Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 ՄԱՀ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Ապրիլ 28,2009 00:00

Ինչ արժեցավ սպասարկման կենտրոնի շինարարությունը

Անցյալ տարվա հունիսի 18-ը ողբերգական ավարտ ունեցավ գյումրեցի մի ընտանիքի համար: Ռաֆայել Մանուչարյանին պատկանող Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 181/3 հասցեում կառուցվող «Առեւտրի եւ սպասարկման կենտրոնի» շինարարական աշխատանքների ընթացքում կռունկավար Արտաշես Առաքելյանը «ՌԴԿ-250» թրթուրավոր կռունկով հարվածեց կառույցի 2-րդ հարկի պատի մոտ տեղադրված լաստակին, ինչի հետեւանքով լաստակը տեղաշարժվեց, պատը սեղմվեց եւ այն ամբողջությամբ փլուզվեց օբյեկտից ընդամենը 60 սմ հեռավորությամբ գտնվող Հրաչ Հարությունյանի բնակելի տնակ-կացարանի վրա: Փլուզման հետեւանքով տնակում գտնվողներ Ժորժետա, Հասմիկ Հարությունյանները եւ Լուիզա Ադամյանը մարմնական վնասվածքներից տեղում մահացան, իսկ Գայանե Լամբարյանը ստացավ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի օրը փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ. մեղադրանք առաջադրվեց 4 անձի նկատմամբ: Ապրիլի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Շիրակի մարզի դատախազության կատարած նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Առեւտրային սպասարկման կենտրոնի» շինարարական աշխատանքները կատարել է «Անկյուն» ՍՊԸ-ն՝ ըստ աշխատանքային պայմանագրի: Նշված շինարարության անմիջական ղեկավարը աշխղեկ Ավետիք Եղոյանն էր, որը պատասխանատվություն է կրել շինարարական աշխատանքների անվտանգության կանոնների պահպանության համար: Ա. Եղոյանը, ղեկավարելով «Առեւտրի կենտրոնի» շինարարական աշխատանքները, նախաքննական մարմնի տեղեկացմամբ, չի պահպանել շինարարական աշխատանքների կատարման անվտանգության վերաբերյալ ՀՀ-ում գործող նորմերի, օրենքների պահանջները, աշխատանքները կատարվել են ինչպես նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսված, այնպես էլ ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործեղ նորմերով սահմանված պահանջների խախտմամբ:

Մարդկանց կյանք արժեցած շինարարական նորմերի խախտումների մեջ նշվում է այն, որ շինարարական հրապարակը չի ունեցել համապատասխան ժամանակավոր պարսպապատում:

Ավելին, շինարարությունը կազմակերպվել եւ իրականացվել է տուժող Հարությունյանների բնակելի տնակի՝ վտանգավոր գոտում գտնվելու առկայությամբ: Նախաքննության մարմինը պարզել էր, որ շինարարության սկզբում տնակի մի մասը գտնվել է կառուցվող շենքի տարածքում, այնուհետեւ մասամբ տեղահանվելուց հետո այն գտնվել է շենքից ընդամենը 60 սմ հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ խախտվել է «Շինարարության ժամանակ կառուցվող շենքի վտանգավոր գոտում 5 մետր տարածքում տների եւ մարդկանց գտնվելն արգելվում է» պահանջը:

Աշխատանքների կազմակերպման նախագծով նախատեսված «ԿՍ-2571» տիպի ավտոկռունկի փոխարեն շինարարական աշխատանքների ընթացքում շահագործվել է «ՌԴԿ-250» թրթուրավոր կռունկ, որը Շիրակացի փողոցին հարող մասում աշխատանքներ է կատարել կառուցապատվող շենքի հակառակ կողմում, բնակելի տնակին եւ տներին շատ մոտ գտնվող հատվածում:

Նշված խախտումները թույլ տալու համար աշխղեկ Ավետիք Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Չի մոռացվել նաեւ կռունկավար Արտաշես Առաքելյանը: Նա մեղադրվել է նրանում, որ 2007թ. հոկտեմբերի 1-ից աշխատելով «Անկյուն» ՍՊԸ-ում՝ որպես «ՌԴԿ-250» տիպի թրթուրավոր կռունկի կռունկավար, 2008թ. հունիսի 18-ին աշխատանքի վայրում՝ Գյումրու Շիրակացի փողոցի 181/3 հասցեում «Առեւտրի եւ սպասարկման օբյեկտի» շինարարական աշխատանքները կատարելու ընթացքում կոպիտ կերպով խախտել է «Անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջները: Նա, ըստ օրենքի, կռունկը պետք է գործարկեր միայն պատասխանատու անձի՝ հրահանգչի անմիջական ղեկավարությամբ, բայց առանց պատասխանատու անձի ներկայության եւ հրահանգի գործարկել է կռունկը, ինչի հետեւանքով փլուզվել է կիսակառույցի հարեւանությամբ գտնվող Հրաչիկ Հարությունյանի փայտյա տնակը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Հրայր Առաքելյանի եւ Ստյոպա Սահակյանի նկատմամբ: Նրանք, աշխատելով ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնում՝ որպես քաղաքաշինական պետական տեսուչներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ըստ մեղադրական եզրակացության, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ եւ ծանր հետեւանքներ: Նրանք պետք է ստուգեին շինարարության թույլտվության հիմնավորվածությունը, տեխնիկական հսկողության, շենքերի եւ շինությունների շինարարության ընթացքում բնակչության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված աշխատանքներ իրականացնող սուբյեկտներին խախտումը վերացնելու ցուցումներ տալու, խախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու եւ մեղավոր անձանց նկատմամբ 10-օրյա ժամկետում համապատասխան միջոց ձեռնարկելու համար արձանագրությունները:

Նշենք, որ Ավետիք Եղոյանի, Արտաշես Առաքելյանի, Հրայր Առաքելյանի եւ Ստյոպա Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել