Շիրակի մարզում բիզնեսի այս տեսակը եկամուտ չի ապահովում
Ի տարբերություն բիզնեսի մյուս ոլորտների, օրինակ՝ մանր ու միջին արտադրական ձեռնարկությունների, որոնց ճգնաժամից դուրս հանելու համար կառավարությունը քիչ թե շատ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, տուրիզմն ընդհանրապես անտեսված է: Ավելին, ոլորտի մասնագետների կարծիքով, պետությունն իր սխալ քաղաքականությամբ, այդ թվում՝ նաեւ հարկային օրենքների հաճախակի փոփոխմամբ, հյուրանոցներին գրեթե անգործ է թողել:
Գյումրիի ամենահին հյուրանոցներից մեկի՝ «Բեռլինի» այցելուներին այսօր մատների վրա կարելի է հաշվել: Հյուրանոցային բիզնեսն այս քաղաքում բնութագրվում է որպես «սեզոնային». ձմեռը՝ «պարապ», մյուս ամիսներին էլ՝ հատուկենտ հյուրերով: Վիճակագրական տվյալները եւս ցույց են տալիս, որ Շիրակի մարզը զբոսաշրջիկների այցելությունների քանակով ամենավերջին տեղում է: «Շիրակ» օդանավակայանին ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեց միջազգային թռիչքներ իրականացնել: Այս քայլը եւս բավականին վնասեց տուրիզմին: Բացի այդ, ըստ ոլորտի ներկայացուցիչների, «ի՞նչ կարող է տուրիստին ցույց տալ Շիրակի մարզը, եթե մարդիկ ընկճված ապրում են փտած դոմիկների մեջ»: «Բեռլին» հյուրանոցի գործադիր տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի կարծիքով, զբոսաշրջիկների հոսքի նվազումը Հայաստան՝ շատ ավելի խոր պատճառներ ունի, քան համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Նրա ներկայացմամբ, տարածաշրջանում տեղի ունեցող ամենափոքր ցնցումն անգամ բացասաբար է անդրադառնում տուրիզմի զարգացման վրա, քանի որ այն «ամենազգայուն» ոլորտն է: Օրինակ, իրենց բիզնեսի վրա շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել մարտիմեկյան իրադարձությունները, քան ցանկացած ճգնաժամ:
Գյումրիի այցելուների քանակը նվազել է նաեւ վրաց-ռուսական հակամարտության պատճառով: «Եթե Վրաստանի չգիտես որ հատվածում ջրհեղեղ լինի, վստահ եղեք, Հայաստանը կկորցնի իր այցելուներին, քանի որ տուրիստների մեծ մասը Հայաստանը առանձին միավոր չի տեսնում, թռիչքը շատ թանկ է, նրանք հիմնականում այցելում են եւ Հայաստան, եւ Վրաստան: Քաղաքական իրավիճակի հետ կապված՝ բազմաթիվ մերժումներ են եղել»,- ասում է Ա. Տեր-Մինասյանը: Նրա կարծիքով, այսօր «տուրինդուստրիայով» ավելի շատ զբաղվում է անհատ բիզնեսմենը, քան պետությունը, մինչդեռ պետությունը՝ իր «դեսպանական թեւերով ու միջոցառումներով», շատ ավելի մեծ մասնակցություն պետք է ունենա միջազգային ասպարեզում երկրի ներկայացման համար: Մասնագետին զարմացնում է այն, որ շատ երկրներում կա մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, իսկ մեր երկիրը բավարարվում է միայն նախարարության կազմում տուրիզմի բաժին ունենալով, որը շատ քիչ հնարավորություններ ունի. «Մեր կառավարությունը որոշել է, որ տուրիզմը առաջնային ճյուղ է, սակայն այս հայտարարությունը չի համապատասխանում արվող գործին: Տուրիզմը առաջնային ճյուղ դարձնելու համար ուժեղ կառույցներ պիտի մարզերում հիմնվեին, լինեին ոչ ձեւական, որոնք ոչ թե խանգարեին տուրիստական բիզնեսի կոնկրետ իրացնողներին, այլ ընդառաջ գնային, տեսնեին, թե ինչ է պետք անել այդ ուղղությամբ: Շիրակի մարզում տուրիզմով զբաղվող բաժին ես չգիտեմ, գուցե որեւէ բաժնի կազմում լինի այդ, բայց գործի առումով չկա, իսկ մենք լուրջ համագործակցության կարիք ունենք: Շիրակի մարզում բազմաթիվ հրաշալի տեսարժան վայրեր ունենք, որոնք ճանապարհների պատճառով անհասանելի են»:
Ա. Տեր-Մինասյանի ներկայացմամբ, մինչ մյուս պետությունները հատուկ ձեւեր են կիրառում իրենց հյուրանոցները լցնելու համար, մեր երկրում հյուրանոցներին հարկախեղդ են անում. «Մենք ստեղծագործելու, մտածելու փոխարեն, թե ինչ բազմազան, գեղեցիկ մշակութային ծրագրեր ապահովենք, որ տուրիստները գան, մեզ մոտ լավ զգան, անընդհատ մտածում ենք նոր հարկատեսակի մասին, ինչպես անել, որ էդ հարկերից ամենամինիմումը տանք, որ գոնե երեք ամիսը մեկ աշխատավարձ տանք մարդկանց կամ ինչպես անենք, որ չկրճատենք: Հարկային փոփոխությունները իբր ի նպաստ միջին եւ փոքր բիզնեսին են, մինչեւ «ի նպաստ» դառնալը հասկանում ենք, որ ժամանակ ենք կորցնում, «էքսպերիմենտի» տեղ ենք դարձել: Իսկ շատ-շատ երկրներում առաջնային ճյուղ ասվածը շատ ավելի ազատ է: Անցած տարի ԱԱՀ-ով աշխատեցինք ու ուղիղ 15% մեր եկամուտներից կորցրինք, որը մեր շահույթն էր, հազիվ կարողացանք ձմեռը դուրս գալ, եւ ձմեռվա դժվար սեզոնին աշխատողները ստացան ցածր աշխատավարձ: Ամեն ինչը արվում է շատ չոր, իբր փոքր ու միջին բիզնեսին աջակցում են, բայց նրանց ճնշելու լավագույն ձեւ է սա: Իսկ Հոլանդիայում, որտեղ մյուս ապրանքների համար ավելացված արժեքի հարկը 19% է, հյուրանոցների համար՝ 6% է»:
Ա. Տեր-Մինասյանը համաձայն չէ նաեւ հայաստանյան բանկերի մասին հաճախ հնչող գովեստի խոսքերին. ըստ նրա, ձեռքի տակ բազմաթիվ բիզնեսային լուրջ ծրագրեր ունենալով, ինքը ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել բանկերի հետ «ճիշտ եւ առողջ» համագործակցություն սկսել, քանի որ բանկերի տոկոսադրույքները չափազանց բարձր են: