Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏՈՒՆ՝ ԳՅՈՒՂԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ապրիլ 28,2009 00:00

Շիրակի մարզի Գետափ գյուղը վերածել են խաղասրահի

Օրերս մեր խմբագրությանն էին դիմել Գետափ գյուղի մի խումբ բնակիչներ, դժգոհելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին՝ գազամատակարարման ու գազիֆիկացման Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Ռուստամ Գրիգորյանը, իրենց գյուղի կենտրոնում գտնվող խանութը վարձակալելով՝ «կազինո» է բացել: Անցած շաբաթ եղել է խաղասրահի «պաշտոնական» բացումը: Դժգոհողների ներկայացմամբ՝ խանութը պատկանում է տարածաշրջանի մեծահարուստներից մեկին՝ հանրապետական Գոռ Ստեփանյանին, որը, $30 000 ծախսելով շինարարության վրա ու եկամուտ չստանալով իր բիզնեսից, այն վարձակալության է հանձնել ու նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե ինչի են վերածում իր օբյեկտը: «Եթե Գոռ Ստեփանյանն էդքան շատ էր ուզում գյուղում կազինո ունենալ, ճիշտ կաներ իր բիզնեսը Արթիկում ծավալեր, Արթիկում նա վարսավիրանոց, ծաղկեսրահ ունի, քաղաքակիրթ բիզնեսով է զբաղվում, իսկ գյուղացիներին՝ չգիտես ինչի տեղ է դրել»,- ասում էին գյուղի մտավորականները, վստահեցնելով, որ «կազինոն» իրենց տարածաշրջանում նոր երեւույթ է:

Նրանց հատկապես անհանգստացնում է այն, որ նորահայտ «հիմնարկը» գյուղը «կռվի բուն» կդարձնի. ոչ միայն կողքի գյուղերի մոլի խաղացողներին կհավաքի, այլեւ «դուրս կգցի» գյուղի տղամարդկանց ու երիտասարդներին: Ի դեպ, նրանց ասելով՝ «կազինոն» շատ հեռու չէ գյուղի դպրոցից, ու թեեւ խաղատան վրա գրված է՝ «Մուտքը՝ 21 տարեկանից», այդուհանդերձ, դա երաշխիք չէ: «Ընթերցասրահը, մշակույթի օջախը փակեցին, որ կազինո՞ հիմնեն. մեր գյուղը տարածաշրջանի ամենաաղքատ վայրերից է, էստեղի տղամարդիկ յուրահատուկ սեր ունեն խմիչքի նկատմամբ, եղա՞վ, կազինոն նրանց հերը կանիծի, էդ էլ ազարտ է, եթե մի անգամ խաղացին, վաղը-մյուս օրը ընտանիքներին կթալանեն, որ իրենց հաճույքները բավարարեն, եւ հետո ո՞ւմ է հաճելի, որ գյուղը համաշխարհային ճանաչում ստանա, ինչ տեսակի մարդիկ ասես՝ չգան ու չգնան»,- ի սրտե զայրանում էին մեր զրուցակիցները: Նրանք մեզ փոխանցեցին, որ խանութի սեփականատեր Գոռ Ստեփանյանը տարածքը վարձակալությամբ տալու ժամանակ ասել էր՝ «Ես գիտեմ, որ անեծքի բուն եմ դառնալու, բայց ի՞նչ անեմ»:

Խաղասրահի բացման ժամանակ գյուղի մտավորականները գնացել ու իրենց դժգոհությունն են ներկայացրել, սակայն նրանց պարզաբանել են, թե դա գյուղի համար չէ, եւ որ մեր տարածաշրջանում լիքը խաղամոլներ կան, ու որպեսզի «միլիարդներ չծախսեն ու մայրաքաղաք հասնեն, նպատակահարմար է գյուղի կենտրոնում կազինո բացել»: Գյուղացիների ներկայացնելով՝ իրենք առաջին օրվանից կազինոյում ելումուտ անող անբարո կանանց են տեսել, այնպես որ՝ գյուղի ջահել տղաներին գայթակղելը այնքան էլ դժվար չէ: «Էնպես են ներկայացնում կազինոյի անհրաժեշտությունը, կարծես թե հիվանդանոց է, խիստ անհրաժեշտ է գյուղին, առանց դրա չես կարող ապրել, չեն մտածում, որ վաղը տներս էլ ծախենք, չենք պրծնի, թող մի հատ իրենց հաշիվ տան՝ քանի՞ ընտանիք է կործանվել խաղամոլությունից, էս հսկա պրոբլեմների մեջ մեզ մենակ էս էր պակաս»,- ասում էին գյուղացիները: Մենք այս խնդրի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ խաղասրահի վարձակալից՝ Ռուստամ Գրիգորյանից: Վերջինս նախեւառաջ հայտնեց, որ ինքը համապատասխան լիցենզիա ունի, որտեղ հստակ նշվում է խաղասրահի հասցեն: Բացի այդ, փաստաթուղթը վավերացվել է հարկայինում, կադաստրում, նոտարական գրասենյակում, այնպես որ, ըստ Ռուստամ Գրիգորյանի, եթե ինքը օրենքի խախտում աներ, ապա թվարկված կառույցներն իրեն թույլտվություն չէին տա: «Օրենքը հստակ ասում է՝ քաղաքի սահմաններից դուրս կարելի է խաղասրահ հիմնել, օրինակ՝ Փարաքարը գյուղ չէ՞, որտեղ եւս խաղասրահ կա: Գյուղի մտավորականները բողոք ներկայացնելուց առաջ ճիշտ կանեին օրենքին ծանոթանային, մենք որեւէ մեկին չենք ստիպում գալ ու խաղասրահում խաղալ, թող իրենց տղաներին չթողնեն, մենք հո զոռով չե՞նք բերելու: Իսկ եթե ես օրենքի խախտում եմ արել, ուրեմն բոլոր թվարկված կառույցներով ենք արել այդ խախտումը»,- ասաց Ռուստամ Գրիգորյանը: Նա խաղասրահ է բացել նաեւ Ախուրյանի կենտրոնում՝ հիվանդանոցի կողքին. երեկ ախուրյանցիները մեզ վստահեցրին, որ այդտեղ ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, եւ ելումուտը հիմնականում գիշերային ժամերին է: Այդուհանդերձ, սա եւս չի արդարացնում գյուղական համայնքների կենտրոնում խաղատուն կամ խաղասրահ հիմնելը:

Նկատենք, որ «Խաղատների մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ը, որը կոչվում է. «Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները», սահմանում է «Խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաեւ անմիջականորեն խաղասրահի միջոցով, ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»: Իսկ եթե մարդը բնակվում է գյուղում, սա դեռ չի նշանակում, թե նրա քթի տակ կարելի է խաղատուն հիմնել, այնպես որ՝ օրենքում քաղաքային համայնք բառակապակցության կողքին անհապաղ անհրաժեշտ է ներառել նաեւ «գյուղական համայնք» բառակապակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել