Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սողանքներ եւ սողուններ

Ապրիլ 28,2009 00:00

\"\"Երկու սպառնալիք, որ դարձել են Աչաջուր գյուղի բնակիչների անբաժան ուղեկիցը

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները կրկին տագնապի մեջ են. հերթական գարունը հերթական անհանգստությունն է պատճառել գյուղացիներին: Գարունն ահուդողով են դիմավորում համայնքի հատկապես այն ընտանիքները, որոնց տները սողանքային գոտում են:

Փլուզման շեմին հայտնված թվով 50 ընտանիք ոչ այն է դրսում է ապրում, ոչ այն է՝ ներսում: Ասում են՝ մի քիչ էլ որ արեւը տաքացնի՝ էլ ներս մտնող չկա. ներսը վտանգավոր է, ամեն պահի տունը ոտքերիդ տակից կարող է փախչել:

Սողանքի ամենպահյա վտանգից լարված աչաջուրցիների համար սեփական ծածկը կորցրել է ամուր տանիք լինելու նշանակությունը: Ասում են, եթե այլոց համար տունն իրենց ամրոցն է, որտեղ վստահ ու ապահով են զգում, ապա իրենց համար՝ պոտենցիալ գերեզմանոց, քանզի հայտնի չէ, թե որ պահին իրենց ձեռքերով կառուցած տունը տակով կանի ընտանիքը:

Որ Աչաջուրն իր աշխարհագրական դիրքով բնակավայր լինելու համար բավականին ռիսկային է՝ երկրորդ կարծիք չկա: Բայց, որ մարդիկ, վախն ու ռիսկը հաղթահարելով, զառիվայրը բնակեցրել ու շենացրել են, դա էլ է ակներեւ: Սողանքային երեւույթներ այստեղ միշտ էլ նկատվել են, բայց ոչ այն աստիճան, որ լուրջ սպառնալիք դառնան: Վտանգը սպառնալիք դարձավ 1988-ի երկրաշարժից հետո, երբ մարող երկրաշարժի ամեն մի ցնցում շարժում էր անշարժը՝ նոր խոռոչներ բացում պատերի վրա:

Ներկայումս սողանքի ամենաթեժ գծում է հայտնվել հատկապես «Գետի յալ» կոչվող թաղամասի 7 ընտանիք:

ՀՀ կառավարությունը դեռեւս 1996 թ. թիվ 407 որոշմամբ, 165 միլիոն դրամ է հատկացրել սողանքի հետեւանքով տուժած ընտանիքներին փոխհատուցելու նպատակով, բայց, գյուղացիների ասելով. «Այդ ժամանակվա գյուղապետի մեղքով գումարը մեզ չհասավ»: Դատարկաձեռն մնացած տուժած ընտանիքները կրկին հայտնվեցին «կոտրած տաշտակի» առաջ եւ այդպես՝ գրեթե անտուն ու անօգնական են մինչեւ այսօր: «Աղետի գոտում» ապրող գյուղացիները չեն հերքում, որ պատկան կառույցներն իրենցով ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են՝ գալիս, մի երկու բառ փոխանակում՝ գնում են: Բայց բան չի փոխվում՝ աչաջուրցիները մնում են սպասումների մեջ ու շարունակում հավատալ, որ մի օր հաստատ իրենց իրապես կօգնեն:

Ոմանք, այլեւս հույս չկապելով հույս ներշնչողների հետ, սկսել են սեփական հնարավորություններով լուծել փուլ եկող տների հարցը: Սակայն, առանց ամրացման լուրջ աշխատանքների, միայն կոսմետիկ միջամտությունը չի կարող փրկություն լինել. սողանքն իր գործն անում էր՝ սվաղ ու ծեփից դեռ նոր-նոր չորացած պատերը կրկին բացվում էին. «Իզուր քոռուփուչ ենք անում էն էրկու կոպեկն էլ, որ ռուսաստաններում աշխատել-բերել ենք իբր հացի փող անելու համար»,- լրագրողներիս այցը եւս անիմաստ համարելով, իր վիրավորանքն արտահայտեց ու գնաց միջահասակ մի տղամարդ:

Քանի դեռ եղանակը արձրեւային է, աչաջուրցիների անհանգստության թեման փուլ եկող տներն են, բայց եղանակները տաքանալուն պես նրանց տագնապը կրկնապատկվում է. պատերի բաց խոռոչներից տուն են թափանցում օձերն ու կարիճները, որոնք ոչ պակաս լուրջ սպառնալիք են՝ հատկապես երեխաների համար: «Եթե տանը քնած երեխա կա, անպայման մեկը նրան պետք է հսկի, որովհետեւ օձի խայթոցների դեպքերն այստեղ անպակաս են»,- ասաց կանանցից մեկը:

Իսկ ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ սողանքի դեմ պայքարի ծրագիր ունեն, ըստ որի, նախ ուսումնասիրում, հետո՝ կանխարգելում են, վերջում միայն՝ բնակարաններով ապահովում տուժած ընտանիքներին: Այս պահին երեք ուղղություններով էլ աշխատանքները ընթանում են, բայց քանի որ կան առավել սողանքային գոտիներ, մասնավորաբար՝ Հաղարծին գյուղում, ուր ամեն պահի կարող են փլուզումներ լինել, առաջնահերթությունը տրվում է հենց առավել վտանգավորներին:

Ինչ մնում է Աչաջուրին, ապա քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանը ասաց, որ դեռեւս 2006 թվականին սողանքից տուժած ընտանիքներին նոր բնակարան ձեռք բերելու գումար է առաջարկվել, որից օգտվել է միայն մեկ ընտանիք: Մյուսները հրաժարվել են, պնդելով, որ գումարը քիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել