Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՁԱՅՆ ԵՎ ՀՈՏՆԿԱՅՍ

Ապրիլ 28,2009 00:00

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այսպես է ընդունվել իրենց հայտարարությունը

կոալիցիային ՀՅԴ մասնակցությունը դադարեցնելու մասին:

Քառակողմ կոալիցիա այլեւս չկա

Կոալիցիայի համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ «Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ»: Ըստ այդմ՝ կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ երեկվա հայտարարությունից հետո՝ կոալիցիայի համաձայնագիրը դադարեցված է, եւ պիտի կնքվի նորը: Սակայն կոալիցիան այդպես չվարվեց անցած անգամ, երբ ՕԵԿ-ը հայտարարեց այդ ձեւաչափից դուրս գալու մասին:

Մինչ կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարելը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ապրիլի 25-ին հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանն այլեւս չէր մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել էր նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: «Առավոտի» հարցին, թե ինչու հարկ չէր համարել մասնակցել ԱԱԽ նիստին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Արդեն հանդիպում ունեցել էի ԱԱԽ նախագահի հետ, եւ որոշումն ընդունել էինք՝ այլեւս կոալիցիայի մեջ չմնալու: Դրա համար պարկեշտ չէր լինի, որ մասնակցեինք մի նիստի, որը պայմանավորված էր իմ՝ կոալիցիայի մեջ լինելու հանգամանքով»: Արձանագրենք՝ որոշումն ընդունվել էր արդեն ապրիլի 25-ին:

Փոխադարձ հաճոյախոսություններ

Սակայն ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին, պաշտոնապես հրապարակվեց միայն երեկ: Հայտարարության մեջ, որպես այս քայլի պատճառ, նշվում են անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններն արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ, եւ մասնավորապես՝ «Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման հարցում»։ Հայտարարելով, թե հետայսու ՀՅԴ-ն գործելու է ընդդիմադիր ուժի կարգավիճակով՝ նշված է, թե իրենց հիմնական առաջնահերթություններից է լինելու «դառնալ իշխանության լիարժեք այլընտրանք՝ բոլոր հիմնահարցերի վերաբերյալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները։ Որպես ընդդիմություն՝ ստանձնել իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու եւ զսպելու դերակատարություն»: ՀՅԴ-ն նաեւ իր կոալիցիոն նախկին գործընկերներին հաջողություն է մաղթել՝ «ի շահ մեր պետության եւ ժողովրդի»։

Պատասխան հայտարարությամբ երեկ երեկոյան հանդես եկան կոալիցիայում մնացած այլ ուժերը, որոնք պնդում են, թե Հայաստանի «արտաքին քաղաքականությունը իրականացվել եւ իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան», նաեւ ողջունում են Սերժ Սարգսյանի քայլերը, «որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»: Կոալիցիոն 3 ուժերն ընդգծել են Հայաստանի իշխանությունների համոզմունքը, «որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի կարեւորությունը»։ Այս հայտարարությունն էլ է ավարտվում հաճոյախոսությամբ, թե հարգանքով են վերաբերվում ՀՅԴ դիրքորոշումներին. «Կարծում ենք, որ հետայսու եւս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ ու համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում»։

ՀՅԴ ղեկավարների պատճառաբանությունները

Այնուամենայնիվ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ զրույցում պնդել է, թե շեղում կա արտաքին քաղաքական ուղեգծից. «Մենք նկատեցինք, որ ցավոք, կարող է կայացվել անսպասելի որոշում, որի մասին տեղեկացված չէինք, եւ բնական է, դրա համար չենք ցանկանում կրել պատասխանատվություն: Այդ առումով, մեր անհամաձայնությունների շրջանակը շատ հստակ մատնանշված է: Մենք մտանք կոալիցիա, որ երկրում կայունությունը պահպանենք, ցնցումներից փրկենք մեր հասարակությանը, եւ դա հաջողվեց: Բայց դա չի նշանակում, որ մենք հավերժական կապանքների մեջ ենք»:

Իսկ Արմեն Ռուստամյանն ասուլիսում նշեց, թե տարաձայնությունները կոալիցիայում միշտ էլ եղել են. «Եվ պարբերաբար խոսել ենք դրանց մասին: Սա ոմանց ջղերի վրա շատ է ազդել, ոմանք փորձել են դա ՀՅԴ-ի պոռոտախոսություն անվանել կամ հոխորտանք, մյուսները՝ քարոզչական հնարք, որ ՀՅԴ-ն անընդհատ բանեցնում է ընտրություններից առաջ: Ես կարծում եմ՝ այս փաստը շատ հստակ ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն իր տեսակը չփոխելու խնդիր միշտ ունեցել է եւ ունի: ՀՅԴ-ին ճանաչում են մի քանի կոնկրետ հարցերով՝ մանավանդ ազգային հարցերով, իր մյուս գաղափարական մոտեցումներով. այդ հարցերը մեզ համար սրբության սրբոցն են: Եվ սրանց հետ կապված փոփոխություն ՀՅԴ-ն թույլ չի տվել եւ թույլ չի տա»: Ընդգծեց՝ «ՀՅԴ-ն շատ բաների հետ կարող է համակերպվել, բայց ոչ իր համար սրբազան սկզբունքների եւ գաղափարների հետ կապված հարցերի մասով»:

Սակայն արդյոք նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք իրոք հավաստիացե՞լ են, թե կա ուղեգծի փոփոխություն: «Առավոտի» խնդրանքով պատմելով այդ հանդիպման մասին՝ պրն Ռուստամյանն ասաց. «Նախագահը մեզ հավաստիացրել է, որ նա շարունակելու է նույն տրամաբանությամբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, այսինքն՝ առանց նախապայմանների, փորձելով դա կատարել ողջամիտ ժամկետներում, որեւէ կապ թույլ չտալ, որպեսզի առաջանա Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ, Ցեղասպանության խնդիրը որեւէ կերպ կասկածանքի տակ չի դրվելու»:

«Սաբահ» թերթի հրապարակման մեջ շարադրված «Ճանապարհային քարտեզի» սկզբունքների կապակցությամբ պրն Ռուստամյանը փոխանցեց. «Նախագահն ասում է, որ նման բան չկա եւ կապ չունի այն բանակցությունների հետ, որ նա ունեցել է մինչեւ հիմա, կամ՝ որ արտգործնախարարներն են ունեցել։ Ես չեմ էլ կասկածում, որ դա այդպես լինի, որովհետեւ թուրքական դիվանագիտության նրբերանգներին ծանոթ մեկը գիտի, որ փորձարկման համար միշտ կարող են այդպիսի մոտեցումներ լինել»։ Ի դեպ, նշեց, թե տվյալ դեպքում «Ճանապարհային քարտեզը շատ ճոխ արտահայտություն է: Այդպես մանրամասն, մանրակրկիտ չէ, ինչպես պատկերացնում են թուրքերը՝ մտադրությունների մասին է, ընդհանուր առմամբ: Այդքանը: Բնականաբար, մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները, եւ հստակ ասվել է, որ այդուամենայնիվ՝ այդ հայտարարությունն ընդունելու համատեքստը եւ օրը շատ սխալ են ընտրված, եւ մենք մնում ենք մեր կարծիքին»: Արմեն Ռուստամյանն ասաց, թե իրենց չեն բավարարել նախագահի հավաստիացումները:

Արձագանքներ ՀՅԴ հայտարարությանը

«Բարի եկան»,- «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է ողջունել ՀՅԴ մուտքն ընդդիմադիր դաշտ՝ այս քայլը համարելով մի քիչ ուշացած, բայց կուսակցության սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ՀՅԴ-ի դուրս գալով՝ կոալիցիան կթուլանա. «Թուլանում են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ կոալիցիան: Ո՞նց կարող ենք մենք թերագնահատել Դաշնակցությանը»: Այնուամենայնիվ, պնդել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման չկա. «Եթե որեւիցե նախապայման լինի՝ նույն քայլին կդիմի ԲՀԿ-ն»:

Այս ֆոնին փոքր-ինչ տարբերվում էին ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի մեկնաբանությունները «Հայացք» ակումբում: Նա ՀՅԴ հայտարարության առաջին պատճառը համարեց «սփյուռքահայության ճնշումներն ու տարակուսանքը», որոնք փարատել «ՀՅԴ-ն կա՛մ չկարողացավ, կա՛մ չուզեցավ տեղեկատվական, լուսավորչական աշխատանք տանել սփյուռքում»: Երկրորդ պատճառը, նրա ենթադրությամբ, հետեւյալն է, թե՝ քանի որ արտաքին քաղաքականության այս փոփոխությունները տեղի են ունենում ամերիկյան հովանու ներքո՝ «Գուցե ՀՅԴ-ն չի կիսում ամերիկյան վեկտորի ուժեղացումը Հայաստանի արտաքին քաղաքական գործողությունների մեջ եւ արտաքին քաղաքականության փոփոխության պատճառ է այստեղ որոնում, որպեսզի հիմնավորի աշխարհաքաղաքական իր այլ նախընտրությունները»: Եվ երրորդ պատճառը՝ ըստ Աշոտյանի. «ՀՅԴ-ն փորձում է դրական տեղեկատվական եւ հիմնավորվածությունների դաշտում դուրս գալ իշխանությունից, որպեսզի մինչեւ հաջորդ ընտրությունները փորձի իր իմիջից մաքրել իշխանական կուսակցության կերպարը եւ 2012-ի ընտրություններում հանդես գալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Ակնհայտ է, որ հայ-թուրքական համաձայնագիրը լավ առիթ է դուրս գալու ոչ թե ներքաղաքական պատճառներով, դուրս գալու ոչ թե պաշտոնների չբավարարված բաժանման պատճառներով, այլ՝ դուրս գալ հենց ազգային-գաղափարական հիմնավորվածությամբ: Հետեւաբար՝ ավելի դրական ընկալվել հասարակության մեջ այս քայլով եւ փորձել այս 3 տարիների ընթացքում ապաիշխանավորվել իրենց կերպի մեջ»: Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ ասաց, թե երբ էլ դուրս գային՝ մի բան ասելու էին. «Իրականությունը եթե չեն ուզում ներկայացնել՝ դա իրենց ձեռք չի տալիս, մնացածը իրականությունից կտրված՝ հակաքարոզչական մեթոդներ են»:

Հ. Գ. ՀՅԴ-ն արդեն «ապաիշխանավորվում» է՝ հրաժարվելով կոալիցիայի համաձայնագրով իրեն գործադիր ու օրենսդիր մարմիններում վերապահված քաղաքական եւ հայեցողական պաշտոններից։ Մասնավորապես, երեկ, օրվա ավարտին, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը կարդաց ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի, մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Աղաբեկյանի հրաժարականները: ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում նրանք գրավոր դիմումով հետ չվերցնեն իրենց դիմումները, նրանց  հրաժարականը համարվում է ընդունված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել