Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Ապրիլ 28,2009 00:00

\"\"«Ժամանակը երիտասարդներինն է»,- խոստովանում է Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) արդեն նախկին նախագահ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Երեկ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ ԱԹՍՄ-ի առաջին համագումարը, որի ընթացքում ընտրվեց միավորման նոր նախագահ՝ Թատրոն-X փառատոնի գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանը: «Ես հրաժարվում եմ նախագահությունից, որովհետեւ միշտ գալիս է ժամանակը, երբ մարդ պետք է հասկանա, որ, այդ տեղը գրավելով, կարող է արգելակի դեր խաղալ, դանդաղեցնել պրոցեսը: Ժամանակն է, որ գան ավելի դինամիկ ուժեր, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր կատարելու ֆունկցիան: Իմ ֆունկցիան սկզբնական մասն էր՝ միավորումը ստեղծելն ու կայացնելը: Հիմա գալիս է մյուս էտապը, երբ նոր դեմքեր են պետք»,- ասաց պարոն Բաբայանը: Նրա խոսքով. «Բոլոր նրանց համար, ովքեր ունեին հետաքրքիր մտքեր, մեր միավորումում գտան արձագանք: Նախագահությունից հրաժարվելով՝ ցանկանում եմ հետագայում պահպանել այս սկզբունքը, մնալ այն նույն ազատության մեջ, որն առկա է այս միավորման մեջ: Պետք է հասկանալ, որ արեւի տակ բոլոր տաղանդավոր մարդկանց համար տեղ կա, արմունկներով աշխատել պետք չի: Համարում եմ, որ ինչ կարող էի անել այս պաշտոնում, կատարեցի: Չարածներիս համար էլ՝ ներողություն»:

Գնահատելով Ռուբեն Բաբայանի երկու տարվա աշխատանքը, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Մազմանյանը նկատեց. «Երեք կարեւորագույն առաջարկ ունեմ, որոնք դեռեւս բացթողում են միավորման գործունեության մեջ. միավորման կայքէջը՝ բաց ինֆորմացիան, որի կարիքն այսօր բոլոր ստեղծագործողներս ունենք միջազգային ասպարեզում երեւալու համար, սոցիալական օգնության՝ ֆոնդի ստեղծումը եւ իրավաբանական օղակը՝ օրենքի հետ խնդիրներ ունենալու դեպքում պաշտպանվելու համար»:

Նորընտիր նախագահ Արա Խզմալյանն ասաց, որ չի պատրաստվում որեւէ հեղափոխական ծրագիր ներկայացնել. «Մեր հիմնադիր անդամները ստեղծել են այնպիսի առողջ եւ ամուր հիմքեր, որոնք պահպանելը արդեն մեծագույն պատասխանատվություն է»: Պատասխանելով Ա. Մազմանյանի նկատառումներին՝ նշեց. «Այժմ կայքէջը պատրաստման ընթացքի մեջ է, եւ շուտով պաշտոնապես կկայանա բացումը: Իրավաբանական խորհրդատվական օղակ ստեղծելու ուղղությամբ էլ ենք աշխատում: Իսկ սոցիալական աջակցության՝ ֆոնդի ստեղծումը ֆինանսական միջոցներ է պահանջում, որը դեռ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել