ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի հարցի քննարկումը տեւել էր 10-15 րոպե։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» Ստրասբուրգից հեռախոսով հայտնեց. «Քննարկում, որպես այդպիսին, չի ծավալվել: Եվ հիմնականում հանդես են եկել համազեկուցողները, ես եւ ընդդիմության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը»:
Դավիթ Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի իրականացման մասին: Իսկ ԵԽԽՎ մեր պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչն իր շուրջ 5 րոպեանոց ելույթում պնդել է, թե իրականում ոչինչ էլ չի փոխվել՝ Հայաստանում չի ապահովվում մարդկանց արդար դատաքննության իրավունքը, մարտի 1-ի զոհերի համար մինչ օրս որեւէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության եւ այլն:
«Համազեկուցողները նշեցին, որ թեեւ, իրենց կարծիքով, առկա են դրական տեղաշարժեր, այնուամենայնիվ՝ գործընթացը դեռեւս չի կարող համարվել բավարար ինտենսիվությամբ առաջ ընթացող,- պատմեց Դավիթ Հարությունյանը:- Բայց այն, որ դրական նշաններ կան՝ ըստ համազեկուցողների՝ ակներեւ է: Նրանք շարունակելու են հետեւել գործընթացին: Հանձնաժողովը որոշեց հարցին անդրադառնալ հունիսի իր հերթական նիստում, եւ հավանաբար ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում կլինի զեկույց համազեկուցողների կողմից»:
Մեջբերենք հանձնաժողովի նիստից այլ մանրամասներ, որոնք ներկայացրել են Ստրասբուրգում գտնվող «Ա1+»-ի եւ «Ռադիոլուրի» թղթակիցները: Զարուհի Փոստանջյանը մեղադրել է համազեկուցողներին Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին ոչ համարժեք գնահատական տալու մեջ ու նրանց ասել է. «Դուք մեր իշխանությունների նման եք գործում»: Նրա ելույթին առարկել է Ջոն Պրեսկոտը, որն, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի՝ պնդել է. «Բայց չէ՞ որ կասկածներ կան, որ իշխանության զավթման փորձ է եղել: Չէ՞ որ մարդիկ կան, որոնք դատապարտվել են դրա համար»: Զարուհի Փոստանջյանն էլ անմիջապես իր պայուսակից հանել է մարտի 1-ի քրեական գործերի վերաբերյալ նյութեր, որոնք շուրջ 77 էջ են կազմում, ու տրամադրել ներկաներից մի քանիսին:
Հ. Գ. Երեկ Վեհաժողովի նստաշրջանի բացման ժամանակ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչն ասել է. «Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացներն առայժմ մտահոգիչ են»: Նաեւ նշել է, թե այդ երկրներում դեռ բավական անելիք ունեն Մոնիտորինգի եւ Վենետիկի հանձնաժողովները: