Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Ապրիլ 28,2009 00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է, չնայած որ, ընդհանուր առմամբ, ոչ երկու երկրներում, ոչ էլ եվրոկառույցներում հիացած չեն մեկը մյուսով: Համագործակցության հիմքում ակնհայտորեն անհրաժեշտության գիտակցումն է: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանն ու Ադրբեջանն այդ համագործակցությունից եւ դրանցից հատկապես որո՞նք են առաջ մղում երկու երկրներին եվրոպական ուղղությամբ:

Ստորեւ «Եվրաինտեգրվող» Հայաստան եւ Ադրբեջան թեմայով մեր հարցումների հաջորդ արդյունքներն են:

«Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) կազմակերպության աջակցությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Առաջընթացը կախված է գործընկեր երկրի ցանկությունից եւ պատրաստությունից

Հարցազրույց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ

– Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին:

– «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված հիմնական առաջարկներից առանձնացնենք նրանք, որոնց շնորհիվ նախագծի մասնակիցներին առեւտրատնտեսական ոլորտում հնարավորություն կընձեռվի դուրս գալ Եվրամիության շուկաներ։ Սա շատ կարեւոր պահ է, քանի որ ծրագիրը թույլ է տալիս սկսել մեր ապրանքների ցուցանիշներն ու չափորոշիչները ԵՄ պահանջներին մոտեցնելու աշխատանքը։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ մեր առջեւ կբացվի ներդրումների եվրոպական շուկան։ Բացի այդ, նախատեսվում է նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում մեր քաղաքացիների բավական լայն շրջանակի՝ դիվանագետների, երիտասարդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ձեռներեցների եւ զբոսաշրջիկների համար։ Ծրագրի մեկ այլ հատված վերաբերում է աշխատանքի շուկայի բացմանը Հայաստանի քաղաքացիների համար, այսինքն՝ ԵՄ-ի երկրներում օրինական աշխատանք գտնելու հնարավորությանը։ Փաստորեն, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը Հայաստանի քաղաքացիներին կտա ԵՄ երկրներում բիզնեսով զբաղվելու, սեփական ապրանքը ԵՄ շուկաներ արտահանելու, ներդրումներ ստանալու, օրինական աշխատանքային միգրանտ լինելու հնարավորություն եւ այլն։ Բայց պետք է ասեմ, որ շատ բան կախված կլինի հենց մեզանից, քանի որ, եթե մենք այդ ծրագրերն ընկալենք ձեւականորեն, իհարկե, շոշափելի արդյունքներ չենք ունենա։ Համաձայն ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի աշխատանքի սկզբունքների՝ առաջընթացը կախված է գործընկեր երկրի ցանկությունից եւ պատրաստությունից։ Գործընկեր երկրում համագործակցության ծրագրի ինչ կետերով եւ ուղղություններով որ ցանկանում են առաջ շարժվել, այդ կետերի եւ ուղղությունների վերաբերյալ էլ կստորագրվեն պայմանագրերը եւ կսկսվի համագործակցությունը ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի հետ։ Պարզ է, որ Հայաստանը պետք է օգտվի ստեղծված հնարավորությունից (Հայաստանի կառավարությունն այս տարվա մարտին պաշտոնապես հաստատեց, որ պատրաստ է մասնակցել «Արեւելյան գործընկերություն» ծրագրին) եւ սկսի աշխատանքը հարցերի լայն սպեկտրով։ Օրինակ՝ մեզ համար հատկապես կարեւոր է մասնակցել ԵՄ-ի՝ կադրերի պատրաստման ծրագրին (այդ թվում՝ պետական ծառայողների), առավել եւս, որ Եվրահանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում ֆինանսավորել այդ ծրագրերը։

– Ո՞րն է հիմնական տարբերությունը ԵՄ եւ Հայաստանի Հարեւանության ծրագրի ու «Արեւելյան գործընկերության» միջեւ:

– Ինչպե՞ս ծնվեց «Արեւելյան գործընկերության» գաղափարը, որի նախաձեռնողներն են Լեհաստանը եւ Շվեդիան։ Բանն այն է, որ «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» (ԵՀՔ) նպատակաուղղված էր համագործակցության ԵՄ-ի հարեւան երկրների բավական լայն շրջանակի հետ (ընդամենը 17 երկիր)։ ԵՄ-ի հարեւանների թվում են Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրները (օրինակ՝ Մարոկոն, Լիբիան, Եգիպտոսը, Ալժիրը եւ նույնիսկ Պաղեստինն ու Իսրայելը)։ Բացի այդ, դրանց թվում են նաեւ Հարավային Կովկասի (ՀԿ) երկրները, Ուկրաինան եւ Մոլդովան։ Պարզ է, որ, ԵՀՔ-ի մասնակից երկրների այսպիսի տարասեռ լինելու պատճառով, չէր կարող լինել համագործակցության համընդհանուր մեխանիզմ, էլ չխոսենք այդ երկրների առջեւ ծառացած միանգամայն տարբեր խնդիրների մասին։ Այսպես, եթե Հյուսիսային Աֆրիկայի երկրների համար գլխավորը տնտեսական համագործակցությունը եւ ԵՄ-ի օգնությունն էր աղքատության դեմ պայքարում, ապա ՀԿ երկրների, Ուկրաինայի եւ Մոլդովայի համար կարեւոր եւ հրատապ է համագործակցությունը մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության եւ օրենքի գերակայության ոլորտում։ Բացի այդ, մոտ մեկ տարի առաջ Ֆրանսիան հանդես եկավ Միջերկրածովյան համագործակցության նախաձեռնությամբ, որտեղ նախատեսվում է ԵՄ-ի առանձին եւ ավելի սերտ համագործակցությունը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, քանի որ այդ երկրները կարեւոր են ԵՄ-ի այնպիսի անդամների համար, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան։ Այստեղ նկատի է առնվում ինչպես անօրինական արտագաղթի հոսքն այդ երկրներից դեպի Ֆրանսիա եւ Իտալիա, այնպես էլ համագործակցությունը Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ էներգետիկ ոլորտում (օրինակ՝ գազի առաքումը Ալժիրից եւ Մարոկոյից, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների տարածքով Եվրոպա հասնող գազատարների պլանավորումը), որ առանձնահատուկ հրատապություն է ստացել վերջին 2-3 տարում, երբ դժվարացել է Ռուսաստանից Եվրոպա գազի առաքումը՝ Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքով։ Այս բոլոր գործոնները հաշվի առնելով էլ ստեղծվեց «Արեւելյան գործընկերության» գաղափարը, երբ համագործակցությունը նախատեսվում է ԵՀՔ ծրագրի այն երկրների հետ, որոնք հետագայում կարող են դառնալ ԵՄ անդամներ եւ որոնց համար այդ կազմակերպության հետ սերտ համագործակցությունը սեփական երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու հնարավորություն է ընձեռում։ «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախնական տարբերակում նախատեսվում էր ԵՄ-ի համագործակցությունը միայն ՀԿ երկրների, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ։ Բայց այն բանից հետո, երբ վերջին տարվա ընթացքում վերականգնվեց երկխոսությունը ԵՄ-ի եւ Բելառուսի միջեւ, վերջինս եւս ներառվեց ծրագրի մեջ։

ԵՄ որոշ արեւմտաեվրոպական անդամներ առաջարկում են Ռուսաստանը նույնպես ներառել այդ ծրագրի մեջ, ուրիշ եվրոպական երկրներ առաջարկում են ներառել Թուրքիան եւ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Ռուսաստանի Կալինինգրադի մարզը։ Ուստի կարելի է ասել, որ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը դեռ վերջնականապես չի հաստատվել։ Նշենք նաեւ, որ ԵՀՔ ծրագրում համագործակցության սուբյեկտներ համարվում են գործընկեր երկրների կառավարությունները եւ Եվրահանձնաժողովը։ Բայց «Արեւելյան գործընկերության» ծրագրում առաջարկվում է նաեւ ուղիղ համագործակցություն ՀԿ երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ։

– Ի՞նչ է գործնականում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը, եւ արդյո՞ք երկիրը, եվրոպական ինտեգրումից բացի, այսօր ունի քաղաքական զարգացման այլընտրանքային հնարավորություն:

– Իհարկե, այն իրավիճակը, որ այսօր առաջ է եկել Հայաստանում եւ Ադրբեջանում, շատ հեռու է ժողովրդավարական լինելուց։ Մեզ մոտ խախտվում են մարդու իրավունքները, գործում են սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ, վատ է «աշխատում» օրենքը, ուստի մեր երկրներում ժողովրդավարության մակարդակը բարձր չէ։ Սա նշանակում է, որ բավական դժվար է խոսել մեր երկրների եվրաինտեգրման մասին, սակայն, չնայած դրան, մեր երկրների համար եվրաինտեգրումն այլընտրանք չունի։ Մեր երկրների համար ապահով ապագա ունենալու միակ ճանապարհը եվրաինտեգրումն է, որ ինձ համար միաժամանակ նշանակում է նաեւ մեր հասարակությունների ժողովրդավարացում։ Տնտեսական ինտեգրումը եվրոպական տարածություն նույնպես անհնար է, եթե չկա համապատասխան իրավական հիմք, չկան ժողովրդավարական օրենքներ տնտեսական ոլորտում։ Տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների առկայությունը ենթադրում է քաղաքական ժողովրդավարություն եւ տնտեսական ազատություններ։ Վերը թվարկվածի այլընտրանքը մեր ժողովուրդներին կառավարման ավտորիտար համակարգի պարտադրումն է, իսկ դա միայն խոչընդոտում է մեր զարգացման ընթացքը, շեղում մարդկության զարգացման մայրուղուց։ Հետաքրքիր է, որ ՀԿ բոլոր երկրներում էլ գոյություն ունի դրական վերաբերմունք եվրաինտեգրման ընթացքի նկատմամբ։ Մնում է շատ քիչ բան՝ կյանքում հետեւել ժողովրդավարական սկզբունքներին եւ ժողովրդավարական չափորոշիչներին։

– Ի՞նչ օգնություն այսօր, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, եվրոպական եւ միջազգային կազմակերպությունները կարող են ցուցաբերել Հայաստանին ամենահրատապ խնդիրները լուծելու համար, եւ որո՞նք են այդ խնդիրները (ճգնաժամի պայմաններում գոյատեւումը, երկրի ժողովրդավարացումը, ղարաբաղյան հակամարտության լուծումը եւ այլն):

– Ինձ թվում է, թե ֆինանսական ճգնաժամերի ժամանակ առաջին հերթին լուծվում են շատ որոշակի, իրավիճակային խնդիրներ։ Իսկ այսօր դա նշանակում է՝ թույլ չտալ ազգային փոխարժեքի կտրուկ անկում, կանխել արժեզրկման գործընթացները եւ այլն։ Այսպիսի խնդիրներ լուծելու համար երկրին անհրաժեշտ են որոշակի ֆինանսական միջոցներ, որ կարող են տալ համաշխարհային ֆինանսական ինստիտուտները՝ Համաշխարհային բանկը, Զարգացման բանկը եւ այլն։ Եվ, որքան ինձ հայտնի է, նրանք օգնում են Հայաստանին։ Ուղղակի ֆինանսական օժանդակությունը պետք է նաեւ նրա համար, որպեսզի չփլուզվի Հայաստանի բանկային համակարգը։ Բայց ֆինանսական ճգնաժամից դուրս գալու երկրորդ փուլում պետք է «խաղին միանան» ԵՄ-ն եւ նման այլ ինստիտուտներ: Վերջինս կարող է սատարել Հայաստանի տնտեսության կենսունակության պահպանմանը, ասենք՝ Հայաստանի տնտեսության առանձին (պղնձարդյունաբերության կամ կոնյակի արտադրության) ճյուղերում արտադրությանն օժանդակող ծրագրերի ֆինանսավորման միջոցով։ Այսպիսի համագործակցության ծրագրերը կօգնեն զսպել գործազրկության աճը, այսինքն՝ կկանխեն երկրում սոցիալական իրադրության վատթարացումը։ Այստեղ հարկ է հիշատակել նաեւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, որը մասնավորապես օգնում է գյուղում աղքատության դեմ պայքարին։

Իսկ մեր հասարակության ժողովրդավարացման եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրները չարժե կապել ֆինանսական ճգնաժամի հետ, քանի որ դրանք շատ ավելի վաղ շրջանի ծնունդ են եւ լուծվում են եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից (Եվրախորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել