Վստահ են Հայ ազգային կոնգրեսում
Երեկ իշխանությանը մաս կազմող կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, հայտարարեց կոալիցիայից դուրս գալու եւ տարբեր պաշտոններից իր ներկայացուցիչներին ետ կանչելու որոշման մասին: Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ որոշումը համարեց «ուշացած եւ սկզբունքային», նաեւ չբացառեց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության հնարավորությունը: Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության միջեւ համագործակցությունը բացառեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Սակայն Կոնգրեսին մաս կազմող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը երեկ կարծիք հայտնեց, թե Դաշնակցությունը նման որոշման համար բավարար հիմքեր ունի, իսկ «ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ Կոնգրեսը եւ ՀԺԿ-ն պատրաստ են համագործակցել ամենատարբեր ուժերի հետ»: Որքան հասկանալի եղավ ՀՅԴ որոշման եւ այդ կուսակցության ու ՀԱԿ-ի միջեւ հնարավոր համագործակցության վերաբերյալ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին ուղղված մեր հարցի պատասխանից, Ստ. Դեմիրճյանը, թերեւս, շտապել է գոնե Կոնգրեսի անունից նման հայտարարություն անել: Բանն այն է, ոչ միայն հնարավոր համագործակցության, այլեւ ՀՅԴ որոշման վերաբերյալ ՀԱԿ-ում, գոնե առայժմ, ոչ ոք մտադիր չէ մեկնաբանություններ անել: Կոնգրեսում, ի տարբերություն քաղաքական այլ գործիչների կամ ՀՅԴ-ի, չեն համարում, որ այդ որոշմամբ Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն ու առավել եւս՝ կարող է Երեւանի ավագանու ընտրություններում հավակնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները խլելուն: Այդ հնարավորությանը Կոնգրեսում հումորով են վերաբերվում:
ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս ձեռնպահ մնաց մեկնաբանել ՀՅԴ-ի որոշումն ու առավել եւս՝ նրա հետ Կոնգրեսի հնարավոր համագործակցության հարցը՝ ասելով, թե դրանց առնչությամբ Կոնգրեսում քննարկում չի եղել, ու ինքը չի կարող պատասխանատու հայտարարություններ անել: Պարոն Սարգսյանը միաժամանակ հավելեց, թե իր անձնական վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ նույնն է, ինչ եղել է 1999-ից ի վեր: Ա. Սարգսյանը չի հավատում ՀՅԴ-ի անկեղծությանը: Ըստ նրա, մի կուսակցություն, որը 11 տարի շարունակ կանգնած է եղել գործող իշխանությունների կողքին՝ նրանց հետ կիսելով այդ իշխանության պատասխանատվությունը երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների եւ վարած արտաքին քաղաքականության համար, ու հիմա էլ հայտարարում է, թե իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ՝ նրանց հրաժարականը չի պահանջելու, չի կարող իրեն ընդդիմություն համարել ու առավել եւս՝ ակնկալել մեր հասարակության ընդդիմադիր ընտրազանգվածի քվեներին:
Պարոն Սարգսյանի համոզմամբ, ՀՅԴ-ի ընտրազանգվածը կայուն ընտրազանգված է, եւ այն չի կարող ավելանալ: Առավելագույնը, ինչ կարող է ակնկալել ՀՅԴ-ն իր այս որոշումից հետո, այն է, որ անցած տարիներին այդ կուսակցությունից հիասթափված եւ հրաժարված ընտրողների գոնե մի մասը, որը քվեարկելու էր ընդդիմության օգտին, այս դեպքում կարող է վերանայել իր դիրքորոշումը: Բայց դա, Ա. Սարգսյանի համոզմամբ, էլի չի կարող էական ազդեցություն ունենալ Կոնգրեսի օգտին քվեարկողների թվաքանակի վրա:
«Հանրապետության» նախագահը միաժամանակ կարծիք հայտնեց, թե չի հավատում ՀՅԴ-ի՝ իշխանական կերակրատաշտից հրաժարվելու պատրաստակամության անկեղծությանը: Ըստ նրա, սույն կուսակցության այդ որոշումը ավելի հեռահար նպատակներ ունի, որոնք մատնանշելուց պարոն Սարգսյանը ձեռնպահ մնաց:
Մեր հարցին, թե ՀՅԴ-ն սկզբունքային էր՝ դրա՞ համար լքեց կոալիցիան, թե՞ հետին կամ հեռահար նպատակներ ուներ, ինչպես, օրինակ՝ ՕԵԿ-ը, որը նախագահական ընտրություններից առաջ դուրս եկավ կոալիցիայից, որպես ընդդիմություն մասնակցեց ընտրություններին, ու հետո վերադարձավ կոալիցիայի գիրկը, Կոնգրեսին մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Նախ՝ ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ ՀՅԴ-ն սկզբունքային էր, դրա՞ համար դուրս եկավ իշխանական կոալիցիայից, թե՞ այլ նպատակներ ունի, որովհետեւ դա ի հայտ կգա ու պարզ կդառնա շատ շուտով: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ իշխանական կոալիցիան այսպիսով ճաք տվեց, եւ նրա մեկ քառորդը հրաժարվեց իրագործել կամ այլեւս չի ծառայում այն միասնական ծրագրերի իրագործմանը, որոնց մասին հայտարարել էին իշխանությունները կամ այդ կոալիցիայի մնացած 75 տոկոսը: Ես համոզված եմ, որ իշխանության փլուզումը շարունակություն է ունենալու»: