Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջ տվեք փահլեւանությանը»

Ապրիլ 28,2009 00:00

Հայաստանի կոմունիստներին՝ ի դեմս ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի, նույնպես դուր չի գալիս հայ-թուրքական բանակցությունների գաղտնիությունը, ինչի առաջին պտուղը եղավ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը ԱԳՆ առաջին դեմքերի մակարդակով եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ վերջին շրջանի հակահայկական հայտարարությունների ներքո: «Դա մի որոգայթ էր հայերի համար, որով միաժամանակ փրկեցին Օբամային, որովհետեւ նրա այցելությունը Թուրքիա եւ այնտեղ արած նրա դերասանական հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության հարցում մնում է իր կարծիքին, դեռ այն ժամանակ գիտեր, որ նման փաստաթուղթ է ստորագրվելու: Թուրքիան օգնեց Օբամային՝ հեռու պահելով նրան «ցեղասպանություն» բառն օգտագործել, եւ գործածեց բոլոր հնարավորությունները, որ այդ հարցը մղվի ետին պլան»,- ասում է ընկեր Թովմասյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթուղթը, որում ասված է, որ «Հայաստանն ընդունում է» 1921թ. կնքված Կարսի պայմանագիրը: Անդրադառնալով փաստաթղթի այս դրույթին՝ մեր զրուցակիցն ասում է. «Կարսի պայմանագիրը կնքվել է շատ տեղին եւ ճիշտ ժամանակին: Իսկ մինչեւ Կարսի պայմանագրի կնքվելը՝ բոլոր հայկական տարածքների հարցերն արդեն վաղուց լուծված էին: Թուրքերը նոր չէ, որ պնդում են՝ ճանաչել այսօրվա հայ-թուրքական սահմանը: Իսկ Կարսի պայմանագիրը ճանաչել-չճանաչելը՝ նշանակում է հաշվի նստել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: Եթե մենք սկսենք վերանայել Կարսի պայմանագիրը, ապա պետք է ետ գնանք դեպի Ալեքսանդրապոլի, ապա՝ Բաթումի պայմանագիր, պետք է բարձրացնենք հարցը, որ այն ժամանակ Հայաստանը 10 հազ. քառ. կմ է եղել, որ Հայաստանը զորք չպիտի ունենար: Դա մեր թույլ կետն է եւ նրանք շատ լավ դա հասկանում են: Թերահավատներին խորհուրդ եմ տալիս կարդալ Վաղինակ Տերտերյանի հուշերն այն մասին, երբ Շանթի պատվիրակության կազմում՝ Մոսկվայի բանակցություններում տեսավ բոլշեւիկ Կարախանի ցույց տված ՀՀ-ի քարտեզը, որը գծել էր ՌԴ զորքերի գլխավոր շտաբը. այդ ժամանակվա իշխանության կողմից ի՜նչ դիմադրության են արժանացել բոլշեւիկները: Ստորագրված այս փաստաթղթով մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նրանք ամրապնդեն այսօր իրենց պատկանող տարածքները, որոնք բուն հայկական են»: Մեր զրուցակցի մտավախություններն այսքանով չեն ավարտվում՝ «Այս խմորը շատ ջուր կվերցնի: Այս խաղը՝ Թուրքիա-Ադրբեջան լարվածությունը, իրենց նպատակներին հասնելու միջոց է»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են Կոմկուսում վերաբերվում նրան, որ այս որոգայթը նաեւ ՌԴ-ի ձեռքի գործն է, որով հայկական շահը ստորադասվում է ռուսականին: «Ինչքան էլ Ռուսաստանում հակահայկական երեւույթներ, քաղաքականություն կամ որոգայթներ փնտրենք, միեւնույն է, հայ ժողովրդի փրկության հիմնական հենասյունը Ռուսաստանի մեջ է: Պուտինները, մեդվեդեւները, քոչարյաններն ու սարգսյանները կգան ու կգնան՝ երկու ժողովուրդների բարեկամությունը կմնա: Ուստի, ես գտնում եմ, որ հիմա Հայաստանը սխալ է անում, որ Վրաստանում շուրջ մեկ ամիս պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի եւ արագ արձագանքման զորամիավորման անդամ: Դրա համար պետք է ինքներս էլ մտածենք, թե ինչ ենք անում: Իսկ մենք դեռ շարունակում ենք փահլեւանությունը՝ ճոպանից ճոպան թռնելով»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել