությունը մեզ հասկանալի չէ»: «Հայ ասպետի» պատասխանատուները փորձել էին հարթել միջադեպը, սակայն՝ ապարդյուն, եւ երեկ արդեն նրանք ստիպված դիմել էին ՀՀ-ում Վրաստանի դեսպանություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել