Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՔՈՉԻՆՅԱՆԸ

Ապրիլ 28,2009 00:00

Ըստ դատախազության, Լոռու նախկին մարզպետի եղբայրը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ

Ապրիլի 27-ին, ժամը 12-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, տեղի էր ունենալու Լոռու մարզային դատախազության նախապատրաստած նյութերով՝ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայր, «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի դատավարությունը:

Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ մասնագիտությամբ պատմաբան Հովհաննես Քոչինյանը, եղբոր պաշտոնավարման օրերին՝ 2003 թվականին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզա անտառտնտեսություն» ընկերության տնօրեն: Նույն օրերից առայսօր «Լալվար» անտառտնտեսության տնօրենն է Հենրիկ Քոչինյանի աներձագը՝ Կամո Շահնազարյանը: Շնող գյուղի մատույցներում կա փայտամշակման արտադրամաս, որի սեփականատերը Կամոն է եւ որտեղ մշակվել են նաեւ Շնողի «Շինու խեչի ձոր» եւ մյուս անտառներից հատված ընկուզենիները՝ Հովհաննես Քոչինյանի, Շնողի գյուղապետ՝ Քոչինյանների երրորդ եղբայր՝ Հայկազ Քոչինյանի եւ Կամո Շահնազարյանի գիտությամբ: Մարզային դատախազությունում անօրինական անտառհատումների հետ առնչվող նյութեր կան, ըստ որոնց՝ երբ Քոչինյաններից Հենրիկը մարզպետ էր, իսկ Հովհաննեսը՝ «Ջիլիզայի անտառտնտեսության» տնօրեն եւ միաժամանակ իր հիմնադրած «Էրիկ-Էդիկ» արտադրական կոոպերատիվի եւ «Շնող» ընկերության ղեկավար՝ տարբեր ապրանքներ ձեռք բերելու պատրվակով «Ջիլիզայի անտառտնտեսության» դրամարկղից համապատասխան ելքի անդորրագրերով կանխիկ ստացել է 31 մլն 491 հազար դրամ, որից 11 մլն 408 653 դրամով ընկերության համար շուկայից գնել է ապրանքներ: 5 մլն 416 717 դրամը հետագայում վերադարձվել է դրամարկղ, իսկ 14 665 630 դրամը յուրացվել է:

Բացի սա, «Ջիլիզա անտառտնտեսության» կենտրոնական պահեստից 10 813 851 դրամ ընդհանուր արժողությամբ 10 հազար 558 լիտր բենզին եւ 22 հազար 755 լիտր դիզելային վառելիքն ի պահ ընդունելու կեղծ գրություն է կազմել «Շնող» ընկերության անվամբ եւ այդ կերպ յուրացրել դրանք: Հովհաննես Քոչինյանը «Ջիլիզայի անտառտնտեսությունից» իր «Էրիկ-Էդիկ» արտադրական կոոպերատիվի եւ «Շնող» ընկերության համար ձեռք է բերել 3 951 760 դրամ ընդհանուր արժողությամբ 934 խմ փայտ, դրա դիմաց ընկերության դրամարկղ է վճարել ընդամենը 2 149 760 դրամ, իսկ մնացած 1 802 200 դրամը հափշտակել է: Նախկին մարզպետի նախկին անտառապետ եղբորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով: Պատիժը՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) եւ 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը: Պատիժը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Մեղադրյալը կալանավորված չէ՝ այլ խափանման միջոց է ընտրվել: Առաջադրված մեղադրանքներով մեղադրյալ Քոչինյանն իրեն մեղավոր ճանաչել է մասնակիորեն, վառելիքի յուրացման եւ փաստաթղթերի կեղծման մասով:

Դատաքննությունը, սակայն, չսկսվեց՝ մեղադրյալ Քոչինյանի դատարան չներկայանալու պատճառով: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը «Առավոտի» հարցմանը պատասխանեց, որ մեղադրյալի դատարան չներկայանալու պատճառներին տեղեկացված չէ: Դատական նիստը նշանակվեց 2009-ի մայիսի 14-ին: Մեզ հետ զրույցում դատավորը ասաց. «Եթե պարզվի, որ մեղադրյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան, նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել