Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հները փակել են, որ նորերը բացեն

Ապրիլ 28,2009 00:00

Այս ամսվա ընթացքում Գյումրիում փակվել է «Հայմամուլի» մի քանի կրպակ: Կրպակների աշխատակիցների հավաստմամբ՝ իրենց չաշխատելու պատճառն այն է, որ թերթեր քիչ են վաճառվում, ինչի հետեւանքով էլ նվազել է սեփականատիրոջ եկամուտն, ու վերջինս որոշել է այլեւս չաշխատեցնել կրպակները: Կրպակավարների պնդմամբ, իրենց հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է (23.04.09):

Մայրաքաղաքում եւ մարզերում թերթերի եւ ամսագրերի առաքմամբ եւ վաճառքով զբաղվում է «Press stand» ընկերությունը: Ընկերության ղեկավար Արման Սահակյանի ներկայացմամբ, Գյումրիում, իսկապես, կրպակներ փակվել են, բայց դրանց փոխարեն նորերն են բացվելու. «Դեռ դեկտեմբերի սկզբներից, Գյումրիում մի քանի կրպակ փակել ենք: Նախ՝ ձմեռ էր, ցուրտ, եւ կրպակներն էլ այնպիսի թաղամասում էին տեղադրված, որ առեւտուր չէր լինում: Ուստի ձեռնտու չէր աշխատեցնելը: Որպեսզի աշխատանքը լինի արդյունավետ, մենք որոշել ենք նորացնել եւ ժամանակակից կրպակներ տեղադրել, ինչի համար էլ այդ հին կրպակները փակում ենք»: Ա. Սահակյանի հավաստմամբ, կրպակներ փակվել են ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ Վանաձորում եւ Ալավերդիում. «Փակված կրպակներն այնքան էլ չէին արդարացնում իրենց, քանի որ օրը 5000 դրամի առեւտուր էլ չէր լինում, իսկ մենք ամիսը մոտ 50 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս, բացի այդ, մենք պետք է հարկեր վճարենք, այնպես որ, ձեռնտու չէր աշխատեցնելը»: Ինչ վերաբերում է աշխատակիցների կրճատմանը, պարոն Սահակյանը վստահեցրեց, որ կադրերի փոփոխություն են կատարում եւ նոր կրպակներ բացելով՝ նաեւ նոր աշխատակիցներ կընդունեն: Ի պատասխան թերթերի վաճառքի վերաբերյալ մեր հարցին, պարոն Սահակյանն ասաց. «Թերթերը լավ են վաճառվում, պարզապես ժողովուրդն արդեն թանկարժեք ամսագրեր չի գնում կամ ավելի քիչ է գնում: Հատկապես ռուսական ժամանցային ամսագրերը, նախորդ տարիների համեմատ, քիչ են վաճառվում»: Ա. Սահակյանի հավաստմամբ, հանրապետության չորս մարզերում իրենք դեռեւս գործունեություն չեն ծավալում. «Կարելի է ասել, որ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում «Հայմամուլի» կրպակները պարզապես փոշիացել են: Մենք նախատեսել ենք այդ մարզերում էլ նոր կրպակներ տեղադրել: Այդ նոր կրպակներից արդեն Երեւանում 40-ը տեղադրել ենք, 200-ն էլ մինչեւ տարեվերջ կտեղադրենք: Որպես կանոն, դրանցում ավելի հարմար է թերթ վաճառելն էլ, գնելն էլ: Թերթերը շատ լավ են ցուցադրվում: Հաճախորդը կարող է հանգիստ, ասենք, տվյալ թերթի խմբագրականը կարդալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել