Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միակ կենսունակ կողմնորոշումն այն է, որը տանում է դեպի Թուրքիա, ՆԱՏՕ եւ ԵՄ»

Ապրիլ 28,2009 00:00

Հարցազրույց քաղաքագետ, «Հանրապետական այլընտրանք» հասարակական միության համանախագահ Իլգար Մամեդովի հետ

– Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Ի՞նչ կարող է դա տալ Ադրբեջանին:

– Հազիվ թե «Արեւելյան գործընկերությունն» Ադրբեջանում հնարավոր դարձնի երկար սպասված ճեղքումը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում։ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնողների գլխավոր դրդապատճառը մեր վեց երկրների պաշտպանությունն էր ռուսական նկրտումներից։ Եթե այդ նախաձեռնության մեջ գտնվի գործնական հատիկ, դա կլինի միայն վիզային ռեժիմի պարզեցումը Եվրոպա մեկնող ադրբեջանցիների համար։ Տեսականորեն՝ դա կարող է ստեղծել Ադրբեջանից Եվրոպա արտագաղթող աշխատավորների մեծ բանակ, եւ Եվրոպան կունենա Ադրբեջանի վրա ազդելու այնպիսի գործոն, ինչպիսին ունի Կրեմլն ի դեմս փող աշխատելու համար Ռուսաստան մեկնած մեր քաղաքացիների։ Բայց անուղղակիորեն «Արեւելյան գործընկերության» նույնիսկ այդպիսի սահմանափակ արդյունքը կարող է նպաստել երկրում ժողովրդավարական պոտենցիալի կուտակմանը։

– Ո՞րն է հիմնական տարբերությունը ԵՄ եւ Ադրբեջանի «Հարեւանության ծրագրի» ու «Արեւելյան գործընկերության» միջեւ:

– Եթե «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» (ԵՀՔ) եվրոպական սահմանի ողջ երկայնքով կայունության եւ զարգացման գոտի ստեղծելու ավելի ծավալուն ծրագիր էր, ապա «Արեւելյան գործընկերությունը» կոչված է պաշտպանելու վեց երկրները, որոնցից մի քանիսը տոգորված են ԵՄ-ին ինտեգրվելու պաշտոնական հավակնություններով։ Ցավոք, բարեփոխումների առումով ԵՀՔ-ն Ադրբեջանի համար հաջող չէր։ Դրանով նախատեսվածի մեծ մասը չիրականացվեց, քանի որ կառավարությունը հետաքրքրություն չուներ այն 92 միլիոն եվրոյի նկատմամբ, որ ԵՄ-ը հատկացրել էր մեր երկրին։ «Արեւելյան գործընկերությունը» եւս կարող է տեղապտույտ ունենալ Ադրբեջանում, եւ այստեղ հավելյալ գործոն կլինի այս ծրագրի նկատմամբ Կրեմլի աճող ջղայնությունը։ Այժմ Բաքուն հակված է ամրապնդելու Կրեմլի հետ բարեկամությունը։

– Ի՞նչ է գործնականում Ադրբեջանի եվրաինտեգրման գործընթացը, եւ արդյո՞ք երկիրը, եվրոպական ինտեգրումից բացի, այսօր ունի քաղաքական զարգացման այլընտրանքային հնարավորություն:

– Ժամանակին Ադրբեջանի եվրոատլանտյան ինտեգրման ընթացքի մասին արված հայտարարությունը գործնականում մնում է չիրականացված։ Այն աստիճանաբար մոռացության է մատնվում Պուտինի եւ Մեդվեդեւի հետ Ալիեւի բարեկամության ամրապնդմանը զուգահեռ։ Բայց ռուսամետ կողմնորոշումը, եթե այն չի ենթադրում ղարաբաղյան հակամարտության անհապաղ լուծումն ի շահ մեզ, դատապարտված է ձախողման, ինչպես եւ ցանկացած այլ կողմնորոշում։ Ադրբեջանը խնդիր ունի Իրանի հետ, որի պատճառը 20 միլիոնանոց ադրբեջանական փոքրամասնության իրավունքներն են։ Արաբական աշխարհի հետ երկիրը միշտ կապված է եղել միջնորդված ձեւով, կարելի է ասել՝ վիրտուալ։ Միակ կենսունակ կողմնորոշումն այն է, որը տանում է դեպի Թուրքիա, ՆԱՏՕ եւ ԵՄ։

– Ի՞նչ օգնություն այսօր, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, եվրոպական եւ միջազգային կազմակերպությունները կարող են ցուցաբերել Ադրբեջանին ամենահրատապ խնդիրները լուծելու համար, եւ որո՞նք են այդ խնդիրները (ճգնաժամի պայմաններում գոյատեւումը, երկրի ժողովրդավարացումը, ղարաբաղյան հակամարտության լուծումը եւ այլն):

– Ադրբեջանը կարող է լուծել խնդիրներն առանց արտաքին օգնության։ Դրա համար բավական է միայն կառավարության բարի կամքը եւ այն երկարաժամկետ խնդիրների խորության ըմբռնումը, որ ինքն է ստեղծում նավթային եկամուտների շռայլման իր քաղաքականությամբ։ Պաշտոնական Բաքուն գործադրում է ռեսուրսային ազգայնականության ինչ-որ տեղական տարբերակ, որն անուժ եւ անիմաստ է դարձնում երկրին՝ սեփական ռազմավարական խնդիրների լուծման գործում ցուցաբերվող միջազգային օժանդակությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել